Գլխավոր Լրահոս

Կաշառք ստանալու համար մեղադրվող դատավորի գործով նախաքննությունն ավարտվել  է

Կաշառք ստանալու համար մեղադրվող դատավորի գործով նախաքննությունն ավարտվել  է

Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է, որ ավարտվել է ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել խոշոր չափով՝ 10,000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար։

Ըստ հաղորդագրության՝ Գ. Խ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել դատավորի հետ՝ վերջինիս վարույթում գտնվող քրեական գործով Զ. Ս.-ի օգտին ապօրինի որոշում կայացնելու նպատակով։ Մասնավորապես՝ փորձել են արհեստական հիմքերով նշանակել դատաբժշկական փորձաքննություն, այնուհետև այդ որոշումը սահմանված կարգով չուղարկել փորձագիտական հիմնարկ՝ դատաքննությունը դիտավորությամբ ձգձգելու և հանցանքի վաղեմության ժամկետի լրացման հիմքով մեղադրյալին քրեական պատասխանատվությունից ազատելու համար։

Նախաքննությամբ պարզվել է, որ դատավորը, գործի արդար քննությունն ապահովելու փոխարեն, ապօրինի գործողությունների դիմաց Գ. Խ.-ի միջոցով 2025-ի ապրիլի 9-ին պահանջել է 3,892,500 ՀՀ դրամին համարժեք՝ 10.000 ԱՄՆ դոլար կաշառք։ Ապրիլի 22-ին Զ. Ս.-ն այդ գումարը փոխանցել է Գ. Խ.-ին՝ դատավորին տալու նպատակով։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ Գործի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ հաստատման և դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Ով է Արտուշ Գաբրիելյանը

Գաբրիելյանը դատական համակարգի հնաբնակներից է։ 1999-ից մինչև 2003-ը աշխատել է Շենգավիթի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական, ապա դարձել դատավոր։

Նա առավել հայտնի դարձավ Օլեգ Նեֆեդովի՝ դատարանից փախուստի դրվագով։ Նեֆեդովը ՌԴ քաղաքացի է, որը ձերբակալվել էր Հայաստանում և հետախուզվում էր ԱՄՆ իրավապահների կողմից։

2024-ի հունիսի 22-ին Գաբրիելյանի նախագահությամբ ընթացող նիստի ժամանակ, Նեֆեդովը բառացիորեն «ճեմելով» դուրս եկավ դատարանի շենքից և փախուստի դիմեց։ Դեպքի մանրամասները հայտնի դարձան միայն ԲԴԽ՝ 2024-ի սեպտեմբերի 18-ի նիստի ընթացքում, երբ քննարկվում էր դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը։

Ըստ ԲԴԽ ներկայացված տվյալների՝ Նեֆեդովի կալանքի հարցով նիստը հետաձգվել էր, քանի որ նիստի ժամանակ պարզվել էր՝ փաստաթղթերից մեկը բացակայում է։ Դատավորը բանավոր կարգադրություն էր տվել նիստը հետաձգելու վերաբերյալ և վերադարձել իր աշխատասենյակ՝ փաստացի ազատ թողնելով Նեֆեդովին դատարանի շենքում։ Վերջինս շրջել էր միջանցքներում, դուրս եկել, նստել մեքենան ու հեռացել։

Գաբրիելյանը հետագայում ընդունել է, որ եթե կալանքի վերաբերյալ նիստը նշանակեր մինչև անձի ձերբակալման 72-ժամյա ժամկետի լրանալը, հնարավոր կլիներ կանխել փախուստը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում