Գևորգ Թոսունյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի «մեդիան մեզ մոտ դարձել է մի մեծ աղբանոց» արտահայտությունը ՍիվիլՆեթին ուղղված չի եղել, այլ ընդհանրական գնահատական է եղել։ Այս մասին մայիսի 6-ին դատարանում հայտարարեց Ավինյանի ներկայացուցիչ Վահագն Գասպարյանը՝ ՍիվիլՆեթի մայր կազմակերպության՝ Սիվիլիթաս հիմնադրամի՝ քաղաքապետի դեմ ներկայացված քաղաքացիական գործով:
Ավինյանն այդ արտահայտությունն արել էր 2024-ի դեկտեմբերի 18-ին «Ֆակտոր» հեռուստաընկերության եթերում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ բանավեճի ընթացքում՝ արձագանքելով իրեն ուղղված մեղադրանքներին և իր ընտանիքի վերաբերյալ ՍիվիլՆեթի և Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագծի (OCCRP)՝ «Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու» հետաքննական հոդվածին։
Դատական նիստի ընթացքում Ավինյանի ներկայացուցիչն ընդգծեց, որ քաղաքապետը «խոսել է ստի ու մանիպուլյացիայի մասին»՝ առանց որևէ կոնկրետ լրատվամիջոց թիրախավորելու. «Դուք պետք է հիմնավորեք, թե որ խոսքի որ պահն է ձեզ վերաբերում»,- ասաց փաստաբանը։
Սիվիլիթասի ներկայացուցիչ Կարեն Տոնոյանը հակադարձեց՝ նշելով, որ արտահայտությունն ուղղված էր հենց ՍիվիլՆեթին. «Ուղիղ եթերում քննարկվում էր ՍիվիլՆեթի հոդվածը։ Արտահայտությունը հնչել է այդ կոնտեքստում։ Բացի այդ, հաղորդավար Ռոբերտ Անանյանն էլ անմիջապես արձագանքել է՝ խնդրելով չթիրախավորել ՍիվիլՆեթի գործընկերներին»։
Ըստ Տոնոյանի՝ Ավինյանը ոչ միայն չի հերքել, որ խոսքը վերաբերում էր ՍիվիլՆեթին, այլ ավելացրել է, որ անհրաժեշտ է թիրախավորել սուտն ու մանիպուլյացիան։
«Այսինքն՝ նույնիսկ հաղորդավարի մոտ այդ համոզմունքն է ձևավորվել, որ արտահայտությունն ուղված էր հենց ՍիվիլՆեթի դեմ։ Հաղորդավարը, որպես չեզոք անձ, այդ պահին նկատել է տվյալ հանգամանքը»,- ամփոփեց փաստաբանը։
Դատավոր Տիգրան Գրիգորյանը լսեց կողմերին, այնուհետև բաշխեց ապացուցման բեռ և նշանակեց հաջորդ նիստի օրը՝ հունիսի 3-ին, ժամը 17:00-ին։
Հայցերն ու պահանջները
ՍիվիլՆեթն այս գործով դատարանին խնդրում է Տիգրան Ավինյանին պարտավորեցնել «Ֆակտորի» ուղիղ եթերում հրապարակայնորեն ներողություն խնդրել վերոնշյալ արտահայտության համար և հեռուստաընկերության կայքում հրապարակել դատարանի վճռի եզրափակիչ մասը։
Քաղաքացիական այս հայցով Սիվիլիթաս հիմնադրամը Ավինյանից դրամական փոխհատուցում չի պահանջում։
ՍիվիլՆեթի հետաքննական հոդվածի համար էլ Տիգրան Ավինյանը դատական հայցով պահանջում է հերքում և 3 մլն դրամ։ Ավինյանի հայցը Սիվիլիթասի դեմ նախորդել է Սիվիլիթասի հայցին նրա դեմ։
ՍիվիլՆեթի լրագրողներ Մկրտիչ Կարապետյանի և Անի Գրիգորյանի հետաքննությունը բացահայտել էր, որ 2018-2021 թթ., երբ փոխվարչապետի պաշտոնում Ավինյանը համակարգում էր նաև գյուղատնտեսության ոլորտը, գյուղատնտեսական մի ծրագրի ինը շահառու ենթապայմանագրային աշխատանք են տվել ծրագիրը վերահսկող պաշտոնյայի՝ Տիգրան Ավինյանի ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ընկերությանը:
Այդ շահառուներից հինգը ստացել է մոտ 620,000 դոլարի ուղղակի վճարումներ՝ ինտենսիվ այգիներ հիմնելու համար: Այգիների հիմնումն իրականացրել է Ավինյանների ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ՍՊԸ-ն։ Հետաքննության պատրաստման ընթացքում ՍիվիլՆեթը բազմիցս փորձել է կապ հաստատել Ավինյանի և նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև քաղաքապետարանի խոսնակի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով։ Ավինյանները չեն արձագանքել հարցումներին և չեն օգտվել հերքման իրավունքից։
Civilnet











