Երևանի եկամուտները 70%-ով աճել են անշարժ գույքից, ավտոկայանատեղիներից հասույթը նվազել է

Մինչ Երևանի քաղաքապետարանն արձանագրում է անշարժ գույքից հարկային մուտքերի կտրուկ աճ, հանրային տրանսպորտի ոլորտում նկատվում է նախատեսված հասույթի թերակատարում, իսկ ավտոկայանատեղիների ստացված եկամուտները նվազում են:
Երևանի քաղաքապետարանը ՍիվիլՆեթին տրամադրել է 2024-ի և 2025-ի առաջին եռամսյակների երեք եկամտային ուղղությունների՝ հանրային տրանսպորտ, անշարժ գույք և ավտոկայանատեղիների վարձակալություն, համեմատական տվյալներ, որոնք վկայում են բյուջեի կառուցվածքային էական փոփոխությունների մասին։
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության տվյալներով՝ մայրաքաղաքի բյուջեի ամենանշանակալի աճը գրանցվել է անշարժ գույքի հարկային եկամուտներում։ Եթե 2024-ի առաջին եռամսյակում այս գծով բյուջե է մուտքագրվել 1,88 մլրդ դրամ, ապա 2025-ի նույն ժամանակահատվածում այդ գումարը հասել է 3,2 մլրդ դրամի՝ ապահովելով շուրջ 70% աճ։
Այս աճը պայմանավորված է Հայաստանում անշարժ գույքի հարկման համակարգի՝ 2021-ին արված փոփոխություններով, որի շրջանակում փոխվել է դրա հաշվարկման կարգը. այն իրականացվում է շուկայական կադաստրային արժեքից: Համակարգը նախատեսում է հարկային մուտքերի աստիճանական մեծացում, որն ամբողջ ծավալով ուժի մեջ կմտնի 2026-ին՝ այդ ոլորտից գեներացնելով շուրջ 47 մլրդ դրամի ակնկալվող եկամուտ:
Հակառակ պատկերն է ավտոկայանատեղիների վարձակալության ոլորտում։ Կենտրոնական թաղամասերի «Ա» և «Բ» գոտիների կայանատեղիներից ստացված եկամուտները նվազել են 942 մլն դրամից մինչև 730 մլն դրամ՝ գրանցելով 22 տոկոսի անկում։ Քաղաքապետարանը չի ներկայացրել այս նվազման կոնկրետ պատճառները։
Հանրային տրանսպորտի ոլորտում 2025-ի առաջին եռամսյակում նոր տոմսային համակարգի ներդրումից հետո վճարումների ընդհանուր գումարը կազմել է 3,37 մլրդ դրամ։ Սակայն 2024-ի նույն ժամանակահատվածի հետ ուղղակի համեմատություն անհնար է իրականացնել, քանի որ այդ ժամանակ տոմսային համակարգը լիարժեք չէր գործում, և հասույթի զգալի մասը, ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, հավաքագրվում էր կանխիկ եղանակով։
Քաղաքապետարանի տրամադրած լրացուցիչ տվյալներն ըստ տրանսպորտային կազմակերպությունների ցույց են տալիս այլ հետաքրքիր միտումներ։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին 2024-ին հատկացված 7,1 մլրդ դրամի դիմաց 2025-ի առաջին եռամսյակում հատկացվել է 4 մլրդ դրամ։
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի ֆինանսավորումը 2024-ին եղել է 696 մլն դրամ, իսկ այս տարվա առաջին եռամսյակում՝ 362 մլն դրամ: Մետրոպոլիտենի գծով հատկացված սուբսիդիան նախորդ տարի կազմել է 2,6 մլրդ դրամ, մինչդեռ այս տարվա առաջին եռամսյակում՝ 656 մլն դրամ։
Այս տվյալների ուղիղ համեմատությունն այդքան էլ տեղին չէ, քանի որ քաղաքապետարանը տրամադրել է «Երևանի ավտոբուսին», «Երևանի էլեկտրատրանսպորտին» և Մետրոպոլիտենին հատկացրած սուբսիդիաների՝ 2024-ի ոչ թե առաջին եռամսյակի, այլ ամբողջ տարվա ծավալը:
Ընդհանուր առմամբ, հանրային տրանսպորտի կազմակերպություններին հատկացված գումարների ընդհանուր ծավալն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 5,18 մլրդ դրամ։
Միևնույն ժամանակ, չնայած մայրաքաղաքի հանրային տրանսպորտի նոր տոմսային համակարգի ներդրմանը, որը հանգեցրել է սակագների բարձրացման, ոլորտում արձանագարվել է ակնկալվող եկամուտների թերակատարում:
Երևանի քաղաքապետարանը, ըստ քաղաքապետ Տիգրան Ավինյանի, 2025-ի հունվար-ապրիլ ամիսներին պլանավորված 25,5 մլրդ դրամ եկամուտներից հավաքագրել է շուրջ 22 մլրդ դրամ՝ արձանագրելով 3,5 մլրդ դրամի թերակատարում։ Մայիսի 19-ի գործակարգավարական նիստի ժամանակ Ավինյանը պարզաբանեց, որ հանրային տրանսպորտի ոլորտում է հենց թերակատարման առյուծի բաժինը՝ 2,3 մլրդ դրամ։ Ավինյանի խոսքով՝ իրավիճակը պայմանավորված է նաև ընդդիմադիր ուժերի բոյկոտի կոչերով։
Արշալույս Մղդեսյան
Civilnet










