Պարտադիր զինվորական ծառայությունից և վարժական հավաքներից խուսափողների թիվն աճել է․ փոխնախարար

Հայաստանի Հանրապետությունում աճել են պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերը։ Այս մասին ԱԺ-ում կայացած քննարկման ժամանակ հայտարարել է արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը։ Խորհրդարանն այսօր քննարկում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Գևորգ Քոչարյանի խոսքով՝ 2023-ին Քրեական օրենսգրքի 461-րդ (զորակոչից խուսափում) և 462-րդ (վարժական հավաքից խուսափում) հոդվածներով հարուցվել է 1499 քրեական վարույթ, իսկ 2024-ին՝ 1779 վարույթ։
Քոչարյանի համոզմամբ՝ այս վիճակագրությունը վկայում է անհրաժեշտության մասին՝ վերանայելու քրեական քաղաքականությունն ու խստացնելու պատժամիջոցները։ Այդ նպատակով առաջարկվում են փոփոխություններ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներում։
Մասնավորապես՝ զորակոչից խուսափելու դեպքում առաջարկվում է ներկայիս «երկուսից հինգ» տարվա ազատազրկման փոխարեն սահմանել «երեքից վեց» տարվա ազատազրկում, իսկ վարժական հավաքներից խուսափելու դեպքում՝ տուգանքի չափը բարձրացնել մինչև տասնհինգապատիկից երեսնապատիկ, իսկ ազատազրկման առավելագույն ժամկետը՝ «մեկից երեք» տարի։
Նախարարի տեղակալի խոսքով՝ նման խստացումները կծառայեն որպես կանխարգելիչ մեխանիզմ և կնպաստեն զինվորական ու այլընտրանքային ծառայության պարտադիր զորակոչից խուսափելու դեպքերի կրճատմանը։
Civilnet










