Այթան Ֆարհադովա, OC Media
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղում կազմակերպված մի շարք միջոցառումների է մասնակցել, այդ թվում՝ Լաչինում կարի գործարանի բացմանը։
Գործարանը Լաչինի ագրոարդյունաբերական այգում կառուցված ձեռնարկությունէ, որի բացումը տեղի էր ունեցել 2023-ի օգոստոսին։
Լաչինը ադրբեջանական շրջան է, որը 1992-2022 թվականներին գտնվել է հայկական վերահսկողության տակ և վերադարձվել է Ադրբեջանին՝ 2022-ի Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո հրադադարի համաձայնագրի շրջանակում։
Այդ ժամանակից ի վեր՝ հատկապես 2023-ին ադրբեջանական հարձակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի կապիտուլյացիայից հետո, Բաքուն մեծ ջանքեր է գործադրել տարածքի վերակառուցման ուղղությամբ։ Սակայն քննադատները պնդում են, որ հատկացվող միջոցների զգալի մասը յուրացվում կամ մսխվում է կոռուպցիոն սխեմաների միջոցով։
«1,2 մլն մանաթ (700,000 դոլար) արժողությամբ այս ձեռնարկությունը կստեղծի 30 նոր աշխատատեղ։ Գործարանը օրական կարտադրի 2,000 տեքստիլ արտադրանք, այդ թվում՝ տնային տեքստիլ պարագաներ, մարզական համազգեստ, հատուկ հագուստ և այլ ապրանքներ»,- գրել է Ադրբեջանի պետական լրատվական գործակալություն AZERTAC-ը։
Մայիսի 27-ին բացվել է նաև կոշիկի գործարան։ Պետական լրատվամիջոցների տվյալներով՝ արդյունաբերական պարկում նախատեսվում է գործարկել ընդհանուր առմամբ 46 ձեռնարկություն։
Բացի երկու գործարաններից՝ Ալիևը մասնակցել է նաև առողջարանային և հանգստյան կենտրոնի բացման արարողության։
APA գործակալությունը հայտնել է, որ «Լեռնային Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերածննդի լայնածավալ նախագծերը շարունակվում են՝ տարածաշրջանի տնտեսական ներուժի իրագործմանը զուգահեռ»։
«Այս բոլոր քայլերը Լեռնային Ղարաբաղն ու Արևելյան Զանգեզուրը դարձնում են երկրի տնտեսական զարգացման կարևոր բաղադրիչներից մեկը և արագացնում են տարածաշրջանի ինտեգրումը Ադրբեջանի տնտեսությանը»,- նշված է հոդվածում։
Մայիսի 27-ին Ալիևը նաև բանալիներ է հանձնել Լաչինի Բայլիք գյուղում կառուցված նոր բնակարանային համալիրի բնակիչներին՝ հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում ներկայում ապրում, սովորում և աշխատում է 40,000-43,000 մարդ։
APA-ի տվյալներով՝ Լաչինում կառուցվել կամ վերանորոգվել է ավելի քան 1,000 բնակելի շենք, և այնտեղ վերաբնակեցվել է 847 ընտանիք շրջանի՝ ադրբեջանական վերահսկողությանն անցնելուց հետո։
2020-2024 թվականների ընթացքում Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների վերակառուցման ու վերականգնման համար Ադրբեջանի պետական բյուջեից հատկացվել է ընդհանուր 17,6 մլրդ մանաթ (10,4 մլրդ դոլար), իսկ 2025-ի համար նախատեսվում է ևս 4 մլրդ մանաթ (2,4 մլրդ դոլար)։2026-2029 թթ․ ընթացքում ծախսերը կկազմեն մոտ 16 մլրդ մանաթ (9,4 մլրդ դոլար), որից ավելի քան 30 տոկոսը կապիտալ ծախսեր են լինելու։
Civilnet











