Գլխավոր Լրահոս

Առևտրից մինչև ռուս խաղաղապահներ. Քոչարյանի պնդումների հետքերով

Առևտրից մինչև ռուս խաղաղապահներ. Քոչարյանի պնդումների հետքերով

Հայկ Հովհաննիսյան,  #CivilNetCheck

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 28-ին «Հայկական համալսարանի» ուսանողների հետ հանդիպմանը մի շարք պնդումներ է արել Հայաստանի արտաքին առևտրի, 44-օրյա պատերազմի և Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի գործունեության վերաբերյալ։

Մասնավորապես, նա հայտարարել է, թե ներկայում Հայաստանի արտաքին առևտրի 60%-ը Ռուսաստանի հետ է, մինչդեռ իր կառավարման տարիներին այն կազմել է ընդամենը 25%:

Բացի այդ, նախկին նախագահը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմից հետո Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները «վատ չէին անում իրենց ֆունկցիաները», մինչև Փաշինյանի՝ Արցախը որպես Ադրբեջանի տարածք ճանաչելը։

#CivilNetCheck-ը գնացել է այս պնդումների հետքերով։ 

Հայաստանի առևտրաշրջանառությունը․ ինչ են ասում թվերը

Ռոբերտ Քոչարյանը նշել է․ «Ձեր առևտրի 60%-ն այսօր Ռուսաստանի հետ է։ Իմ ժամանակ Եվրամիության հետ առևտուրը մեր արտաքին առևտրի մոտ 22-24%-ն էր։ Հիմա 6-7% է ընդամենը։ Ռուսաստանի հետ առևտուրն այն ժամանակ 25% էր, հիմա՝ 55-60%»։

Թեև այս պնդումն ընդհանուր առմամբ մոտ է իրականությանը, սակայն նշված թվերը ճշգրիտ չեն։

Ըստ վիճակագրական տվյալների՝ Քոչարյանի նախագահության տարիներին Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության մասնաբաժինը տատանվել է 11%-ից մինչև 21%։ Նույն ժամանակահատվածում Եվրամիության հետ առևտրաշրջանառությունը կազմել է 28-38%՝ ավելի բարձր Քոչարյանի նշած 22-24%-ից։

Ինչ վերաբերում է ներկայիս ցուցանիշներին, ապա 2024 թվականին Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 41.1%, իսկ 2025-ի հունվար-փետրվարին՝ 35.1%։ Այս թվերը բարձր են նախկին տարիների համեմատ, սակայն դեռևս չեն հասնում Քոչարյանի նշած 60%-ին։

ԵՄ-ի հետ առևտրաշրջանառության մասով Քոչարյանի պնդումը ներկա իրավիճակի վերաբերյալ ավելի մոտ է իրականությանը. 2024-ին այն կազմել է 7.7%, իսկ 2025-ի հունվար-փետրվարին՝ 10.7%։

Հայաստանի արտաքին առևտրի դինամիկան վերջին երկու տասնամյակների ընթացքում ցույց է տալիս, որ Ռուսաստանի դերը նշանակալիորեն աճել է 2013 թվականից՝ ԵԱՏՄ-ին անդամակցումից հետո։ Սակայն ՌԴ-ի մասնաբաժինը է՛լ ավելի է աճել 2022 թվականից սկսած՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով։

Արդյոք ռուսական զորքերը կատարո՞ւմ էին իրենց գործառույթները

Քոչարյանի հայտարարությունը, թե Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունը «վատ չէր անում իր ֆունկցիաները, մինչև ինչ-որ պահ», խնդրահարույց է՝ հաշվի առնելով ռուսական խաղաղապահների ներկայության ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ միջադեպերը, որոնք ուղեկցվել են նաև մարդկային և տարածքային կորուստներով։

Իրականում, 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից և ռուս խաղաղապահների տեղակայումից ընդամենը մեկ ամիս անց՝ արդեն 2020-ի դեկտեմբերի 12-ին, ադրբեջանական զինված ուժերը գրավեցին Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը, որի հետևանքով 62 հայ զինծառայող գերեվարվեց, 9-ը զոհվեցին։ Այս գյուղերում պետք է լինեին ռուս խաղապահները, սակայն այդ գործողությունից հետո այդ տարածքներն անցան ադրբեջանական վերահսկողության տակ։ 

2022-ի մարտին ադրբեջանցիները գրավեցին Փառուխ գյուղն ու Քարագլուխ բարձունքը՝ սպանելով 3 հայ զինծառայողի։ Նույն տարվա օգոստոսին ևս երկու հայ զինծառայող զոհվեց ադրբեջանական հարձակումների հետևանքով։ Բացի այդ, Քոչարյանը չի հիշատակել 2022-ի սեպտեմբերին Հայաստանի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակումը, որի ժամանակ ՀԱՊԿ-ը և Ռուսաստանը չկատարեցին իրենց դաշնակցային պարտավորությունները։

Այս բոլոր միջադեպերը տեղի են ունեցել 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայի քառակողմ հանդիպումից առաջ, ինչը հակասում է Քոչարյանի այն պնդմանը, թե միայն Փաշինյանի՝ Պրահայում հայտարարությունից հետո է խաղաղապահների աշխատանքը վատթարացել։

ՀՕՊ միջոցների փոխարեն Սու-30-եր գնելու պնդումը՝ առանց հիմքերի

Խոսելով բանակում ռեֆորմների անհրաժեշտության, պատերազմում պարտության և սպառազինության մասին՝ Քոչարյանը հայտարարել է, թե պատերազմի ժամանակ հայկական հակաօդային պաշտպանությունը արդյունավետ չի եղել, քանի որ Փաշինյանի կառավարությունը իբր փոխել է ՀՕՊ-ի պատվերը և փոխարենը ձեռք բերել Սու-30 կործանիչներ։

«ՀՕՊ-ը չաշխատեց։ Ինչո՞ւ ամբողջ օդը չփակվեց։ Որովհետև ՀՕՊ-ի պատվերը փոխել են, առել են «Սու»-եր, որոնք ընդհանրապես չեն օգտագործել, բայց լավ սելֆիներ են արել դրանց ֆոնի վրա։ Հիմա սրա մասին պե՞տք է խոսել, թե՞ պետք չէ»,- ասել է Քոչարյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023-ի հունիսին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստում հերքել էր ՀՕՊ միջոցների պատվերը չեղարկելու մասին պնդումները։ Նա հայտարարել է, որ սպառազինության ձեռք բերման պլանով նախատեսված «Տոր» համակարգերը և «Օսա-ԱԿ» համակարգեր ձեռք բերվել են։

«Ես գիտեմ, որ չի փոխվել սպառազինության և ռազմական տեխնիկայի (պլանը`խմբ.)...։ Ես համենայնդեպս նաև գրավոր այդ մասին տեղեկանք ունեմ, որ փոփոխություն տեղի չի ունեցել։ Այլ բան, որ բացի նշվածից, այլ ձեռքբերումներ էլ են եղել», - ասել էր Փաշինյանը։

Ավելի վաղ՝ 2023-ի մարտին սպառազինության պլանի այս փոփոխության մասին հայտնել էր նաև Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ Սակայն ոչ Քոչարյանը, ոչ Փաշինյանը, ոչ էլ Մամիջանյանը չեն հրապարակել ապացույցներ և բաց աղբյուրներով այս տեղեկությունը ստուգելը հնարավոր չէ։

Այսպիսով, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պնդումները միայն մասամբ են համապատասխանում իրականությանը։ Արտաքին առևտրի ընդհանուր միտումները նա ճիշտ է նկարագրել, սակայն ոչ ճշգրիտ թվերով։ Իսկ ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ նրա գնահատականը հակասում է տեղի ունեցած բազմաթիվ միջադեպերին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում