Գլխավոր Լրահոս

ՆԳՆ-ն չի բացահայտում հայ-ադրբեջանական համաձայնությունը, որով դադարեցվել է պատերազմական հանցագործի հետախուզումը

ՆԳՆ-ն չի բացահայտում հայ-ադրբեջանական համաձայնությունը, որով դադարեցվել է պատերազմական հանցագործի հետախուզումը

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Ներքին գործերի նախարարությունը չի բացահայտում Ադրբեջանի հետ համաձայնության մանրամասները, որոնց հիմքով 2024-ին դադարեցվել է ռազմական հանցագործության մեջ մեղադրվող ադրբեջանցու հետախուզումը:

2025-ի ապրիլին հայտնի դարձավ, որ Հայաստանը դադարեցրել է ադրբեջանցի բլոգեր Քյամիլ Զեյնալիի դեմ ԱՊՀ երկրներում միջպետական հետախուզումը: Զեյնալին մեղադրվում է 2020-ին Հադրութում տարեց արցախցու սպանության մեջ։

ՆԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ Զեյնալիի հետախուզումը դադարեցվել է երկու երկրների միջև 2007-ին ձեռք բերված և 2024-ին վերահաստատված պայմանավորվածության շրջանակում: 

#CivilNetCheck-ը հարցմամբ պահանջել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև 2007-ին կնքված՝ ԱՊՀ տարածքում միմյանց քաղաքացիների հետախուզումից հրաժարվելու համաձայնության մանրամասները: Մայիսի 14-ին ստացված պատասխանում ՆԳՆ-ն նշել է, որ այս պայմանավորվածությունը «հանդիսանում է սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն, այն է՝ «Ծառայողական օգտագործման համար» փաստաթուղթ», և հրապարակման ենթակա չէ»:

ՆԳՆ-ն խուսափում է պատասխանել հարցերին

ՆԳՆ-ն չի պատասխանել երկու այլ կարևոր հարցի. #CivilNetCheck-ը պարզաբանում էր խնդրել, թե ինչու ԱՊՀ տարածքում միջպետական հետախուզումից բացի՝ Զեյնալիի և այլ կասկածյալների դեմ միջազգային հետախուզում չի հայտարարվել, և շարունակվում է արդյոք նրանց նկատմամբ քրեական վարույթը Հայաստանում:

Հարցերին ուղղակի պատասխանելու փոխարեն՝ նախարարությունն ուղղորդել է դեպի «Արմենպրես»-ի՝ ապրիլի 9-ին հրապարակած պարզաբանումը, որը սակայն չի պարունակում նշված հարցերի պատասխանները։

Տես՝ Հետախուզումների փոխադարձ դադարեցում. Զեյնալիի գործն ու 2007-ի անհայտ համաձայնագիրը

Ուշագրավ է, որ հայ-ադրբեջանական այս ենթադրյալ համաձայնության մասին ո՛չ 2007-ին, ո՛չ էլ 2024-ին պաշտոնական հայտարարություններ չեն եղել։ Անհայտ է նաև, թե ինչ ձևաչափով է կնքվել համաձայնությունը, ով է ստորագրել կամ վերահաստատել այն։

2016-ին Հայաստանը վավերացրել է ԱՊՀ-ի «Անձանց միջպետական հետախուզման մասին» 2010-ի պայմանագիրը, սակայն թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը այդ փաստաթուղթը ստորագրել են վերապահումներով։

«Ծառայողական օգտագործման համար». թափանցիկության նոր խոչընդոտ

Նախարարության պատասխանը տրամադրվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված 30-օրյա ժամկետի խախտմամբ: Բացի այդ, խախտվել են նաև Կառավարության 2015-ի հոկտեմբերի 10-ի որոշման դրույթները, ըստ որի՝ պետական մարմինը պարտավոր է տրամադրել բոլոր հարցերի հավաստի և լրիվ պատասխանները։

Կառավարությունը «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն» նշումով տեղեկատվության տրամադրման մերժումը «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում ներմուծել է 2023-ի մարտին։ Եթե նախկինում տեղեկատվությունը մերժելու հիմք էին պետական, բանկային կամ առևտրային գաղտնիքները, ապա այժմ դրանց ավելացել է «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն» հասկացությունը։

Դեռ 2023-ին քաղհասարակության ներկայացուցիչները և փորձագետները ահազանգում էին, որ լղոզված այս ձևակերպումներով օրենսդրական փոփոխությունները կարող են էականորեն սահմանափակել տեղեկատվության ազատությունը։

Ավելի վաղ ՆԳՆ-ն և ԱԳՆ-ն #CivilNetCheck-ին մերժել էին տրամադրել 1999-ին ԼՂՀ և ՀՀ միջև «անձնագրային համակարգի կազմակերպման մասին համաձայնագիրը», որի հիման վրա կառավարությունը 2023-ի հոկտեմբերին Արցախից տեղահանված քաղաքացիներին չի ճանաչում որպես ՀՀ քաղաքացիներ՝ նրանց 070 կոդով ՀՀ անձնագրերը համարելով պարզապես «ճամփորդական փաստաթուղթ»։ Այս փաստաթուղթը գաղտնագրվել է 2023-ի դեկտեմբերին՝ #CivilNetCheck-ի բազմաթիվ հարցումներից հետո։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում