Գլխավոր Լրահոս

Էկոնոմիկայի նախարարը մոլորեցնում է հանրությանը պետական պարտքի մասին

Էկոնոմիկայի նախարարը մոլորեցնում է հանրությանը պետական պարտքի մասին

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 14-ին սոցիալական ցանցերում տարածած տեսանյութում հայտարարել է, որ Հայաստանի արտաքին պարտքը 5,962 մրդ դոլար է՝ հերքելով 12 մլրդ դոլարի մասին տեղեկությունները:

«Սիրելի հայրենակիցներ, ՀՀ արտաքին պարտքը 12 մլրդ դոլար չէ, ՀՀ արտաքին պարտքը 5,962 մլրդ դոլար է»,- հայտարարել է նախարարը՝ նշելով, որ 12 մլրդ-ի մասին խոսողները «կա՛մ տեղեկացված չեն, կա՛մ միտումնավոր մանիպուլյացիա են անում»:

#CivilNetCheck-ը ուսումնասիրել է պաշտոնական տվյալները և պարզել, որ նախարարի հայտարարությունը մոլորեցնող է և չի արտացոլում իրական պատկերը:

Որքա՞ն է իրականում Հայաստանի պետական պարտքը

Ֆինանսների նախարարության պաշտոնական տվյալների համաձայն՝ 2024-ի տարեվերջի դրությամբ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը կազմել է 12,8 մլրդ ԱՄՆ դոլար։ Այս գումարը ներառում է և՛ արտաքին, և՛ ներքին պետական պարտքը։Արտաքին պետական պարտքը մոտ 6,4 մլրդ դոլար է, որից 5,9 մլրդ դոլարը կառավարության արտաքին պարտքն է, իսկ 504 մլն դոլարը՝ Կենտրոնական բանկի: Ներքին պետական պարտքը հասնում է գրեթե 6,4 մլրդ դոլարի:

2024-ի ընթացքում Հայաստանի ընդհանուր պետական պարտքն աճել է շուրջ 1 մլրդ դոլարով կամ 8,4%-ով: Ուշագրավ է, որ այս աճը գրեթե ամբողջությամբ պայմանավորված է ներքին պարտքի ավելացմամբ, որը 2024-ին կազմել է 19,5%-ով: Միևնույն ժամանակ արտաքին պարտքը էական փոփոխություն չի կրել:

Այս միտումը պայմանավորված է կառավարության վերջին տարիների քաղաքականությամբ, որը նախապատվությունը տալիս է ներքին պարտքի ավելացմանը՝ պետական գանձապետական պարտատոմսերի թողարկման միջոցով: Այս պարտատոմսերը հիմնականում ձեռք են բերում ՀՀ ռեզիդենտ քաղաքացիները:

Ներքին պարտքը նվազեցնում է փոխարժեքի տատանումների ռիսկերը, քանի որ այն ստացվում և մարվում է ՀՀ դրամով: Սակայն կա նաև մեդալի հակառակ կողմը. ներքին պարտքի սպասարկումն ավելի թանկ է, քանի որ տոկոսադրույքները գրեթե եռակի բարձր են արտաքին պարտքի համեմատ (10,6% և 3,5% համապատասխանաբար):

Հարկ է նշել, որ տեսանյութում նախարարի նշած արտաքին պարտքի «5,962 մլրդ դոլար» ցուցանիշը ճշգրիտ չէ, քանի որ իրականում այն կազմում է 6,454 մլրդ դոլար: Պապոյանը, հավանաբար, նկատի է ունեցել միայն կառավարության արտաքին պարտքը:

Պարտքի բեռը պետական բյուջեի վրա

Պետական պարտքի սպասարկումը տարեցտարի ավելի ծանր բեռ է դառնում պետական բյուջեի համար: 2024-ին կառավարությունը շուրջ 590,5 մլրդ դրամ կամ մոտ 1,5 մլրդ դոլար է ծախսել պետական պարտքի տոկոսավճարների (168,9 մլրդ դրամ) և մայր գումարների մարումների (421,6 մլրդ դրամ) համար:

2024-ին պարտքի սպասարկման ծախսերը 16%-ով գերազանցել են կրթության, առողջապահության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներին ուղղված ծախսերը միասին վերցրած։

Միայն տոկոսավճարները կազմում են տարեկան պետական բյուջեի մոտ 10%-ը: Սա նշանակում է, որ պետական բյուջեից՝ հարկատուների գրպանից, զգալի միջոցներ են ուղղվում պարտքի սպասարկմանը: Սակայն պետական բյուջեի եկամուտները՝ հավաքագրված հարկերը, տուրքերը և այլ մուտքերը, բավարար չեն երկրի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար:

«Հետք»-ի վերլուծությունը բացահայտում է, որ պետությունը շարունակում է նոր պարտքեր վերցնել, այդ թվում՝ նախկին պարտքերը մարելու նպատակով: 2024-ին բյուջեի դեֆիցիտը փակելու համար կառավարությունը հիմնականում դիմել է ներքին պարտքի ավելացման գործիքին:

Պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը

Պետական պարտքի կայունությունը գնահատելու առանցքային ցուցանիշներից է պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը: Բյուջետային կանոնների համաձայն՝ եթե կառավարության պարտքը չի գերազանցում ՀՆԱ-ի 60%-ը, այն համարվում է կառավարելի և ոչ ռիսկային:

2025-ի պետական բյուջեի նախագծի համաձայն՝ 2024-ի տարեվերջին պետական պարտքը/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է մոտ 52,1%, իսկ 2025-ին այն կհասնի 56,5%-ի, իսկ պարտքի ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 6,2 տրլն դրամ (մոտ 15 մլրդ դոլար)։

Այսպիսով, էկոնոմիկայի նախարարի պնդումը մոլորեցնող է: Նա անդրադարձել է միայն արտաքին պարտքին՝ անտեսելով ներքին պարտքը, ինչը չի արտացոլում Հայաստանի պետական պարտքի իրական պատկերը: Ավելին՝ նախարարի ներկայացրած արտաքին պարտքի ցուցանիշն անգամ ճշգրիտ չէ:

Տես՝ Լրատվամիջոցներն աղավաղել են նախարարի խոսքն արտաքին պարտքի մասին

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում