Գլխավոր Լրահոս

Հայաստանը բյուջեի մեծ դեֆիցիտը մասամբ կփակի եվրապարտատոմսերով

Հայաստանը բյուջեի մեծ դեֆիցիտը մասամբ կփակի եվրապարտատոմսերով

Արշալույս Մղդեսյան

Հայաստանը մարտի 5-ին Լոնդոնի բորսայում տեղաբաշխել է 750 մլն դոլարի եվրապարտատոմսեր՝ 7,1% տարեկան եկամտաբերությամբ, որի նկատմամբ ներդրողների հետաքրքրությունը գերազանցել է ավելի քան եռապատիկ՝ հասնելով 2,6 մլրդ դոլարի:

Ֆինանսների նախարարության հաղորդմամբ, պարտատոմսերի 10-ամյա մարման ժամկետով թողարկումը նախատեսված էր 2025-ի պետական բյուջեի մասին օրենքով: Պարտքային միջոցներն ուղղվելու են պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը, որը կազմել է ավելի քան 600 մլրդ դրամ (ավելի քան 1,5 մլրդ դոլար)` ՀՆԱ-ի 5,5%-ի չափով:

Սա կապիտալի միջազգային շուկայում հայկական եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է: Հայաստանն առաջին անգամ եվրապարտատոմսեր էր թողարկել 2013-ին, երբ միջոցների մեծ մասն ուղղվեց Ռուսաստանից ստացած 500 մլն դոլար վարկի մարմանը: Վերջին թողարկումը տեղի է ունեցել 2021-ին՝ նույնպես 750 մլն դոլար ծավալով, սակայն զգալիորեն ավելի ցածր՝ 3,6% եկամտաբերությամբ:

Եվրապարտատոմսերի ներկայիս արժեկտրոնի եկամտաբերությունը կազմում է 6,75%:

Հայաստանի պետական պարտքը

ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում պարտատոմսերի տեղաբաշխումը գնահատում է որպես «նորմալ»` նշելով, որ պահանջարկը գերազանցել է առաջարկը մի քանի անգամ՝ հասնելով 2,6 մլրդ դոլարի:

Ֆինանսների նախարարության տվյալների համաձայն՝ 2025 թվականին պետական պարտքի մարման և սպասարկման ընդհանուր ծախսերը կկազմեն 1,17 տրլն դրամ կամ մոտ 2,9 մլրդ դոլար: Այս գումարից 723 միլիարդ դրամը 1,8 մլրդ դոլարը կուղղվի հիմնական պարտքի մարմանը, իսկ 394.1 միլիարդ դրամը կամ ավելի քան 1 մլրդ դոլարը՝ տոկոսների վճարմանը:

«2025 թվականի եվրապարտատոմսերի թողարկման կարևոր նպատակներից մեկը 2015-ի մարտի 26-ին թողարկված 500 մլն դոլարի եվրապարտատոմսերի մարումն է, որից 313 մլն դոլարը դեռ շրջանառության մեջ է: Հետևաբար, նոր թողարկման գումարի 313 մլն դոլարն ուղղվելու է 2015-ի թողարկման մարմանը, իսկ մնացած մասը՝ բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը»,- նշում է Ֆանյանը:

Այն, որ Հայաստանն այժմ եվրապարտատոմսեր է թողարկում 7,1%, որպեսզի մարի ավելի վաղ ու ավելի էժան վերցրած վարկերը, ինչը խոսում է երկրի պարտքի կամ դրա մի մասի թանկացման մասին: 

Ֆանյանը նշում է, որ այս աճը բնական է և այն բացատրում է միջազգային կապիտալի շուկաներում պարտատոմսերի գների աճով: «Հայաստանի պարագայում դա հատկապես վերաբերում է ԱՄՆ-ի պարտատոմսերին, որոնք 2021-ին շատ ավելի ցածր էին: Եթե համեմատենք 2021-ի և 2025-ի ցուցանիշները, ապա Հայաստանի պարագայում կարևոր է նշել, որ գրեթե չի փոխվել ռիսկի պրեմիան, որը երկրի վարկունակության կարևոր ցուցանիշ է»,- նշում է Ֆանյանը:

Պարքտի աճի դինամիկան

Ֆինանսների նախարարության տվյալներով` 2024-ի վերջի դրությամբ ՀՀ ընդհանուր պետական պարտքը կազմել է 12,8 մլրդ դոլար՝ նախորդ տարի աճելով 8,4%-ով (1 մլրդ դոլար): Պարտքը հավասարապես բաշխված է արտաքին և ներքին բաղադրիչների միջև՝ յուրաքանչյուրը մոտ 6,4 մլրդ դոլար: 2024-ի տարեվերջին պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 52,1%:

Անցյալ տարի աճի դինամիկան հիմնականում պայմանավորված է ներքին պարտքի 19,5% ավելացմամբ, մինչդեռ արտաքին պարտքն էական փոփոխության չի ենթարկվել: Արտաքին պարտքից 5,9 մլրդ դոլարը կառավարության պարտավորություններն են, իսկ 504 մլն դոլարը՝ Կենտրոնական բանկի:

Կառավարությունը վերջին տարիներին նախապատվություն է տալիս գանձապետական պարտատոմսերի թողարկմանը, որոնք հիմնականում ձեռք են բերում ՀՀ ռեզիդենտները: Թեև ներքին պարտքը նվազեցնում է փոխարժեքային ռիսկերը, դրա սպասարկումն էականորեն ավելի թանկ է՝ 10,6% տոկոսադրույքով, համեմատած արտաքինի 3,5%-ի հետ:

Պարտքային միջոցների ներգրավման քաղաքականության շրջանակում, ըստ ֆինանսների նախարարության կանխատեսումների, կառավարության պարտքը 2025 թվականին կհասնի ՀՆԱ-ի 56,5%-ի, իսկ պարտքի ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 6,2 տրլն դրամ (մոտ 16 մլրդ դոլար)։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում