Գլխավոր Լրահոս

Երբ «գնացե՛ք, աշխատե՛ք»-ը փակում է մանկապարտեզի դուռը

Երբ «գնացե՛ք, աշխատե՛ք»-ը փակում է մանկապարտեզի դուռը

Մարիամ Աբրահամյան

«Գնացե՛ք, աշխատե՛ք» արտահայտությունն այսօր դարձել է ոչ միայն սոցիալական էմպատիայի բացակայության դրսևորում, այլև իրականությունից կտրված «քաղաքական» կեցվածք։ Արցախցիները հաճախ են լսում այդ արտահայտությունը, հատկապես այն ժամանակ, երբ տեղահանվածները բարձրաձայնում են իրենց հիմնարար իրավունքների խախտումների մասին, այդ թվում՝ սոցիալական ծառայություններից օգտվելու անհնարինության։ Բայց ինչպե՞ս աշխատել, երբ ընտանիքը չունի մշտական բնակության վայր, երբ բռնի տեղահանավածների համար մշակված բնակապահովման ծրագրերն անարդյունավետ են, երբ անգամ երեխային մանկապարտեզ ընդունելը, մեղմ ասած, խնդրահարույց է:

Հարցում

Փաստացի, Հայաստանում նախադպրոցական կրթության հասանելիության ճգնաժամ է, որը խորացել է Արցախի հայաթափումից հետո: Եվ սա ոչ թե սուբյեկտիվ կարծիք է, այլ չոր վիճակագրություն: 

Ճգնաժամը՝ վիճակագրությամբ

2025-ի տվյալներով՝ միայն Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող համայնքային մանկապարտեզներում հերթագրված է 16,509 երեխա, ինչը կազմում է արդեն հաճախող երեխաների մոտ 60%-ը (27,494 երեխա)։ Նրանցից 14,150-ը, այսինքն՝ շուրջ 86%-ը, համապատասխանում է մանկապարտեզ հաճախելու տարիքային խմբերին։ Այսինքն՝ խոսքը ոչ թե ժամկետից շուտ հերթագրված երեխաների, այլ կոնկրետ ներգրավման պատրաստ, բայց դուրս մնացած խմբերի մասին է։

Համեմատության համար նշենք, որ դեռ 2023-ի մարտի 3-ի դրությամբ հերթագրված էր 14,853 երեխա, և նույն ժամանակ մանկապարտեզներ հաճախում էր 27,490 երեխա։ Այսինքն՝ վերջին երկու տարվա ընթացքում, հատկապես՝ Արցախից բռնատեղահանման հետևանքով հերթագրված երեխաների թիվն աճել է 1,656-ով, սակայն ընդգրկվածության մակարդակը գրեթե չի փոխվել։

Տեղահանված ընտանիքները Երևանում բնակություն են հաստատել շատ հաճախ աշխատանք գտնելու ակնկալիքով։ Սակայն, երբ ծնողները չեն կարողանում ապահովել երեխայի ընդունելությունը մանկապարտեզ, նրանց զբաղվածության շանսերը կտրուկ նվազում են։ Թեև աշխատաշուկան առավելապես պահանջում է «մինչև 35 տարեկան, բարետես արտաքինով» անձանց, այս տարիքի կանանց զգալի մասը հենց նախադպրոցական տարիքի երեխաների մայրեր են, որոնց համար մանկապարտեզն աշխատանք գտնելու «ուղեգիր» է։ Բայց այս մայրերի երեխաները մանկապարտեզներում առաջնահերթություն չունեն։

Կարճաժամկետ լուծումները հստակ են, բացակայում է քաղաքական կամքը

Խնդրի կայուն լուծումը կապված է նոր մանկապարտեզների կառուցման հետ։ ՀՀ կառավարության 2023-ի մարտի 16-ի որոշմամբ (N 351-Լ) հաստատված է մինչև 2030-ը 500 մանկապարտեզի և նախակրթարանի կառուցման, վերանորոգման ծրագիր, որի նպատակն է նախադպրոցական հաստատություններում ընդգրկված 3-5 տարեկան երեխաների թիվը հասցնել առնվազն 95 տոկոսի։

