Կարմիր գծերի թանկացումը՝ անվավեր․ ինչ մեկնաբանություն է տվել դատարանը

Վարչական դատարանը անվավեր է ճանաչել կարմիր գծերի թանկացման վերաբերյալ Երևան քաղաքի ավագանու 2024-ի դեկտեմբերի 24-ի որոշման այն կետերը, որով թանկացվում են կարմիր գծերը։ Դատարանը գտել է, որ այն հակասում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին։ Կարմիր գծերի շեշտակի թանկացման ավագանու որոշումը դատարանում վիճարկում է ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունը։
Դատարանը եզրահանգել է, որ քաղաքապետարանին չի հաջողվել որևէ կերպ հիմնավորել վճարի շեշտակի թանկացման անհրաժեշտությունը։ Քաղաքապետարանը առաջին գոտում տարեկան վարձավճարի 13 անգամ բարձրացումը հիմնավորում էր մայրաքաղաքի փոքր կենտրոնն էականորեն բեռնաթափելու հանգամանքով՝ պնդելով, որ նպատակ չունեն համայնքային բյուջեի եկամուտներն այս կերպ ավելացնել:
Նշենք, որ ավագանին ամեն տարվա վերջին որոշում է ընդունում, որով սահմանվում են տեղական վճարների դրույքաչափերը։ 2024-ին «Մայր Հայաստան» խմբակցությունը վիճարկել էր Երևանի ավագանու 2023-ի նմանաբնույթ որոշումը և առաջին ատյանում հաղթել էր։ Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, որ կվիճարկի դատարանի այդ որոշումը և այդպես էլ արեց, բայց հաջողության չհասավ որևէ այլ ատյանում։
2024-ի վերջին ավագանու ընդունած որոշմամբ կարմիր գծերի դրույքաչափը պահպանվեց։ 2025-ի հունվարին «Մայր Հայաստան» խմբակցությունը կրկին դիմեց վարչական դատարան՝ վիճարկելով արդեն այդ որոշումը։ Այսպիսով առաջին ատյանում խմբակցությունը հաղթեց։
Մայիսի 24-ի որոշման մեջ վարչական դատարանը մերժել է նաև խմբակցության դիմումը՝ վիճարկվող դրույթներն ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելու պահանջի մասով։ Դատարանի որոշումից հետո Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, որ բողոքարկելու է այն, ինչն էլ նշանակում է, որ իրավական ակտը օրինական ուժի մեջ դեռևս չի մտնի և կարող է փոփոխվել։
Այս հայցը դատարանը քննել է նախագահող դատավոր Ելենա Առաքելյանի, դատավորներ Գրիգոր Առաքելյանի, Լիլիթ Սադոյանի, Արմեն Ներսիսյանի և Կարեն Զարիկյանի կազմով։
Դատարանի եզրահանգման մեջ կա նաև վիճակագրություն։ Դատարանը Երևան քաղաքի ավագանուց այս տարվա փետրվարին պահանջվել էր որոշման ընդունման հիմնավորումները, ինչին ի պատասխան «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության կողմից տեղեկատվություն է տրվել առ այն, որ վճարովի ավտոկայանատեղերի համար կատարված տարեկան ծախսը կազմել է 447 մլն դրամ, ընդհանուր 3,237 ավտոտեղի համար, որի Ա գոտու համար ծախսը կազմել է ավելի քան 394 մլն ՀՀ դրամ՝ 2,417 ավտոտեղ և Բ գոտու համար՝ շուրջ 53 մլն ՀՀ դրամ՝ 821 ավտոտեղ:
Դատարանը փաստել է, որ ներկայացված ապացույցների շարքում, մասնավորապես, բացակայել են համայնքի ղեկավարի կողմից ավագանուն ներկայացված փոխհատուցման վճարների դրույքաչափերը:
Դատարանը նաև նշել է, որ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար փոխհատուցման վճարների դրույքաչափերը սահմանելու իր հայեցողական լիազորությունն իրականացնելիս վարչական մարմինը չի առաջնորդվել համաչափության սկզբունքով, քանի որ չի հիմնավորվում ընտրված միջոցի (սահմանված դրույթաչափերի) և անհրաժեշտ ծախսերի միջև արդարացի հավասարակշռումը՝ խախտելով օրենքի պահանջները:
Պետք է արձանագրել, որ դեռևս այս որոշումն ուժի մեջ չի մտել ու առաջիկայում, ըստ ամենայնի, այն ուժի մեջ չի մտնի, քանի որ Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է բողոքարկել իրավական ակտը։
2023-ի տարեվերջին ավագանու որոշմամբ մայրաքաղաքում ավտոկայանատեղիների վճարների դրույքաչաափերը բարձրացվել էին տարեկան մինչև 160,000 դրամ։ Որոշումն ուժի մեջ է մտել 2024-ի հունվարի 1-ից։ Մինչ այդ ավտոկայանատեղիների համար գործող տարեկան վճարը 12,000 դրամ էր։
Գևորգ Թոսունյան
Civilnet










