Գլխավոր Լրահոս

Սերժ Սարգսյանն ընդդեմ Սերժ Սարգսյանի. նախկին նախագահի հայտարարության հետքերով 

Սերժ Սարգսյանն ընդդեմ Սերժ Սարգսյանի. նախկին նախագահի հայտարարության հետքերով 

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 4-ին «Հայկական համալսարան» ՀԿ-ի ունկնդիրների հետ հանդիպմանը պնդել է, թե 2016-ի Ապրիլյան պատերազմի օրերին Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում դատապարտել է ադրբեջանական ագրեսիան:

Մասնակիցները հարց են ուղղել նրան Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման, «ֆուտբոլային դիվանագիտության» նպատակահարմարության մասին։ 

«[…] Մենք կունենայինք բաց սահմաններ, շփումներ և այլն: Եվ դրա նախանշանը արդեն տեսանք մենք Ապրիլյան պատերազմի օրերին, երբ որ ինչպես ասեցի Մինսկի խմբի շրջանակներում Թուրքիան էլ դատապարտեց ադրբեջանական ագրեսիան, Ադրբեջանի ռազմական գործողությունների սկսելը»,- պատասխանել է Սերժ Սարգսյանը:

Այնուհետև, պատասխանելով ունկնդիրներից մեկի հարցին, Սարգսյանը նշել է. «Իմ խորին համոզմամբ, մենք 2018 թվականին ունեինք բանակցային շատ լավ իրավիճակ, և այդ իրավիճակի մասին բազմաթիվ ապացույցներ կան»:

#CivilNetCheck-ը ուսումնասիրել է նախկին նախագահի այս հայտարարությունները։

Թուրքիայի դիրքորոշումն Ապրիլյան պատերազմի ժամանակ

2016-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ժամանակ Թուրքիան ոչ միայն չի դատապարտել Ադրբեջանի գործողությունները, այլև բացահայտ աջակցություն է հայտնել Բաքվին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը 2016-ի ապրիլի 2-ին հայտարարությամբ դատապարտել է «Ադրբեջանի դեմ սկսված հրետակոծությունը և Հայաստանի հարձակումները» և Հայաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը։ 

Նույն օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին։

Հաջորդ օրը՝ ապրիլի 3-ին, ԱՄՆ-ում լրագրողների հետ զրույցում Էրդողանը հայտարարել է. «Մենք աղոթում ենք, որ մեր ադրբեջանցի եղբայրները հաղթեն այս բախումներում՝ նվազագույն կորուստներով: Մենք կաջակցենք Ադրբեջանին մինչև վերջ»։ Նա նաև քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ «հակամարտության լուծումը ձախողելու համար»։

Ավելին, այդ ժամանակ Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը քննադատել է Թուրքիային «ռասիստական հայտարարությունների» համար՝ նշելով, որ Անկարան հրահրում է Ադրբեջանին ագրեսիայի ինքնորոշված ԼՂՀ-ի դեմ։

ԵԱՀԿ Մինսկի խումբը ևս չի դատապարտել Ադրբեջանին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան, 2016-ի ապրիլի 2-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ խորը մտահոգություն են արտահայտել հակամարտության էսկալացիայի վերաբերյալ, դատապարտել ուժի կիրառումը և կողմերին կոչ արել անհապաղ դադարեցնել կրակը:

Ապրիլի 5-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների (այդ թվում՝ Թուրքիայի) ներկայացուցիչները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ «խստորեն դատապարտել են աննախադեպ բռնության պոռթկումը շփման գծի երկայնքով» և կողմերին կոչ արել «անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը»՝ ընդգծելով, որ «հակամարտությունը չունի ռազմական լուծում»: Սակայն այս հայտարարությունը որևէ կողմի ագրեսոր չի որակում և չունի Ադրբեջանին դատապարտող ձևակերպում։

2016-ի հուլիսի 5-ին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն ընդունել է Թբիլիսյան հռչակագիրը, որի 47-48-րդ կետերում մտահոգություն է արտահայտվում Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական էսկալացիայի կապակցությամբ և կոչ է արվում խաղաղ կարգավորման: Այս փաստաթղթի քվեարկությանը մասնակցել և «կողմ են» քվեարկել ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի պատվիրակությունները։ «Դեմ» են քվեարկել Հայաստանի պատվիրակներից Արտաշես Գեղամյանը, ինչպես նաև ՌԴ-ի մի քանի պատվիրակ, քանի որ հռչակագրում կային «հակառուսական» ձևակերպումներ։

2016-ի դեկտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարները նույնպես հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ դատապարտել են էսկալացիան, սակայն կրկին որևէ կողմի վրա պատասխանատվություն չեն դրել։

Փաստացի՝ ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի, ո՛չ էլ համանախագահող երկրների հայտարարություններում չի եղել Ադրբեջանին դատապարտող կամ Ադրբեջանի դեմ ուղղված որևէ հասցեական դիրքորոշում։ Ադրբեջանին դատապարտող հայտարարությամբ հանդես են եկել միայն Կիպրոսի արտգործնախարարությունը և Չիլիի խորհրդարանը։

Հակասությունները 2018-ի բանակցային գործընթացի վերաբերյալ

Ինչ վերաբերում է 2018-ին «շատ լավ բանակցային իրավիճակ» ունենալու պնդմանը, ապա դա հակասում է հենց Սերժ Սարգսյանի՝ 2018-ի ապրիլի 17-ին Ազգային ժողովում արած հայտարարությանը:

Այդ ժամանակ որպես վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը նշել է. «Իրոք, բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ ասած, որ այդ բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է: Կանգնած է, որովհետև այդ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական են, անընդունելի մեզ համար»:

Նա նաև ընդգծել է, որ բանակցային գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունները չեն պահպանվում. «Ցավոք սրտի ոչ միայն կոնկրետ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ գոյություն ունեցող փաստաթղթի շուրջ բանակցություններում, այլև վստահության որոշակի միջոցներ ստեղծելու, հրադադարի ռեժիմը պահպանելու և այլ հարցերով մեր հանդիպումները և բանակցություններն ընդհանրապես որոշ ժամանակ հետո պարզվում են, որ անտեղի են, որովհետև մեր գործընկերները պայմանավորվածությունները չեն պահում»:

Առաջին անգամ չէ, որ Սերժ Սարգսյանն այս թեմայով հակասական հայտարարություն է անում։ Նման հայտարարություն նա արել էր նաև 2021-ի դեկտեմբերի 18-ին՝ նշելով թե վարչապետի պաշտոնում առաջադրվել է միայն Արցախի բանակցային գործընթացում «մեր ամրացած դիրքերն ավելի առաջ տանելու համար»։

Տես՝ «Փակուղի մտած կարգավորո՞ւմ», թե՞ Հայաստանի «ամրացած դիրքեր»․ Սերժ Սարգսյանը հակասում է ինքն իրեն

#CivilNetCheck-ը պարզաբանում է խնդրել Սերժ Սարգսյանի գրասենյակից նրա այս հայտարարությունների վերաբերյալ։ Գրասենյակից պատասխանել են, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Թուրքիան միացել է 2016թ. ապրիլի 5-ի Վիեննայի հայտարարությանը», որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները դատապարտել են «աննախադեպ բռնության պոռթկումը շփման գծի երկայնքով»: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում