Մինչև 2 տարվա էլեկտրամոբիլներ՝ առանց ԱԱՀ․ նոր նախագիծ է շրջանառվել

Գևորգ Թոսունյան
Էկոնոմիկայի նախարարությունը առաջարկում է 2026 թվականից ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատել մինչև երկու տարվա էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը և օտարումը։ Նախագիծը շրջանառության մեջ է դրվել Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում, այսինքն՝ այն դեռ չի հաստատվել ոչ կառավարության, ոչ էլ Ազգային ժողովի կողմից։
Ըստ նախագծի՝ առաջարկվում է ԱԱՀ արտոնությունը երկարաձգել ևս երկու տարով՝ մինչև 2028 թվականի հունվարի 1-ը՝ սահմանելով արտոնություն այն էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման կամ օտարման նկատմամբ, որոնց թողարկման պահից անցել է ոչ ավելի, քան երկու տարի։
Նախարարությունը շեշտում է, որ էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումը և շահագործման խթանումը համահունչ են կանաչ տնտեսության նպատակներին։
«Նկատվում է քաղաքներում ածխաթթու գազի արտանետումների զգալի կրճատում և քաղաքային աղտոտվածության մակարդակի նվազում»,- նշված է նախագծում։
Նախագծում նաև նշվում է, որ 2024 թվականի հունիսի դրությամբ, ՆԳՆ կողմից տրամադրված տվյալների համաձայն, Հայաստանում հաշվառվել է 10,801 թեթև մարդատար էլեկտրամեքենա, 94 բեռնատար, 1 ավտոբուս, 13 մոպեդ և 5 մոտոցիկլետ։
Ըստ նույն աղբյուրի՝ էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների 55%-ը կազմում են մինչև 3 տարեկան, 32%-ը՝ 4-ից 10 տարեկան, իսկ 13%-ը՝ 10 տարեկանից մեծ մեքենաներ։
Կառավարության՝ նախորդ տարվա որոշումը
2024 թվականին կառավարությունը որոշեց տուրքից ազատել էլեկտրամոբիլների ներմուծումը։ Քվոտավորման մեխանիզմը, սակայն, փոփոխության է ենթարկվել։ Չնայած խմբաքանակը՝ 8,000 միավոր, պահպանվել է, դրա բաշխումն այլ կերպ է իրականացվում։
«2025-ի քվոտաները բաժանվելու են հետևյալ տրամաբանությամբ. 5,000-ը՝ քաղաքացիներին, 3,000-ը՝ դիլերներին՝ այն պաշտոնական ներկայացուցիչներին, որոնք տրամադրում են սպասարկման ծառայություններ»,- հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գույքահարկի խնդիրը մնում է չլուծված
Չնայած կառավարությունը խթանում է էլեկտրամոբիլների ներմուծումը, գույքահարկի հարցը դեռևս կարգավորված չէ։ Տրանսպորտի ոլորտի մասնագետներն ընդգծում են, որ ձիաուժերի հիման վրա հարկումը արդար չի համարվում էլեկտրամոբիլների պարագայում։
2025 թվականի հունվարին Ֆինանսների նախարարությունը ՍիվիլՆեթին հայտնել էր, որ ավարտել է հարկման ընթացակարգերի վերանայման ուսումնասիրությունը։ Նշվել էր, որ ձևավորվել են նախնական առաջարկներ, որոնք այժմ քննարկման փուլում են։
Ավելի վաղ՝ 2024-ի հոկտեմբերի 10-ին կառավարության նիստում նախարար Վահե Հովհաննիսյանը նշել էր, որ տրանսպորտային միջոցների հարկման հիմքը շարժիչի հզորությունն է՝ որքան բարձր է այն, այնքան մեծ է հարկը։ Այդ մոտեցումը վերաբերում է նաև էլեկտրամոբիլներին։ Նախարարը նաև հաստատել էր, որ քաղաքացիներն արտահայտել են դժգոհություն, և նախարարությունը խոստացել է մինչև տարեվերջ հանդես գալ «ավելի արդար առաջարկով»։
«Հաշվարկման սկզբունքը հիմնված է ձիաուժերի վրա, և էլեկտրամոբիլների որոշ տեսակներ ունեն շատ բարձր հզորություն։ Կարծում եմ՝ մինչև տարվա վերջ կամփոփենք ուսումնասիրությունը և կառաջարկենք նոր մեխանիզմ, որն ավելի արդար կլինի այս նոր իրողությունների պայմաններում»,- ընդգծել էր Վահե Հովհաննիսյանը։
Civilnet










