Ֆոնդային բորսայում պետական պարտատոմսերի 100 մլրդ դրամի տեղաբաշխում է տեղի ունեցել

Հայաստանի ֆոնդային բորսայում ապրիլի 29-ին տեղաբաշխվել են 100 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսեր, որոնք, ըստ Բորսայի մամուլի հաղորդագրության, համարվում են «ռեկորդային» ցուցանիշ:
Համաձայն հաղորդագրության` պահանջարկը ավելի քան կրկնակի գերազանցել է տեղաբաշխման ծավալը՝ կազմելով շուրջ 221,5 մլրդ դրամ: «Այսպիսի ցուցանիշները աննախադեպ են Հայաստանի ֆոնդային բորսայի պատմության մեջ թե՛ պետական պարտատոմսերի տեղաբաշխման ծավալի, թե՛ ներդրումային հետաքրքրության տեսանկյունից», - ասված է հաղորդագրության մեջ։
Աճուրդի շրջանակներում տեղաբաշխվել են տարբեր ժամկետայնությամբ հինգ տեսակի պարտատոմսեր։ Ամենամեծ ծավալը և ներդրողների հետաքրքրությունը գրանցվել է 11-ամյա ժամկետայնությամբ պարտատոմսերի նկատմամբ, որոնց տեղաբաշխված ծավալը կազմել է 40 մլրդ դրամ՝ 94 մլրդ դրամի պահանջարկի պայմաններում։ Այս պարտատոմսերի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 9,8%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 9%։
Հաջորդ երկու խոշոր տեղաբաշխումները եղել են հինգ և երեք տարի մարման ժամկետով պարտատոմսերը՝ յուրաքանչյուրը 20 մլրդ դրամի ծավալով։ Հնգամյա պարտատոմսերի պահանջարկը կազմել է 30 մլրդ դրամ, միջին կշռված գնի եկամտաբերությունը՝ 9,7%, արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 8.6%։ Միևնույն ժամանակ եռամյա պարտատոմսերի պահանջարկը կազմել է 36 մլրդ դրամ, միջին կշռված գնի եկամտաբերությունը՝ 9,49%, արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 8,4%։
Մնացած երկու տեսակի պարտատոմսերը՝ կրկին հնգամյա և եռամյա ժամկետով, տեղաբաշխվել են յուրաքանչյուրը 10 մլրդ դրամի ծավալով, սակայն դրանց նկատմամբ պահանջարկը կազմել է համապատասխանաբար 31 և 30 մլրդ դրամ։ Հնգամյա պարտատոմսերի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 9,7%, արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 8.6%, իսկ եռամյա պարտատոմսերի միջին կշռված գնի եկամտաբերությունը՝ 9,3%, արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 8.4%։
Հարկ է նշել, որ պետական պարտատոմսերի թողարկումը ֆինանսական միջոցներ ներգրավելու արդյունավետ գործիք է, որը սովորաբար ուղղվում է պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը՝ ընթացիկ ծախսերը կատարելու, ինչպես նաև նախկինում վերցված պարտքը կամ դրա մի մասը մարելու նպատակով։ Այս գործիքը Հայաստանի կառավարությունը պարբերաբար կիրառում է՝ համալրելով պետական բյուջեն։
Դրա հետ մեկտեղ ներքին շուկայից ներգրավված ֆինանսավորումն ունի իր առանձնահատկությունները։ Թեև դրամով թողարկված պարտատոմսերի տոկոսադրույքները սովորաբար ավելի բարձր են քան արտաքին պարտքինը, սակայն դրանք զերծ են արտարժույթի փոխարժեքի տատանումների ռիսկերից, ինչը, ըստ փորձագետների, երկարաժամկետ հեռանկարում կարող է դրական ազդեցություն ունենալ երկրի ֆինանսական կայունության վրա։
Այս տարվա մարտի 5-ին Հայաստանի կառավարությունը Լոնդոնի բորսայում արդեն իսկ տեղաբաշխել էր 750 մլն դոլարի եվրապարտատոմսեր՝ 7,1% տարեկան եկամտաբերությամբ, որի նկատմամբ ներդրողների հետաքրքրությունը գերազանցել էր ավելի քան եռապատիկ՝ հասնելով 2,6 մլրդ դոլարի։
Ֆինանսների նախարարության հաղորդմամբ, պարտատոմսերի 10-ամյա մարման ժամկետով թողարկումը նախատեսված էր 2025-ի պետական բյուջեի մասին օրենքով։ Պարտքային միջոցներն ուղղվելու են պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը, որը կազմել է ավելի քան 600 մլրդ դրամ (ավելի քան 1,5 մլրդ դոլար)՝ ՀՆԱ-ի 5,5%-ի չափով։
Ֆինանսների նախարարության տվյալներով` 2024-ի վերջի դրությամբ ՀՀ ընդհանուր պետական պարտքը կազմել է 12,8 մլրդ դոլար՝ նախորդ տարի աճելով 8,4%-ով (1 մլրդ դոլար): Պարտքը հավասարապես բաշխված է արտաքին և ներքին բաղադրիչների միջև՝ յուրաքանչյուրը մոտ 6,4 մլրդ դոլար: 2024-ի տարեվերջին պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 52,1%:
Անցյալ տարի աճի դինամիկան հիմնականում պայմանավորված է ներքին պարտքի 19,5% ավելացմամբ, մինչդեռ արտաքին պարտքն էական փոփոխության չի ենթարկվել: Արտաքին պարտքից 5,9 մլրդ դոլարը կառավարության պարտավորություններն են, իսկ 504 մլն դոլարը՝ Կենտրոնական բանկի:
Ֆինանսների նախարարության տվյալների համաձայն՝ 2025 թվականին պետական պարտքի մարման և սպասարկման ընդհանուր ծախսերը կկազմեն 1,17 տրլն դրամ կամ մոտ 2,9 մլրդ դոլար: Այս գումարից 723 մլրդ դրամը 1,8 մլրդ դոլարը կուղղվի հիմնական պարտքի մարմանը, իսկ 394.1 մլրդ դրամը կամ ավելի քան 1 մլրդ դոլարը՝ տոկոսների վճարմանը:
Թեմա
Civilnet










