Առանց վարորդականի երթևեկություն, արտահերթ քննության հնարավորություն․ ՆԳՆ նախագիծը

Ներքին գործերի նախարարությունը առաջարկում է հնարավորություն տալ ՀՀ տարածքում երթևեկել առանց հաշվառման վկայագրի և վարորդական վկայականի ֆիզիկական առկայության, եթե այդ փաստաթղթերը հատկացվել են ՀՀ իրավասու մարմինների կողմից։ Նախագիծը հաստատվեց կառավարության՝ մայիսի 15-ի նիստում։
«Հարկ է նշել նաև, որ նախագիծը չի բացառի ֆիզիկապես հաշվառման վկայագիր և վարորդական վկայական ունենալու գործընթացը, այլ, դիմողի ցանկությամբ, կապահովվի դրանց թվային տարբերակը հատկացնելու հնարավորություն»,- ասված է նախագծում։
Գերատեսչությունը առաջարկում է նաև սահմանել պետական տուրք վարորդական և հաշվառման վկայականների թվային տարբերակների տրամադրման համար՝ նույն չափով, ինչ ֆիզիկական տարբերակների դեպքում։
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնեց նաև, որ գործող վարորդական վկայական ունեցողը կարող է դիմել ու ստանալ թվային վկայական։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը վարում էր կառավարության նիստը, առաջարկեց հետագայում վերանայել քաղաքականությունը։
Ըստ նախագծի՝ այս կարգավորումները կնվազեցնեն քաղաքացու բյուրոկրատիկ ծանրաբեռնվածությունը և կնպաստեն գործընթացների թվայնացմանը՝ առանց ՆԳՆ ստորաբաժանում այցելելու։ Հաշվառման վկայագրերն ու պետհամարանիշները հնարավոր կլինի ստանալ փոստային առաքմամբ՝ մինչև բնակության հասցե։ Նախագծով նախատեսվում է սահմանել պետական տուրք նաև հաշվառման փաստաթղթերի առաքման համար։
Գերատեսչությունը նաև առաջարկում է սահմանել արտահերթ քննության մասնակցության նոր մեխանիզմ։ Ըստ ՆԳՆ-ի՝ հանրային պահանջարկով պայմանավորված՝ առաջարկվում է տեսական կամ գործնական քննության մասնակցության արտահերթ հնարավորություն՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար։
Ըստ նախագծի՝ պետտուրքի չափը կախված կլինի այն օրվանից, որը վարորդի թեկնածուն կնախընտրի քննության համար: Նշվում է, որ այն դեպքում, երբ թեկնածուն ցանկանա հաջորդ օրը կրկին քննություն հանձնել, կվճարի 45,000 դրամ, եթե 3-րդ օրը՝ 30,000 դրամ։
Անհաջող փորձերից հետո քննությանը մասնակցելու համար պետք է վճարել նույն չափով՝ կախված օրերի ընդմիջումից։
«Տեխնիկական զարգացումներն ու քաղաքացիների թվային հասանելիությունը հնարավորություն են տալիս բարեփոխել գործող գործընթացները՝ առանց որակի կորստի, բայց ավելի հարմար՝ քաղաքացիների համար»,- ասված է նախագծում։
Նախագծով առաջարկված փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2025 թվականի սեպտեմբերի 1-ից, եթե Ազգային ժողովն այն հաստատի։
Civilnet