Սակայն դա տարիներ կտևի, իսկ մարդկանց անհրաժեշտ են հրատապ լուծումներ։ Օրինակ, կարող է լինել մասնավոր մանկապարտեզների սուբսիդավորման պետական ծրագիր, որը տեղահանված և սոցիալապես խոցելի ընտանիքներին թույլ կտա օգտվել վճարովի մանկապարտեզների ծառայություններից՝ առանց բացառվելու։

Նման մոտեցումը միաժամանակ կլուծի մի քանի խնդիր՝

• երեխաները կստանան հոգեբանական կայունություն,

• ծնողները կկարողանան աշխատել,

• տեղահանված ընտանիքները կզգան, որ հանրային համակարգը նրանց ներառում է։

Այնուամենայնիվ, ԿԳՄՍ նախարարությունից ստացված պաշտոնական գրության մեջ սուբսիդավորման վերաբերյալ մեր հարցմանն ի պատասխան որևէ նախաձեռնություն չի նշվում, ինչը ստիպում է խոսել հենց քաղաքական կամքի բացակայության մասին։

Նախակրթական ներառականությունը շրջանցում է բռնի տեղահանության հանգամանքը

Ոչ պակաս կարևոր խնդիր է երեխաների ինտեգրումը մանկապարտեզներում։ Ներառական կրթության պահանջները, հատկապես՝ խոցելի խմբերի դեպքում, մնում են անտեսված։ Հատուկ կարիքներ ունեցող երեխաներին անհրաժեշտ է անհատականացված մոտեցում և մասնագիտացված աջակցություն, ինչը, սակայն, գրեթե անհնար է իրականացնել պետական մանկապարտեզներում՝ ռեսուրսների և համապատասխան մասնագետների պակասի պատճառով: Մեկ դաստիարակ և մեկ դայակ չեն կարող ապահովել օրենքով սահմանված թվաքանակով երեխաների պատշաճ խնամքն ու կրթությունը։

Բացի այդ, ոլորտում կա նաև մարդկային ռեսուրսի ներուժ։ Բազմաթիվ բռնատեղահանված մանկավարժներ, որոնք այսօր գործազուրկ են, կարող են ներգրավվել այդ խմբերում: Բռնի տեղահանված մանկավարժների ներգրավումը նախադպրոցական համակարգում կարող է նշանակալիորեն նպաստել տեղահանված երեխաների հուզական կայունացմանն ու սոցիալական ինտեգրմանը։ Նրանք կարող են ապահովել խոսքի ավելի լիարժեք ըմբռնում՝ հաշվի առնելով ընդհանուր լեզվամշակույթը և տեղական բարբառը, ինչը միաժամանակ կնպաստի լեզվական ինքնության պահպանմանը:

Ադապտացիայի մեխանիզմների բացակայությունը ևս խորացնում է խնդիրը։ Որոշ հոգեբաններ առաջարկում են թույլատրել, որ ադապտացիոն փուլում երեխաները հաճախեն խմբակ՝ սահմանափակ ժամերով, ծնողի ուղեկցությամբ, անհատական պլաններով։ Սակայն պետական մակարդակով մեթոդական ցուցումներ չկան, և բեռնված խմբերը թույլ չեն տալիս նման աջակցություն կազմակերպել։

Կարճաժամկետ արդյունավետ տարբերակ է մանկավարժական ֆակուլտետների ուսանողների ներգրավումը ադապտացիոն փուլի ընթացքում։ Սա կթեթևացնի դաստիարակի և դայակի բեռը՝ ստեղծելով փորձի փոխանակման միջավայր առանց պետական բյուջեի վրա լրացուցիչ բեռի։

Բռնությունը հայաստանյան մանկապարտեզներում

Պարբերաբար ստացվում են ահազանգեր երեխաների նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնության վերաբերյալ։ Պետական մանկապարտեզներում բռնության դեպքերի վերաբերյալ համակարգված վիճակագրություն չկա, սակայն ըստ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2025-ի զեկույցի՝ միայն 2024-ին գրանցվել է 97 դիմում. 2023-ին դիմումների թվը եղել է 67, 2022-ին՝ 66, 2021-ին՝ 50։

Իսկ ինչպե՞ս արձանագրել բռնությունը, երբ երեխաները դեռ չեն կարողանում խոսել, չեն տարբերակում՝ ինչն է ընդունելի, ինչը՝ ոչ։ Տեղահանված երեխաների համար բռնության ցանկացած դրսևորում կարող է կրկնակի տրավմատիկ ազդեցություն ունենալ՝ խորացնելով գոյություն ունեցող հոգեբանական խոցելիությունը։ Այս խնդիրների լուծման արդյունավետ տարբերակներից է դաստիարակների և անձնակազմի վերապատրաստումը՝ երեխաների իրավունքների և բռնության կանխարգելման թեմաներով։

