Անվստահություն՝ առանց ձայների․ ինչպես տապալվեց Մարուքյանին առաջադրելու Աղազարյան-Ասլանյան փորձը

Գևորգ Թոսունյան
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայամանգիր» խմբակցության նախկին երկու անդամ, ներկայում անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անսվստահություն հայտնելու գործընթացը չսկսված ավարտվում է։ Նրանք վարչապետի թեկնածու էին ցանկանում առաջադրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, նախկինում Փաշինյանի կառավարության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանին։
Մայիսի 19-ին պատգամավոր Աղազարյանն ու Ասլանյանը իրենց սենյակ էին հրավիրել Էդմոն Մարուքյանին։ Նրանք ուղիղ հեռարձակման ժամանակ հայտարարեցին, որ սկսում են ստորագրություններ հավաքել։ Այդ պահին պահանջվող 36 ձայներից ունեին ընդամենը 2-ը՝ իրենցը։
Վարչապետին անվստահություն հայտնելու թեման հանրային տիրույթում հայտնվեց 2025-ի ապրիլի 28-ից, երբ «Արթուն ենք» քաղաքացիական շարժման անդամները 107 պատգամավորի անունով նամակներ փոխանցեցին Ազգային ժողով։ Այս նախաձեռնությունը ղեկավարում են հասարակական-քաղաքական գործիչներ Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը։ Ընդդիմությունը տարբեր հայտարարություններ տարածեց, սակայն գործընթացն այդպես էլ տեղից չէր շարժվում, անգամ թեկնածուի անուն չէր շրջանավում, ուստի Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը որոշեցին իրենց թեկնածուին ներկայացնել։
Ինչ են ասում թվերը
Ինչպես է այս գործընթացն իրականացվում խորհրդարանում՝ ըստ Սահմանադրության և Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի․
- Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու։ Այսինքն՝ հարկավոր է առնվազն 36 պատգամավոր, որ ներկայացվի անվստահության նախագիծը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների թիվը 34 է, քանի որ նախորդ տարեվերջին «Հայաստան» խմբակցությունից դուրս է եկել Գեղամ Նազարյանը, իսկ 2021-ին՝ «Պատիվ ունեմ»-ից՝ Իշխան Զաքարյանը։
- Հավաքական ընդդիմության դեպքում հարկավոր է երկու ձայն, տվյալ դեպքում խմբակցություններում չընդգրկված երկու պատգամավոր. նախկին ՔՊ-ականներ Աղազարյանն ու Ասլանյանը, պատրաստ են միանալ ընդդիմադիրներին, սակայն պայմանով, որ վարչապետի թեկնածուն լինի Էդմոն Մարուքյանը։
- Տեսականորեն, եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին հաջողվի ստանալ Գեղամ Նազարյանի ու Իշխան Զաքարյանի ձայները, ապա իրենք առանց Աղազարյանի ու Ասլանյանի ևս կկարողանան սկսել անվստահության գործընթաց։ («Հայաստան» խմբակցությունը իրատեսական չէր համարում վարչապետին իմփիչմենթի ենթարկելու «Արթուն ենք» քաղաքացիական շարժման նախաձեռնությունը, իսկ խմբակցության քաղաքական առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին հայտարարեց, որ չի պատրաստվում մտնել մի գործընթացի մեջ, «որը զրոյին ձգտող հաջողության հավանականություն ունի»)։
- Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան 48, և ոչ ուշ, քան 72 ժամ հետո։
- Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ։ Այսինքն՝ 107 պատգամավորներից առնվազն 54-ը պետք է միանա, սակայն ընդդիմությունն այդքան ձայն չունի:
- Տվյալ դեպքում՝ հարկավոր է լինելու նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների առնվազն 18 ձայն. ՔՊ-ն բազմիցս հայտարարել է, որ չի միանա Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին։
Աղազարյան-Ասլանյան մեռելածին նախաձեռնությունը
Մայիսի 19-ին Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարեց, որ մերժում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու գործընթացին աջակցությունը։ «Հայաստան» խմբակցությունն անգամ չէր էլ անդրադարձել այս հարցին։
«Ներկայացվող թեկնածուն իր քաղաքական հետագծով ոչնչով չի տարբերվում գործող կառավարիչներից և նույնչափ կրում է մեր երկրի ծանր իրավիճակի պատասխանատվությունը։ Այլ կերպ ասած՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ Փաշինյան 2»-ով փոխարինելու գործընթացին, հետևաբար թեկնածուի հետ հանդիպման անհրաժեշտություն չենք տեսնում»,- նշված է հայտարարությունում։
Սա նշանակում է, որ խմբակցության վեց պատգամավորները չեն տա իրենց ստորագրությունները։ Եթե անգամ «Հայաստան» խմբակցությունը միանա, ձայները բավարար չեն լինի նախագիծը խորհրդարան ներկայացնելու համար, էլ չենք ասում՝ ընդունելու։
Ինչ եղավ անվստահության նախորդ փորձի հետ
2024-ի մայիսին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը բողոքի ցույցեր սկսեց հանրապետությունում, որոնք հետագայում կենտրոնացան մայրաքաղաքում։ Մայիսի 9-ին նա հայտարարեց, որ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները («Հայաստան» և «Պատիվ ունեմ») համաձայնություն են հայտնել սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց։
Այդ գործընթացը, սակայն, անգամ ստորագրությունների փուլ չհասավ։ Այդ ժամանակ ընդդիմադիրները միասին ունեին 35 ձայն (Գեղամ Նազարյանը այդ շրջանում «Հայաստան» խմբակցությունում էր), պակասում էր մեկը։ Ընդդիմությունը բանակցում էր Իշխան Զաքարյանի հետ, որն այնդպես էլ չմիացավ գործընթացին, որպեզի խորհրդարան բերեին նախագիծը։
Այս պայմաններում ընդդիմությունը հայտնվեց քաղաքական փակուղում։ Դրանից դուրս գալու փորձ էր թերևս, որ նրանք Ազգային ժողովի օրակարգ մտցրեցին ոչ թե իմփիչմենթի, այլ հրաժարականի ուղերձի նախագիծ։ Տվյալ դեպքում կար իմաստային և բովանդակային կարևոր տարբերություն․ ուղերձի նախագիծն ընդունվելուց հետո ենթադրվում է, որ այն պարզապես լինելու է ուղերձ, իմաստային ու բովանդակային առումով չի կարող հանգեցնել վարչապետի հրաժարականին։
Խորհրդարանական ընդդիմության այս նախագիծը տապալվեց։ Ըստ կանոնակարգի՝ Ազգային ժողովի հայտարարություններն ու ուղերձներն ընդունվում են քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին: Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» պարզապես չմասնակցեց քվերարկությանը, ու այն տապալվեց։
Civilnet










