Տնտեսական աճ՝ առանց խոստացված սոցիալական արդյունքի․ ՔՊ-ի 2021-ի ծրագրի հետքերով

Գլխավոր նկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ազգային ժողովի 2026-ի ընտրությունների նախընտրական ծրագրում խոստացել է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) միջինում տարեկան առնվազն 6% աճ։
Նախորդ՝ 2021-ի խորհրդարանական ընտրությունների իր ծրագրում իշխող կուսակցությունը խոստացել էր ՀՆԱ-ի տարեկան միջին աճը նվազագույնը դարձնել 7%, իսկ բարենպաստ պայմաններում՝ 9%:
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է, թե նախորդ ընտրություններից հետո ինչ պատկեր է ձևավորվել և որքանով են կյանքի կոչվել տնտեսական գլխավոր խոստումները՝ տնտեսական աճի ցուցանիշներից ու սոցիալական ոլորտից մինչև բիզնեսի աջակցություն։
ՀՆԱ-ի աճի թիրախների ապահովում, ներդրումային բացթողումներ
Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ ՀՆԱ-ի տարեկան աճը եղել է հետևյալը. 2021-ին՝ 5.8%, 2022-ին՝ 12.6%, 2023-ին՝ 8.3%, 2024-ին՝ 5.9% և 2025-ին՝ 7.1%: Այսինքն՝ 2021-2025-ին ՀՆԱ-ի տարեկան միջին աճը կազմել է 7․9%: Թեև խոստացված տարեկան նվազագույնը 7% միջին աճն ապահովվել է, առանձին տարիների կտրվածքով՝ 2021 և 2024 -ին, ցուցանիշը 7%-ից ցածր է եղել:

ՔՊ-ի նշած թիրախներում էր նաև մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 4269 դոլարից դարձնել նվազագույնը 5900 դոլար։ Այս մասով էկոնոմիկայի նախարարությունից ստացված տվյալները փաստում են, որ խոստումը ոչ միայն կատարվել է, այլև գերակատարվել: 2025-ին այն կազմել է 9,495 դոլար՝ 2021-ի (4,750 դոլար) համեմատ աճելով շուրջ երկու անգամ:

«Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարել է, թե ապահովելու է ներդրումների զգալի աճ։
«Մասնավորապես ներդրում/ՀՆԱ հարաբերակցությունը չպետք է նվազ լինի
25%-ից: [...] Տնտեսական աճի թիրախին հասնելու նպատակով անհրաժեշտ է
լինելու օտարերկրյա ուղղակի ներդրումների և ՀՆԱ-ի 6% հարաբերակցություն»,- նշված էր 2021-ի ծրագրում։
Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2025-ին ընդհանուր ներդրումները ՀՆԱ-ի մեջ կազմել են 24․1%: Սակայն հենց օտարերկրյա ուղղակի ներդրումների փաստացի ցուցանիշների վերաբերյալ մեր հարցմանը որևէ կոնկրետ պատասխան չի տրվել։
2025-ին Հայաստանի ՀՆԱ ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 11,3 տրիլիոն դրամ (մոտ 29.3 մլրդ դոլար)։ Նույն տարում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 605,1 մլն դոլար: Սա նշանակում է, որ դրսից եկած ուղղակի ներդրումները կազմել են ՀՆԱ-ի մոտ 2.1%-՝ը խոստացված 6%-ի փոխարեն:

Ի՞նչ եղան ՔՊ-ի սոցիալական խոստումները. գործազրկության և աղքատության պատկերը
2026-ի նախընտրական ծրագրում ՔՊ-ն խոստացել է ապահովել տարեկան առնվազն 25 հազար նոր աշխատատեղի ստեղծում և աղքատության կրճատում 5 տոկոսային կետով։ 2021-ի խորհրդարանական ընտրությունների իր ծրագրում իշխող կուսակցությունը սոցիալական ոլորտում խոստացել էր գործազրկության մակարդակն իջեցնել 10%-ից ցածր, իսկ աղքատությունը՝ կրկնակի նվազեցնել։
«2026-ին աղքատությունը կրկնակի կրճատելու և գործազրկության մակարդակը մինչև 10% նվազեցնելու համար ՀՀ անհրաժեշտ է տարեկան ՀՆԱ 7%-ից ավելի աճ»,- գրված էր 2021-ի ծրագրում։
Ինչպես վերը նշվեց, 2021-2025-ին ՀՆԱ-ի տարեկան միջին աճը կազմել է շուրջ 7.9%, այսինքն՝ տնտեսական աճի նվազագույն թիրախն ապահովվել է։ Սակայն դա փաստացի չի հանգեցրել ծրագրում այդ աճի հետ կապակցված սոցիալական ցուցանիշների լիարժեք ապահովմանը։
Փաստացի, գործազրկությունը 10%-ից ցածր նվազեցնելու խոստումը թերակատարվել է: Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2025-ին այն կազմել է 12.8%։ Համաձայն վիճկոմիտեի տվյալները ցույց են տալիս, 2021-ի համեմատ 2025-ին գործազրկությունը նվազել է 2.7 տոկոսային կետով, բայց այդ ընթացքում միտումը կայուն չի եղել․ 2023-ին գրանցված նվազումից հետո 2024-ին գործազրկությունը կրկին աճել է, իսկ 2025-ին միայն մասամբ նվազել։
Ինչ վերաբերում է մինչև 2026 թվականը աղքատությունը կրկնակի կրճատելու խոստմանը, ապա այս մասով ևս թիրախը դեռ ապահովված չէ։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ աղքատության մակարդակը 2021-ին կազմել է 26.5%, 2022-ին՝ 24.8%, 2023-ին՝ 23.7%, իսկ 2024-ին՝ 21.7%։
Այսինքն՝ աղքատությունը նվազել է, սակայն ոչ կրկնակի։ 2021-ի համեմատ այն կրճատվել է 4.8 տոկոսային կետով, մինչդեռ խոստումը կատարելու համար ցուցանիշը պետք է իջներ մոտ 13.3%-ի։ 2025-ի ցուցանիշը դեռ հրապարակված չէ․ այն հայտնի կդառնա 2026-ի նոյեմբերին:
Ուստի թեև գործազրկության և աղքատության նվազման ուղղությամբ 2021-ի համեմատ կա դրական միտում, ՔՊ-ի սահմանած թիրախները չեն իրագործվել:
Աջակցություն ներդրողներին և մարզային ՓՄՁ-ներին. ի՞նչ է արվել
2021-ի նախընտրական ծրագրով ՔՊ-ն խոստանում էր 50 մլրդ դրամ հատկացնել ներդրողների ենթակառուցվածքներին և աջակցել, որ մարզերում տարեկան 500 սկսնակ փոքր ու միջին ձեռնարկատիրություններ (ՓՄՁ) գործեն։
Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ խոստացված 50 միլիարդի փոխարեն պայմանագրեր են կնքվել ընդամենը 5,87 մլրդ դրամի շրջանակում, իսկ փաստացի փոխհատուցում է ստացել միայն 5 շահառու՝ շուրջ 851 մլն դրամ։ Ինչ վերաբերում է մարզային սկսնակ ՓՄՁ-ներին, նախարարությունից հայտնեցին, որ թեև տարբեր ծրագրեր արվել են, սակայն դրանց առանձին հաշվառում չի իրականացվում։
Այսպիսով, ՔՊ 2021-ի ծրագրով սահմանված վերոնշյալ խոստումները կատարվել են միայն ՀՆԱ-ի աճի և մեկ շնչին ընկնող ցուցանիշի մասով։ Ներդրումների ոլորտում սահմանված թիրախները չեն իրականացել. թե՛ ընդհանուր, թե՛ հատկապես օտարերկրյա ուղղակի ներդրումները մնացել են խոստացված նշաձողից ցածր։
Սոցիալական և տնտեսական աջակցության ոլորտներում խոստումները նույնպես թերակատարվել են։ Գործազրկության և աղքատության կրճատման նպատակները չեն իրագործվել, իսկ ներդրողների ենթակառուցվածքների ֆինանսավորումը և աջակցությունը թերակատարվել է:
Կազմակերպություն
Իրադարձություն
Փաստերի ստուգում
Արմեն Մկրտչյան
CivilNetCheck