Իսկ տեսախցիկներ տեղադրելու հարցում ԿԳՄՍՆ մոտեցումն ի սկզբանե հակասական է. խուսափելով խմբասենյակներում վերահսկողությունից՝ մատնանշում են անձնական տվյալների պաշտպանության և վստահության մթնոլորտի խաթարման վտանգները։ Բայց երբ խոսքը վերաբերում է երեխաների անվտանգությանը, վստահությունը պետք է լինի վերահսկվող անվտանգության հետևանք, ոչ թե դրա փոխարինողը։

Տեղահանված երեխաների ինքնության հետքերի ջնջումը

Ի պատասխան ֆեսյբուքյան ամենամեծ, Արցախի մայրական համայնքում 15,000-ից ավելի անդամ ունեցող Արցախի մայրիկների ակումբում արված մեր հարցման՝ ծնողներից ոմանք ահազանգել են, որ տեղահանությունից հետո մանկապարտեզներից հանվել են Արցախի քարտեզները, դրոշներն ու խորհրդանշանները։ Սա պարզապես դեկորատիվ տարրի փոփոխություն չէ, այլ բռնի տեղահանված երեխաների անցյալի ջնջում ու նրանց ինքնության կարևորագույն տարրի կորուստ:

Սնունդը՝ օրենքով, բայց ոչ ստանդարտով

Երեխաների առողջության համար կարևոր է նաև սննդակարգը։ Սննդաբանները նշում են, որ ներկայում օգտագործվող ճաշացանկերը չեն համապատասխանում մանկական սնուցման վերաբերյալ միջազգային կազմակերպությունների ստանդարտներին։ Չկա հստակություն, թե ովքեր են կազմում այդ ճաշացանկը, ներգրավված են, արդյոք, մասնագետ սննդաբաններ։ ԿԳՄՍՆ-ն խոսում է միայն առողջապահական նորմերի մասին՝ առանց մասնագիտական ներգրավման երաշխիքների։

Ինչո՞ւ են անհրաժեշտ հրատապ լուծումներ, և որոնք են դրանք

Հայաստանի նախադպրոցական համակարգը տասնամյակներ շարունակ չի եղել քաղաքական առաջնահերթություն։ Սակայն սոցիալական ճգնաժամի, տեղահանված ընտանիքների թվի աճի և կրթության վրա հոգեբանական ազդեցության խորացման պայմաններում անհրաժեշտ է արմատական մոտեցում, քանի որ ներկայիս ջանքերն ակնհայտորեն բավարար չեն համակարգը արձագանքող և ճկուն դարձնելու համար։

Այսօր մանկապարտեզների խնդիրը միայն հերթագրումների երկար շղթան չէ, այլ հասարակական համախմբման ու սոցիալական արդարության հարց։ Ոչ պակաս կարևոր է հասարակական ընկալման ձևավորումը։ Բռնատեղահանված ընտանիքները չեն պահանջում արտոնյալ վերաբերմունք՝ հայաստանաբնակ երեխաների նախակրթական իրավունքի հաշվին։ Նրանց հիմնական ուղերձն է, որ բոլոր երեխաները՝ անկախ ծագումից կամ բնակության կարգավիճակից, ունենան հավասար հնարավորություն՝ ստանալու նախադպրոցական կրթություն։ Երբ համակարգը չի կարողանում այդ իրավունքն ապահովել ոչ միայն տեղահանվածների, այլև տեղաբնակների համար, դա արդեն անհատական խնդիր չէ, այլ համակարգային անկարողություն։

Ճգնաժամային լուծումներ հնարավոր են, եթե բավարար քաղաքական կամք լինի․

• սուբսիդավորել մասնավոր մանկապարտեզները,

• ներգրավել տեղահանված մանկավարժներին,

• ուսանողական ներգրավվածություն ադապտացիոն փուլում,

• տեսախցիկների պարտադիր տեղադրում՝ խմբային վերահսկողության մակարդակով,

• ազգային խորհրդանիշների ու ատրիբուտների վերականգնում,

• կարիքահեն ռազմավարության մշակում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում