Գենդերային անհավասարությունը Հայաստանի աշխատաշուկայում

Գևորգ Թոսունյան
Հայաստանի աշխատաշուկայում կանանց մասնակցությունն ավելի ցածր է, քան տղամարդկանց։ ՍիվիլՆեթն ուսումնասիրել է վիճակագրական տվյալներն ու կառավարության զբաղվածության ռազմավարությունը, ինչպես նաև պետական համակարգի վերաբերյալ սեփական հետազոտությունն է իրականացրել՝ հասկանալու՝ որքանով են կանայք ներգրավված տարբեր ոլորտներում։
Կանայք մեծապես կատարում են չվարձատրվող աշխատանք
«Հայաստանի կանայք և տղամարդիկ» (2024) զեկույցի համաձայն` 15-74 տարեկան արական սեռի բնակչության 72.1%-ը և իգական սեռի բնակչության 50%-ը զբաղված է կամ ակտիվորեն փնտրում է աշխատանք:
Մտահոգիչը, սակայն, այլ վիճակագրություն է՝ Հայաստանում իգական սեռի ներկայցուցիչները մեծապես կատարում են չվարձատրվող աշխատանք։ Ըստ կոմիտեի՝ վարձրատրվող աշխատանքի ընդհանուր թվում տղամարդիկ 56 տոկոս են կազմում, կանայք` 44 տոկոս, իսկ չվարձատրվող աշխատանքի, այսինքն՝ սեփական սպառման համար ապրանքների արտադրության թվում կանայք 63 տոկոս են կազմում, տղամարդիկ` 37 տոկոս։

Տվյալների համաձայն՝ գործատուների և ինքնազբաղվածների մեծամասնությունը տղամարդիկ են: Այլ կերպ ասած՝ ամեն չորս գործատուից մեկն է կին է:
Կանայք համեմատաբար ավելի լավ կարգավիճակում են՝ ժամային վարձատրության առումով։
«Գենդերային ճշգրտված խզվածքը գնահատվում է 27.5%: Այն ավելի մեծ է, քան վարձատրության չճշգրտված խզվածքը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ աշխատող կանայք ունեն աշխատաշուկայի ավելի լավ բնութագրեր, քան տղամարդիկ»,- նշված է զեկույցում:
Վերադարձ աշխատաշուկա
Կանանց շրջանում երկարատև գործազրկությունը խնդրահարույց է։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023-ին երկարատև գործազրկության մակարդակը (ԵԳՄ) հատկապես բարձր է կանանց շրջանում՝ կազմելով իգական սեռի գործազուրկ բնակչության 54.2 տոկոսը:

Այս խնդիրը նկատել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և մշակել է աջակցության առանձին ծրագիր։
«30 տարեկանից հետո, երբ երեխան արդեն դպրոց է հաճախում, կանայք փորձում են վերադառնալ աշխատաշուկա։ Չնայած նրան, որ մեր երկրում բարձրագույն կրթություն ստացած քաղաքացիների մեծ մասը կանայք են, վերադառնալիս նրանք հաճախ բախվում են արդիական գիտելիքների պակասի խնդրին։ Նրանց կրթությունն այլևս չի համապատասխանում ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին, ինչի հետևանքով նրանք կամա թե ակամա հայտնվում են ցածր որակավորում և ցածր վարձատրություն պահանջող աշխատատեղերում։ Սա, իր հերթին, հանգեցնում է աշխատավարձային խզվածության»,- ՍիվիլՆեթի հարցազրույցում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։
Կառավարության զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագրի համաձայն՝ աշխատանքային տարիքի կանանց մեկ հինգերորդն աշխատանքի շուկայում ներգրավվում է 30 տարեկանից հետո` ֆորմալ կրթությունն ավարտելուց գրեթե մեկ տասնամյակ անց: Տղամարդիկ աշխատաշուկա ավելի վաղ տարիքում և ավելի արագ են մտնում, քան կանայք:
Տղամարդկանց գրեթե կեսն արդեն իսկ 20-24 տարեկանում զբաղված է։ Տղամարդկանց զբաղվածության մակարդակն առավելագույն արժեքի (շուրջ 79.8%) մոտենում է 30-34 տարիքային խմբում։
Պետական համակարգ
Աշխատող կանանց 30 տոկոսը պետական համակարգում է, 70 տոկոսը՝ ոչ պետական ոլորտում, իսկ տղամարդկանց շրջանում՝ 17 տոկոսը պետական, 83 տոկոսը ոչ պետական։

Ղեկավար պաշտոն զբաղեցնող տղամարդիկ գերազանցում են կանանց: Օրենսդիր, գործադիր, դատական, ՏԻՄ, կազմակերպությունների, քաղաքական և հասարակական միավորումների ղեկավարների շրջանում 33 տոկոսն են կանայք։
Ազգային ժողովում պատգամավորների շրջանում տղամարդիկ շարունակում են գերակշռել․ պատգամավորների 39 տոկոսն է միայն կին (42 պատգամավոր)։
Ազգային ժողովի աշխատակազմում ղեկավար պաշտոն զբաղեցնողների 41.9 տոկոսը կամ 13-ն է կին, իսկ 58,1 տոկոսը կամ 18-ը՝ տղամարդ։
ՍիվիլՆեթն ուսումնասիրել է նաև նախորդ տարվա տվյալները։ 2024-ին իրավիճակն ավելի բարվոք էր․ ԱԺ աշխատակազմի ղեկավար օղակի 33 պաշտոնյաներից 17-ը կամ 51 տոկոսը կին էին։
Խորհրդարանի, այսպես ասած, ուղեղային կենտրոնը հանձնաժողովներն են։ Ազգային ժողովն ունի 12 մշտական հանձնաժողով։
Այս հանձնաժողովների 100 անդամներից միայն 42-ն է կին (42 տոկոս). համեմատության համար՝ նախորդ տարի նույն ժամանակահատվածում մշտական հանձնաժողովների կազմերի 37 տոկոսն էր կին։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ընդհանրապես կին ներկայացուցիչ չունի, ի հակադրոթյուն այս իրավիճակի՝ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի 7 անդամներից 6-ն է կին։
Կառավարության 15 անդամներից 4-ն է կին։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում կառավարությունն ուներ կին 2 անդամ։
Վատ է պատկերը նաև վարչապետի աշխատակազմում․ 37 պաշտոնյաներից ընդամնեը 9-ն է կին, այսինքն՝ 23 տոկոսը։ 2024-ին աշխատակազմի ղեկավար օղակների և ստորաբաժանումների պետերից միայն 6-ը կամ 17 տոկոսն էր կին։

Ուժային և իրավապահ մարմիններում բարվոք ցուցանիշներ ունի դատախազությունը
Ներքին գործերի նախարարության աշխատակազմում մեծ հաշվով էական առաջընթաց չի արձանագրվել նախորդ տարվա հետ համամատած։ 2024-ին այս գերատեսչության ղեկավար օղակների բոլոր անդամները տղամարդ էին, բացի փոխնախարար Արփինե Սարգսյանից, այս տարի էլ բոլորը (17 անձ) տղամարդ են, բացի նախարար Արփինե Սարգսյանից։
Պաշտպանության նախարարության ղեկավար օղակի բոլոր անդամները բացառապես տղամարդիկ են՝ ոչ փոխնախարար, ոչ էլ դեռևս կին վարչության պետեր չկան պաշտպանական գերատեսչությունում։
Նախորդ տարի ևս ՊՆ-ի աշխատակազմը ղեկավարում էին բացառապես տղամարդիկ՝ 20 հոգի։ Իրավիճակը ոչնչով չի տարբերվում Հակակոռուպցիոն կոմիտեում․ ղեկավար օղակի բոլոր ներկայացուցիչները տղամարդիկ։
Քննչական կոմիտեում էլ վարչության պետերի ու տեղակալների շրջանակում միայն մեկն է կին, նախորդ տարի երկուսն էին։ Կոմիտեն երկու բաժիններ ունի, որոնք կանայք են ղեկավարում։

Ամենաբարվոք վիճակը գլխավոր դատախազությունում է, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ունի մեկ կին տեղակալ, իսկ նրա բոլոր 5 խորհրդականներն ու 3 օգնականները բացառապես կանայք են։
Դատախազության 13 վարչություններից 2-ը ղեկավարում են կանայք։ Նախորդ տարի ևս դատախազությունն, ի տարբերություն մյուս իրավապահ ու ուժային կառույցների, կանանց ներգրավվածության մասով ամենալավ դիրքերում էր։

Չնայած առաջընթացին՝ կանայք Հայաստանում շարունակում են ունենալ սահմանափակ ներգրավվածություն թե՛ աշխատաշուկայում, թե՛ պետական կառավարման տարբեր օղակներում։ Նրանք մեծապես ընդգրկված են չվարձատրվող աշխատանքներում, իսկ աշխատաշուկա վերադարձը հաճախ զուգորդվում է գիտելիքների պակասով և որպես հետևանք՝ ցածր վարձատրությամբ։ Պետական կառույցներում կանանց ներկայությունը զգալիորեն ցածր է, հատկապես՝ ղեկավար օղակներում և ուժային ոլորտներում։ Այս ամենը վկայում է ոչ միայն կառուցվածքային, այլև մշակութային փոփոխության անհրաժեշտության մասին։
Գլխավոր լուսանկարն ու բոլոր ինֆոգրաֆիկաները պատրաստվել են արհեստական բանականության գործիքների միջոցով
Civilnet










