Իրան-ԱՄՆ բանակցությունների 5-րդ փուլը տեղի կունենա մայիսի 23-ին Հռոմում

Իրան-ԱՄՆ բանակցությունների 5-րդ փուլը տեղի կունենա Հռոմում այս ուրբաթ՝ մայիսի 23-ին: X-ի էջում գրել է Օմանի արտաքին գործերի նախարար Սեյիդ Բադր բին Համադ բին Համուդ Ալբուսաիդին։
ԱՄՆ-ն և Իրանն Օմանի միջնորդությամբ անցկացրել են բանակցությունների չորս փուլ։ Առաջին փուլը տեղի է ունեցել Մասկատում ապրիլի 12-ին, երկրորդը՝ Հռոմում՝ ապրիլի 19-ին, երրորդը՝ Մասկատում՝ ապրիլի 26-ին, իսկ չորրորդը՝ կրկին Օմանի մայրաքաղաքում՝ մայիսի 11-ին։ Բանակցություններին մասնակցող իրանական պատվիրակությունը գլխավորում է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆը։
Նոր համաձայնության հասնելու մի քանի փորձերից հետո բանակցությունները վտանգվեցին ԱՄՆ-ի և Իրանի միջև ուրանի հարստացման վերաբերյալ տարաձայնությունների պատճառով։ Վաշինգտոնը պնդում է, որ Թեհրանը ամբողջությամբ հրաժարվի ուրանի հարստացումից իր միջուկային օբյեկտներում։
Իրանը վաղուց պնդում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում։ Միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Իրանը դադարեցրել է 2015-ի համաձայնագրի սահմանափակումների պահպանումը՝ արագացնելով ուրանի հարստացումը մինչև 60%։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տվյալներով՝ Իրանի հարստացման մակարդակն այժմ մոտ է միջուկային զենք արտադրելու համար անհրաժեշտ մակարդակին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ուժ կիրառել, եթե Իրանը հրաժարվի համաձայնագրից։
Civilnet










