Հունիսյան խորհրդարանական ընտրություններին ընդառաջ լրատվամիջոցներում և հանրային դիսկուրսում պարբերաբար շրջանառվում են պնդումներ Հայաստան կանխիկ դրամական միջոցների խոշոր հոսքերի մասին: Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) իր հերթին հորդորել է քաղաքացիներին խուսափել կանխիկի ֆիզիկական տեղափոխումից և անցնել թափանցիկ բանկային փոխանցումների։
Կանխիկի ներհոսքն իսկապե՞ս աննախադեպ է։ Ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը։ #CivilNetCheck-ը ՊԵԿ-ից ձեռք է բերել 2020-2026 թթ. (ապրիլի 16-ի դրությամբ) վիճակագրությունը։ Տվյալները վերաբերում են բացառապես մաքսային հայտարարագրման ենթակա՝ 10,000 դոլարը գերազանցող կանխիկ միջոցներին և ներառում են ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման հոսքերը՝ ըստ արժույթի և ֆիզիկական անձանց թվի։
Տվյալների համադրումը ցույց է տալիս, որ վերջին տարիներին կանխիկ դրամական հոսքերը կտրուկ տատանվել են՝ արձագանքելով արտաքին և ներքին գործոններին։ Սակայն 2025–2026-ի ցուցանիշները դուրս են գալիս նախորդ տարիների ձևավորված օրինաչափություններից։
Կանխիկ հոսքերի նախապատմությունը և կառուցվածքային առանձնահատկությունները
Այսպես, 2025–2026-ի տվյալները համատեքստում դիտարկելու համար անհրաժեշտ է վերլուծել նախորդ տարիների դինամիկան։ Տվյալների վերլուծությունը նաև ցույց է տալիս, որ կանխիկ հոսքերի ծավալներն ու դրանցում ներգրավված ֆիզիկական անձանց թիվը հաճախ չեն համընկնում, ինչը հուշում է հոսքերի տատանողականության մասին։
2020-ին՝ համավարակի և պատերազմի պայմաններում, կանխիկ խոշոր հոսքերը սահմանափակ էին։ 144 ֆիզիկական անձ էր ՀՀ սահմանով կանխիկ գումար արտահանել, իսկ ներմուծել՝ 71-ը։
Երկրից դուրս էր տարվել շուրջ 6,8 մլն դոլար, մինչդեռ ներհոսքը կազմել էր մոտ 3,3 մլն։ ՀՀ դրամով ներհոսքը գործնականում չնչին էր՝ 180,000 դրամ։ Նույն տարում ներմուծվել է մոտ 7,5 մլն ռուբլի, արտահանվել է` 935,000 ռուբլի։
Ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ 2021-ին արձանագրվել է կանխիկ հոսքերի աճ և պահպանվել է արտահոսքի գերակշռող միտումը։ Արտահանողների թիվը հասել է 435-ի, ներմուծողներինը՝ 121-ի։ Դոլարի արտահանումը կազմել է ավելի քան 21,2 մլն դոլար՝ մոտ 4,3 մլն ներմուծման դիմաց։ Միաժամանակ, արձանագրվել է ռուսական ռուբլու ներհոսքի աճ՝ շուրջ 53,2 մլն ռուբլի՝ մոտ 4,6 մլն արտահոսքի դիմաց։
Պատկերը էապես փոխվել է 2022-ին՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո։ Ռելոկացիոն հոսքերին զուգահեռ աճել են նաև կանխիկ հոսքերը։ Հայաստան է բերվել շուրջ 313 մլն ռուսական ռուբլի և 18,7 մլն դոլար։ Միևնույն ժամանակ, հոսքերը միակողմանի չեն եղել։ Նույն տարում կանխիկ արտահանողների թիվը հասել է 1,293-ի՝ ներմուծողների 442-ի դիմաց։ Երկրից դուրս է բերվել շուրջ 87,7 մլն դոլար, 15,3 մլն եվրո, 48,4 մլն ռուսական ռուբլի և ավելի քան 28,1 մլն դրամ։ Ընդհանուր առմամբ, 2022-ին դոլարի արտահոսքը մոտ 4,5 անգամ գերազանցել է ներհոսքին։
2023 թվական. արտահոսքի բարձր մակարդակ և կառուցվածքային փոփոխություններ
2023-ին արձանագրվել է դոլարի արտահոսքի առավելագույն ցուցանիշը դիտարկվող ժամանակահատվածում․ երկրից դուրս է բերվել ավելի քան 111,6 մլն դոլար՝ ընդամենը 14,5 մլն ներհոսքի դիմաց։ Կանխիկ արտահանողների թիվը հասել է 1,865-ի՝ ներմուծողների 451-ի դիմաց։
Միաժամանակ, ռուսական ռուբլու ներհոսքը կտրուկ նվազել է՝ հասնելով մոտ 34 մլն-ի (նախորդ տարվա 313 մլն-ի փոխարեն)։ Փոխարենը, Հայաստանից սկսել են ֆիզիկապես դուրս հանել արժույթներ, որոնց մուտքը երկիր եղել է զրոյական. 2023-ին երկրից արտահանվել են այնպիսի էկզոտիկ արժույթներ, ինչպիսիք են չինական յուանը, բրազիլական ռեալը, հոնկոնգյան դոլարը և հարավկորեական վոնը: Ամենայն հավանականությամբ, նախորդ տարի բերված ռուբլիներն այստեղ փոխարկվել են դոլարի ու այլ արտարժույթների և ֆիզիկապես դուրս հանվել հազարավոր անձանց կողմից։
Այս համատարած արտահոսքի ֆոնին առանձնանում է միայն ՀՀ դրամը․ ներմուծվել է ավելի քան 343 մլն դրամ՝ շուրջ 126 մլն արտահոսքի դիմաց։
2024 թվական․ արտահոսքի շարունակություն
2024-ի տվյալները վկայում են արտահոսքի պահպանվող բարձր մակարդակի մասին։ Կանխիկ արտահանողների թիվը կազմել է 1,684, ներմուծողներինը՝ 542։
Սա դիտարկվող ժամանակահատվածում միակ տարին է, երբ ռուսական ռուբլու արտահանումը (մոտ 128,3 մլն) գերազանցել է ներմուծումը (107,8 մլն)։
Բացի այդ, երկրից դուրս է բերվել ավելի քան 94 մլն դոլար՝ 14,8 մլն ներհոսքի դիմաց, և 18,6 մլն եվրո՝ 4,4 մլն ներմուծման դիմաց։ Բացի հիմնական արժույթներից, արձանագրվել է նաև այլ արժույթների արտահոսք, այդ թվում՝ ուզբեկական սոմ, ղազախական տենգե և ուկրաինական գրիվնա։
Ինչ վերաբերում է ՀՀ դրամին, ապա պահպանվել է հակառակ միտումը․ ներհոսքը՝ մոտ 275 մլն դրամ, գերազանցել է արտահոսքը, որը եղել է շուրջ 108,7 մլն դրամ։
2025 թվական․ կտրուկ աճի տարի
2025-ին արձանագրվել է զգալի աճ գրեթե բոլոր հիմնական ցուցանիշներով։ Կանխիկ գումար ներմուծող ֆիզիկական անձանց թիվը հասել է 902-ի՝ մեկ տարվա ընթացքում ավելանալով 360-ով, մինչդեռ արտահանողների թիվը պահպանվել է նախորդ տարվա բարձր մակարդակում՝ 1639։
ՊԵԿ-ի տվյալները վկայում են, որ ռուբլու հոսքերը 2025-ին ձևավորվել են ներհոսքի գերակշռությամբ, թեև նախորդ տարիներին դրանք փոփոխական բնույթ էին կրում։ Ներմուծումը հասել է շուրջ 247 մլն-ի, իսկ արտահոսքը նվազել է մինչև 77,8 մլն։ ԱՄՆ դոլարի դեպքում, հակառակը, պահպանվել է արտահոսքի միտումը՝ 83,1 մլն արտահոսք՝ 30,3 մլն ներհոսքի դիմաց։
2025-ին եվրոյի արտահոսքը դադարել է․ ներմուծվել է մոտ 7,7 մլն եվրո, արտահանվել՝ 6,8 մլն։ Միաժամանակ գրանցվել է ոչ հիմնական արժույթների ներմուծում՝ հարավկորեական վոն, հունգարական ֆորինտ, հնդկական ռուփի և ճապոնական իեն։
Առավել զգալի փոփոխությունն արձանագրվել է դրամական հոսքերում․ եթե նախորդ տարիներին դրա հոսքերը համեմատաբար սահմանափակ էին, ապա 2025-ին Հայաստան է ներմուծվել ավելի քան 2,64 միլիարդ դրամ կանխիկ, մինչդեռ արտահոսքը կազմել է մոտ 297,7 մլն դրամ։ Այս ծավալները բազմակի գերազանցում են նախորդ տարիների ցուցանիշները։
Սակայն հոսքերի աճը չի ուղեկցվում համաչափ աճով ներգրավված ֆիզիկական անձանց թվին, ինչը ցույց է տալիս, որ խոշոր ծավալները կենտրոնացած են սահմանափակ թվով մասնակիցների մոտ։
2026 թվական․ պահպանվող բարձր տեմպ և արտահանման ակտիվություն
2026-ի առաջին ամիսների տվյալները ցույց են տալիս, որ 2025-ին արձանագրված բարձր ակտիվությունը շարունակվում է։ Հունվարի 1-ից մինչև ապրիլի 16-ն ընկած ժամանակահատվածում 332 ֆիզիկական անձ խոշոր կանխիկ միջոցներ է ներմուծել Հայաստան։
Այս ընթացքում երկիր է բերվել ավելի քան 8,25 մլն դոլար, 68,3 մլն ռուսական ռուբլի, 1,27 մլն եվրո և 118,6 մլն դրամ կանխիկ։
Միևնույն ժամանակ, արտահանման տվյալները վկայում են, որ կանխիկ հոսքերը շարունակում են մնալ երկկողմանի։ Նույն ժամանակահատվածում 503 ֆիզիկական անձ երկրից դուրս է բերել շուրջ 20,7 մլն դոլար, 12,3 մլն ռուսական ռուբլի և 1,07 մլն եվրո։ ՀՀ դրամի արտահոսքը կազմել է մոտ 58,7 մլն դրամ։ Արտահանվել են նաև այլ արժույթներ՝ այդ թվում շվեյցարական ֆրանկ, բրիտանական ֆունտ և այլք, սակայն դրանց ծավալները համեմատաբար փոքր են։
Ընդհանուր առմամբ, 2026-ի առաջին ամիսների տվյալները ցույց են տալիս, որ կանխիկ հոսքերը պահպանվում են բարձր մակարդակի վրա՝ հստակ բևեռացմամբ. եթե դոլարի պարագայում շարունակում է գերակշռել կապիտալի արտահոսքը, ապա ռուբլին և դրամը շարունակում են մեծ տեմպերով կուտակվել Հայաստանում։
Ինչ են ցույց տալիս տվյալները
Տվյալների համադրումը ցույց է տալիս, որ 2022–2024-ին կանխիկ հոսքերը հիմնականում պայմանավորված էին արտաքին գործոններով՝ հատկապես ռելոկացիայով, և ունեցել են երկկողմ, հաճախ անկայուն բնույթ։
2025-2026-ի ցուցանիշները ձևավորում են այլ պատկեր։ Հոսքերի կառուցվածքում առավել մեծ դեր են ստանում ազգային արժույթը և ռուսական ռուբլին, մինչդեռ դոլարի դեպքում պահպանվում է արտահոսքի գերակշռությունը։
Հատկանշական է, որ դոլարով արտահանման վարքը էական փոփոխություն չի կրել՝ այն մնում է նույն տրամաբանության մեջ, ինչ 2022–2024-ին։ Սա նշանակում է, որ 2025-ին արձանագրված դրամի և այլ արժույթների կտրուկ ներհոսքը չի ուղեկցվում համաչափ աճով դոլարային արտահոսքում։
Մինչդեռ, դրամի ներհոսքի ծավալները բազմակի գերազանցում են նախորդ տարիների ցուցանիշները, սակայն այդ աճը չի ուղեկցվում համաչափ աճով ներգրավված ֆիզիկական անձանց թվի մեջ, ինչը ցույց է տալիս, որ խոշոր հոսքերը կարող են կենտրոնացած լինել սահմանափակ թվով մասնակիցների մոտ։
Ավելին, 2026-ի տվյալները (ապրիլի կեսի դրությամբ) ցույց են տալիս, որ այս միտումները պահպանվում են։ Թեև ժամանակահատվածը ամբողջական չէ, ռուսական ռուբլու ներհոսքը շարունակում է զգալիորեն գերազանցել արտահոսքին, իսկ ընդհանուր պատկերը ձևավորվում է դրամի և ռուբլու հաշվին։
Անի Գրիգորյան
CivilNetCheck











