Թրամփը կարծում է, որ Զելենսկին պատրաստ է Ղրիմը «զիջել» Ռուսաստանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է Ղրիմը զիջել Ռուսաստանին՝ որպես խաղաղության համաձայնագրի մաս։ Այս մասին Թրամփը հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ՝ Վատիկանից վերադառնալուց հետո, որտեղ նա կարճ հանդիպում է ունեցել Զելենսկու հետ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությունից առաջ։
BBC-ի հաղորդմամբ, լրագրողի հարցին, արդյոք Ուկրաինայի նախագահը պատրաստ է զիջել իր հարավային թերակղզու վերահսկողությունը, որը 2014-ին բռնակցվել էր Ռուսաստանին, Թրամփը պատասխանել է. «Կարծում եմ՝ այո»։
Թրամփն ասել է, որ Վատիկանում Զելենսկու հետ հանդիպումը «լավ է անցել», և Ղրիմի հարցը քննարկվել է «շատ կարճ»։
ԱՄՆ նախագահը նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է կոչով դիմել՝ «դադարեցնել կրակոցները, նստել և ստորագրել համաձայնագիր»՝ մարտական գործողություններին վերջ դնելու համար։ Ըստ Թրամփի, դա կարող է տեղի ունենալ երկու շաբաթվա ընթացքում։
Օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ, եթե հնարավոր չէ ավարտել պատերազմն Ուկրաինայում, Միացյալ Նահանգները «պետք է հրաժարվի իր ջանքերից և շարժվի առաջ»:
Թրամփ-Զելենսկի նախորդ հանդիպումն ացել էր լարված մթնոլորտում՝ Սպիտակ Տանը։ Թրամփը Զելենսկուն վերջնագիր էր ներկայացրել։ Ուկրաինայի նախագահը վաղաժամ լքել էր Սպիտակ Տունը։
Civilnet










