Դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի

Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է գլխավոր դատախազի միջնորդությունը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ։ Այս մասին ՍիվիլՆեթը տեղեկանում է իր աղբյուրներից։
Այնուհետև սկսել է քննարկվել Գաբրիելյանին կալանավորելու հարցը։
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են, որ Գաբրիելյանի նկատմամբ իրականացվում են իրավական գործողություններ՝ կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում։ Գործով արդեն մեղադրանք է առաջադրվել երկու անձի, որոնք կալանավորվել են։
Ով է Արտուշ Գաբրիելյանը
Գաբրիելյանը դատական համակարգի հնաբնակներից է։ 1999-ից մինչև 2003-ը աշխատել է Շենգավիթի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական, ապա դարձել դատավոր։
Նա առավել հայտնի դարձավ Օլեգ Նեֆեդովի՝ դատարանից փախուստի դրվագով։ Նեֆեդովը ՌԴ քաղաքացի է, որը ձերբակալվել էր Հայաստանում և հետախուզվում էր ԱՄՆ իրավապահների կողմից։
2024-ի հունիսի 22-ին Գաբրիելյանի նախագահությամբ ընթացող նիստի ժամանակ, Նեֆեդովը բառացիորեն «ճեմելով» դուրս եկավ դատարանի շենքից և փախուստի դիմեց։ Դեպքի մանրամասները հայտնի դարձան միայն ԲԴԽ՝ 2024-ի սեպտեմբերի 18-ի նիստի ընթացքում, երբ քննարկվում էր դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը։
Ըստ ԲԴԽ ներկայացված տվյալների՝ Նեֆեդովի կալանքի հարցով նիստը հետաձգվել էր, քանի որ նիստի ժամանակ պարզվել էր՝ փաստաթղթերից մեկը բացակայում է։ Դատավորը բանավոր կարգադրություն էր տվել նիստը հետաձգելու վերաբերյալ և վերադարձել իր աշխատասենյակ՝ փաստացի ազատ թողնելով Նեֆեդովին դատարանի շենքում։ Վերջինս շրջել էր միջանցքներում, դուրս եկել, նստել մեքենան ու հեռացել։
Գաբրիելյանը հետագայում ընդունել է, որ եթե կալանքի վերաբերյալ նիստը նշանակեր մինչև անձի ձերբակալման 72-ժամյա ժամկետի լրանալը, հնարավոր կլիներ կանխել փախուստը։
Չնայած աղմկահարույց միջադեպին՝ ԲԴԽ-ն նրան տվել է միայն խիստ նկատողություն և պաշտոնանկ չի արել։Հետագայում պարզվեց նաև, որ Գլխավոր դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, տրանսպորտային և դրամական միջոցներ։
Թեմա
Civilnet










