Գլխավոր Լրահոս

Մարդուն խոշտանգել են ու նսեմացրել, ի՞նչն եք մեկ տարի փորձաքննում․ պատգամավորը՝ գլխավոր դատախազին

Մարդուն խոշտանգել են ու նսեմացրել, ի՞նչն եք մեկ տարի փորձաքննում․ պատգամավորը՝ գլխավոր դատախազին

Գևորգ Թոսունյան

Ընդդիմադիր հայացքներ ունեցող Սամվել Վարդանյանին ձերբակալման վայր տեղափոխելու ընթացքում ենթադրաբար խոշտանգած և նսեմացրած անձինք մեկ տարի անց դեռևս հայտնաբերված չեն։ Այս մասին ապրիլի 25-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ արձագանքելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի բացատրությանը, թե կատարվում է փորձաքննություն։

«Ես ունեմ լուսանկարներ։ Երիտասարդին ակնհայտ ծնկաչոք վիճակում նստեցրել են խոտին, տաբատը իջեցրել են, թքել են վրան ու խոշտանգել։ Ի՞նչ փորձաքննություն է պետք այս ամենին։ Ի՞նչ անհասկանալի բան կա, որ արդեն մեկ տարի է անցել, բայց Երևանում գործած այս հանցախումբը չի բացահայտվել։ Նրանք գործել են ազատ և բանուկ հատվածում»,- հայտարարեց Թովմասյանը։

2024-ի ապրիլի 16-ին հանրային տրանսպորտում միջադեպ էր տեղի ունեցել Սամվել Վարդանյանի և այն ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջև։ Վարդանյանը վերջինիս անվանել էր «հակահայ վիժվածք»։

Միջադեպից հետո Վարդանյանը ձերբակալվել էր։ Ավելի ուշ նրա փաստաբանները հայտնել էին, որ Վարդանյանին Քննչական կոմիտեից ձերբակալվածների պահման վայր տեղափոխելիս դաժան խոշտանգումների են ենթարկել։

Ըստ փաստաբան Հովհաննես Խուդոյանի՝ խոշտանգումը եղել է նախապես կազմակերպված, իսկ հանցագործներին աջակցել են հենց ոստիկանները։ Մինչ օրս խոշտանգող անձինք չեն հայտնաբերվել։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն արձագանքեց պատգամավոր հայարարությունը՝ նշելով, որ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

«Նշանակվել են երեք փորձաքննություններ դեռևս 2024-ի մայիսին, որոնց արդյունքները դեռ չենք ստացել։ Մինչև այդ արդյունքները չստանանք, չենք կարող հիմնվել միայն լուսանկարների վրա, որտեղ, օրինակ, պատկերված է տաբատ՝ ենթադրյալ խոտի հետքերով։ Չենք կարող պնդել, թե այդ հետքերը առաջացել են այն մեխանիզմով, որը նկարագրում է տուժածը»,- ամփոփեց Վարդապետյանը։

Խոշտանգման դեպքերի մտահոգիչ վիչակագրությունը

Վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանում խոշտանգման վերաբերյալ ստացվել է 859 հաղորդում, որոնց հիման վրա հարուցվել է 784 քրեական վարույթ, իսկ 75-ով կայացվել է քրեական վարույթը մերժելու որոշում։ Այս մասին ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են դատախազությունից։ Սակայն այս տվյալներում աչքի է ընկնում մի ուշագրավ հանգամանք՝ հարուցված գործերից կեսից ավելին 630-ը նախաքնության փուլում մերժվել է։ Այս տվյալը, թեև գլխավոր դատախազությունը չի տվել, սակայն մենք պարզեցինք մեր աղբյուրներից։

Նախաքննությունը շարունակվում է ընդամենը 146 վարույթով։ Այս 784 վարույթներից միայն 8 գործ է դատարան ուղարկվել մեղադրական եզրակացությամբ, իսկ 3 քրեական գործով 4 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ։

ՍիվիլՆեթը հարցմամբ հետաքրքրվել էր հենց ոստիկանների կամ ոստիկանության բաժանմունքներում խոշտանգման դեպքերի մասին, սակայն դատախազությունից հայտնել են, որ «նախաքննության փուլում գտնվող վարույթներով անձանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդում առկա չէ»։ Դատախազության տրամադրած տվյալները վերաբերում են ընդհանուր հանցագործությունների վիճակագրությանը, այդ թվում՝ ոստիկանների կողմից։

Հանրային ուշադրությունն այս խնդրին սևեռվեց նաև 2025-ի մարտի 17-ին՝ փաստաբան Ռոման Երիցյանի Ֆեյսբուքում հրապարակած գրառմամբ, որը վերաբերում էր Տիգրան Ուլուբաբյանի՝ Լոռու մարզային ոստիկանության բաժնում ենթադրյալ խոշտանգմանը և վիրավորանքներին։ Դեպքը լայն հնչեղություն ստացավ մի շարք լրատվամիջոցների շնորհիվ։

ՍիվիլՆեթն ուսումնասիրել է նաև այլ աղբյուրներ, մասնավորապես՝ Մարդու իրավունքների պաշտպանի 2024 թվականի զեկույցը, որտեղ նշվում է, որ միայն այդ տարի ոստիկանների կողմից բռնության դեպքերով նախաձեռնվել է 224 քրեական վարույթ։ Դրանցից 115-ը վերաբերում է խոշտանգումներին, իսկ 109-ը՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումներին, որոնք ուղեկցվել են բռնությամբ կամ դրա սպառնալիքով։

ՄԻՊ-ի զեկույցում նշված է, որ իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։

«Քրեակատարողական հիմնարկներ կատարված մշտադիտարկման այցերի ընթացքում նույնպես տեղեկություններ են ստացվել ազատությունից զրկված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորումների վերաբերյալ»,- ասված է զեկույցում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում