Սիրանուշ Ադամյան
«Վեց ամիս է, ինչ ստացել ենք սերտիֆիկատը, բայց առ այսօր չենք իրացրել»,- ասում է Արցախից տեղահանված Գայանե Բալյանը, որն արցախցիների բնակապահովման ծրագրով առաջին հավաստագիր ստացողներից է։ Ծրագրի մեկնարկից մոտ 11 ամիս անց արցախցիները շարունակում են բախվել խնդիրների՝ հավաստագրի իրացման հարցում կամ էլ չեն դիմում ծրագրին։ ՍիվիլՆեթը խնդրի շուրջ զրուցել է արցախցիների հետ և նախարարությունից բնակծրագրի պատկերը ստացել։
Արցախցիների բնակապահովման ծրագրի առաջին փուլի դիմումների ընդունումը մեկնարկել է 2024-ի հունիսի 15-ից։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ ապրիլի 14-ի դրությամբ դիմումների թիվը 1,500 է։ Հավաստագիր ստացել է 1,028-ը, իրացրել՝ 118-ը։
Ի՞նչ խնդիրների են բախվում հավաստագիր ստացած ընտանիքները
Գայանե Բալյանի ընտանիքը առաջիններից է, որ հավաստագիր է ստացել։ Նրանք դիմել են ծրագրին առաջին փուլի երրորդ կետով, որը հնարավորություն է տալիս վարկունակ ընտանիքին ձեռք բերել տուն՝ հավելլյալ վարկի ձևակերպմամբ։ Սակայն Ամերիաբանկը, որի հետ աշխատում է իրենց գտած բնակարանի կառուցապատողը, չի տալիս լրացուցիչ վարկ։
«Դիմեցինք ծրագրի պատասխանատուին, ասաց՝ մենք լծակ չունենք բանկին պարտադրելու հավելյալ հիփոթեք տալ, ասացին՝ դիմեք էվոկաբանկին. պարզվեց, որ էվոկաբանկը տրամադրում է հիփոթեք, սակայն էվոկաբանկի հետ աշխատող կառուցապատողների շենքերի շինավարտը ուշ է՝ 2026-ի վերջ - 2027-ի սկիզբ, այս պարագայում մեր խնդիրը դա է, քանի որ 40+10 աջակցությունը շուտով վերջանում է, դժվար է լինելու և բնակարանի հիփոթեք վճարել, և վարձով ապրել մինչև 2027 թվականը»,- ասում է Գայանեն։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ Հայէկոնոմբանկը, էվոկաբանկը և Ֆասթ բանկը տրամադրում են հիփոթեքային վարկ՝ տան արժեքի առնվազն 30%-ի չափով լրացուցիչ վճար կատարելու կամ վարկունակության դեպքում հավելյալ հիփոթեքային վարկ ձևակերպելու պայմանով։
Բայց Գայանե Բալյանի խոսքով՝ Հայէկոնոմբանկն իրենց վարկունակությունը դիտարկում է բնակարանի ողջ գումարի չափով, այլ ոչ թե հավաստագրի գումարը բնակարանի ընդհանուր գնից հանած. այս դեպքում՝ իրենք չեն կարող վարկունակ համարվել, բացի այդ էլ՝ վարկի մարման ժամկետը տասը տարի է, նրա կարծիքով՝ եթե ավելի երկար ժամկետով տրամադրվի վարկը, հեշտ կլինի մարելը։
Տավուշի սահմանամերձ Բերդավան գյուղում հաստատված Սասուն Հայրապետյանի ընտանիքն էլ գրեթե իրացրել է սերտիֆիկատը։ Բերդավան գյուղում 32 մլն արժողությամբ տուն են ձեռք բերել, նրանց հասնում է 35 մլն դրամ։ Բայց նրանք ևս խնդրի են առնչվել. Սասունի ընտանիքը ժամկետանց վարկային պարտավորություն ուներ։ Մի կերպ փակել են երեք միլիոնի վարկ, որպեսզի կարողանան իրացնել հավաստագիրը։ Սասունի խոսքով՝ 2020-ի պատերազմից հետո Արցախի կառավարությունը պետք է մարեր իրենց վարկը, սակայն այստեղ պարզել են, որ վարկը չի մարվել, ու իրենք էլ հարկադիրում են։

«Ուրիշ թղթաբանության հետ կապված խնդիրներ չեն եղել, ամեն ինչն իր հունով ինչպես ընթացակարգը նախատեսված է, կազմակերպվել է, ճիշտ է՝ մի քիչ ժամանակատար է եղել, բայց հիմնական հարցը միայն արցախցիների՝ բանկերում ունեցած խնդիրներն են, որոնց նաև մենք ենք բախվել»,- ասում է Սասունը։
Բազմաթիվ արցախցի ընտանիքներ շարունակում են չդիմել ծրագրին
Առաջին փուլի շահառու ընտանիքների թիվը 4,200 է։ Բազմաթիվ ընտանիքներ շարունակում են չդիմել տարբեր պատճառներով։
Արմեն Աղաջանյանի ընտանիքը քաղաքացիություն է ստացել՝ ծրագրին դիմելու համար, բայց առ այսօր չեն դիմել։ Արմենի աշխատանքը Երևանում է, երեխաներն էլ հարմարվել են տեղի դպրոցին ու արդեն բազմաթիվ խմբակների են հաճախում, այդ պատճառով էլ հենց Երևանում են ուզում տուն ձեռք բերել, բայց չգիտեն, թե հասանելիք գումարով ինչպես կարող են ձեռք բերել այստեղ կամ գոնե հարակից բնակավայրում.
«Չեմ կարծում, որ աշխատավարձս այդ մինիմալ զամբյուղը կանցնի և ինչ-որ հիփոթեք կտրամադրվի մեզ։ Այդ աջակցությունը 15 մլն է դառնում մեզ համար, իսկ 15 մլն-ով քաղաքային բնակավայրում անհնար է տուն գտնել։ Չգիտեմ` միգուցե ավելի ցածր տոկոսադրույքով հիփոթեք կտրամադրվի լրացուցիչ»,- ասում է Արմենը՝ հույս հայտնելով, որ գուցե նախարարությունը հետագայում փոփոխություններ կատարի ծրագրում։

Ծրագրով Երևանում, քաղաքային ու քաղաքամաերձ այլ մի շարք բնակավայրերում աջակցության երեք միլիոն դրամի չափն է գործում, իսկ 5 միլիոն դրամի չափը մեծամասամբ սահմանված է Ադրբեջանի հետ սահմանամերձ բնակավայրերում։ Բայց օրինակ Տավուշի սահմանամերձ Բերդավանում բնակվող Վիգեն Ասրյանն ու իր կինը չգիտեն՝ արդյո՞ք իրենց հասանելիք տասը միլիոնով կարող են այդտեղ տուն գնել։
«Որոշակի գումար տրամադրելով տուն առնել չի ստացվում, դե հո չեմ գնալու վագոնչիկի մեջ մնամ, այստեղ էլ որպես սահմանամերձ հաշվում են 5 մլն դրամ, դե 5 գումարած 5՝ 10, ես որտե՞ղ դրանով տուն առնեմ»,- ասում է Վիգենը։
Ի՞նչ պատկեր է բնակապահովման ծրագրում
Ապրիլի 14-ի դրությամբ 118 հավաստագիր իրացնողներից 36-ը լրացուցիչ միջոցներ են ներդրել՝ իրացման համար։ 26 ընտանիք հավաստագիրն իրացրել է գործող հիփոթեքային վարկի մարման բաղադրիչի շրջանակում։
Ստորև ներկայացնում ենք հավաստագիրն իրացնողների պատկերն՝ ըստ մարզային բաշխվածության.
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը վստահեցրել է, որ վատ վարկային պատմություն ունեցողների խնդիրը գրեթե լուծված է, ու եթե աջակցության չափը բավական լինի տուն գնելու համար, ապա ժամկետանց վարկային պարտավորությունները խնդիր չեն դառնա։ Իսկ քիչ դիմելիության մասով բերել է նախորդ ծրագրերի օրինակը, որոնք ժամանակի ընթացքում շատ դիմելիություն են ունեցել։
«Նաև զուգահեռ իրականացնում ենք սոցիալական բնակարանաշինության ծրագիրը և այսօր արդեն մի քանի շենք նախապատրաստվում է հենց այս տիպի բնութագրերով մարդկանց համար, այսինքն եթե մարդը իրապես չի կարողանում իրացնել որևէ կերպ իր հավաստագիրը, հատկապես խոցելի խմբերը, նրանք հնարավորություն կունենան օգտվել այս տարբերակից, որտեղ կլինի ամենօրյա ուշադրություն, խնամք միգուցե»,- ասել է փոխնախարարը։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների ու կառավարության միջև քննարկումներից հետո՝ ապրիլի 30-ին կառավարությունը երկու ամսով երկարաձգեց արցախցիներին տրվող բնակվարձի աջակցությունը, որպեսզի այդ ընթացքում քննարկի սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի, այդ թվում բնակծրագրի լավարկման վերաբերյալ առաջարկները։
Բազմաթիվ արցախցի ընտանիքներ սպասում են աջակցության գումարային չափի վերանայմանը, որպեսզի օգտվեն ծրագրից, իսկ սերտիֆիկատը ստացողներից շատերն էլ վարկունակության ու ընդհանրապես՝ բանկային խնդիրների լուծմանն են սպասում՝ այն իրացնելու համար։
Civilnet











