Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Մի շարք լրատվամիջոցներ դեկտեմբերի 3-ին գրել են, որ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, թե Հայաստանի արտաքին պարտքը կավելանա 54,3 տոկոսով։
«Արտաքին պարտքը կավելանա 54,3 տոկոսով. ներկայիս իրավիճակը հեռու է մեր երազանքներից, բայց փոփոխություններ ենք իրականացնելու. ֆինանսների նախարար» վերնագրով հրապարակումներ են տարածել Tert.am, Armday.am, Irakanum.am, Finnews.am, Tribune.am և մի շարք այլ լրատվական կայքեր։

Իրականում ֆինանսների նախարարը նման հայտարարություն չի արել, իսկ արտաքին պետական պարտքը 54,3 տոկոսով ավելանալու տեղեկությունը կեղծ է։
Ի՞նչ է իրականում ասել նախարարը
Ազգային ժողովում դեկտեմբերի 3-ին 2025-ի պետական բյուջեի նախագծի թարմացված տարբերակի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է բյուջեի հիմնական ցուցանիշները և խոսել երկրի պետական պարտքի, պարտք/ՀՆԱ հարաբերակցության մասին՝ այն համեմատելով համաշխարհային միտումների հետ։
«Կանխատեսվում է, որ 2024-ի ավարտին գլոբալ պարտքը կհասնի 100 տրլն դոլարի, սա կազմում է աշխարհի ՀՆԱ-ի 93 տոկոսը, այսինքն` միջին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը աշխարհում կազմում է 93 տոկոս, Հայաստանում այդ ցուցանիշը այս տարվա վերջին կլինի մոտավորապես 50 տոկոս»,- ասել է Վահե Հովհաննիսյանը։
Այնուհետև նա նշում է. «Ինչպես արդեն ասացի՝ դեֆիցիտի մակարդակի ավելացումը [կառավարության՝ խմբ] պարտքի ցուցանիշը կհասցնի 54,3 տոկոս մակարդակի, սակայն այն կշարունակի գտնվել կառավարելի մակարդակում…»։
Այսինքն, ֆինանսների նախարարը չի ասել՝ 2025-ին արտաքին պարտքը կաճի 54,3%-ով։ Նա նշել է՝ կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցության մոտ 50 տոկոս ցուցանիշի մասին, այնուհետև մասնավորեցրել է, որ պարտքը կկազմի 54,3 տոկոս։
Պետական պարտքը երկրի կառավարության և տեղական իշխանությունների, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից վերցված ընդհանուր պարտքն է, մինչդեռ կառավարության պարտքը միայն գործադիր իշխանության վերցրած պարտքն է։

Ինչպիսի՞ն է Հայաստանի պետական պարտքի պատկերը
2025-ի պետական բյուջեի թարմացված նախագծի համաձայն՝ 2024-ի տարեվերջին Հայաստանի ընդհանուր պետական պարտքը կազմում է շուրջ 5,3 տրլն դրամ կամ մոտ 13 մլրդ դոլար, և կազմում է երկրի ՀՆԱ-ի 52,1 տոկոսը։
2023-ի դեկտեմբերին պետական պարտքը կազմում էր 4,8 տրլն դրամ (մոտ 12 մլրդ դոլար), իսկ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը՝ 50,9 տոկոս։ Ստացվում է, որ մեկ տարում պետական պարտքն ավելացել է 465 մլրդ դրամով (9,7 տոկոսով), իսկ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը՝ 1,2 տոկոսային կետով։
Բյուջեի նախագծով նախատեսվում է, որ 2025-ի տարեվերջին պետական պարտքը կկազմի շուրջ 6,2 տրլն դրամ (մոտ 15 մլրդ դոլար ներկայիս փոխարժեքով), իսկ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը՝ 56,5 տոկոս։ Նախարարի նշած ՀՆԱ-ի համեմատ 54,3 տոկոսը վերաբերում է ոչ թե երկրի արտաքին պետական պարտքին, այլ պետական պարտքի մաս կազմող կառավարության արտաքին պարտքին։

Հայաստանի պետական պարտքը ներկայում շուրջ 5,3 տրիլիոն դրամ է, որից արտաքին պարտքը 2,8 տրիլիոն դրամ է (52,5 տոկոս), իսկ ներքին պարտքը՝ 2,5 տրիլիոն դրամ (47,5 տոկոս)։ 2025-ին նախատեսվում է թե՛ արտաքին, թե՛ ներքին պարտքի աճ։ Ընդ որում՝ արտաքին պարտքը կաճի ոչ թե 54,3 տոկոսով, ինչպես սխալ հաղորդել են լրատվամիջոցները, այլ շուրջ 20,9 տոկոսով՝ հասնելով 3,3 տրիլիոն դրամի։
Բյուջետային կանոնների համաձայն՝ եթե կառավարության պարտքը ցածր է ՀՆԱ-ի 60 տոկոսից, համարվում է, որ պարտքը կառավարելի և ոչ ռիսկային մակարդակում է։

Չնայած վերջին տարիներին պետական պարտքը, այդ թվում՝ կառավարության պարտքը, շարունակաբար աճել է, սակայն հարաբերակցությունը ՀՆԱ-ին մնում է 50-60%-ի միջակայքում։ Միայն 2020-ին՝ համավարակի և պատերազմի հետևանքով, այն զգալիորեն հատեց ռիսկայնության սահմանը՝ հասնելով ՀՆԱ-ի 63,5 տոկոսին, սակայն վերջին տարիներին բյուջեի պակասուրդի և նոր պարտքեր վերցնելու հետևանքով կրկին աճի միտում է գրանցում։
Այսպիսով, լրատվամիջոցների տարածած պնդումը, թե Ֆինանսների նախարարը հայտնել է, որ Հայաստանի արտաքին պարտքն ավելանալու է 54,3 տոկոսով, սխալ է։
CivilNetCheck
Civilnet











