Գլխավոր Լրահոս

Կառավարությունը փոխում է զինծառայողների արձակուրդի և բնակարանային ապահովման կարգը

Կառավարությունը փոխում է զինծառայողների արձակուրդի և բնակարանային ապահովման կարգը

Կառավարությունը մայիսի 29-ին հաստատեց զինվորական ծառայությունից տրվող արձակուրդների և բնակարանային ապահովման նոր նախագիծը։ Այն ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը՝ նշելով, որ նախագիծն առաջարկում է միաժամանակ մի քանի ոլորտային փոփոխություններ՝ ուղղված զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը և ծառայության ընթացքում առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը։ Նախագիծը նաև համարվեց անհետաձգելի, այսինքն՝ այն ԱԺ-ն պետք է քննարկի արագացված ընթացակարգերով։

Արձակուրդներ՝ ավելի երկար և ավելի հավասարեցված

Նախագծով առաջարկվում է երկարացնել պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները։

«Բոլոր ժամկետային զինծառայողները վեց ամիսը մեկ կգնան արձակուրդ, և դրա տևողությունը կախված կլինի նրանց ծառայության բնույթից»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև նշեց, որ երդման արարողությունից հետո զինծառայողը պարտադիր կստանա երկու օր լրացուցիչ արձակուրդ։

Ներկայիս օրենքով շարքայիններն ունեն 10 օր արձակուրդ, սերժանտները՝ 15 օր։ Նախագծով առաջարկվում է բոլոր ժամկետայիններին տրամադրել 21 օր արձակուրդ, իսկ մարտական հերթապահության մեջ ներգրավված ծառայողներին՝ 30 օր։ Այս արձակուրդը կտրամադրվի ծառայության ընթացքում երեք հավասար մասերով։ Հասնելու և վերադառնալու նպատակով տրվող երկու օրերը հանվելու են։

Փոփոխությունները կունենան հետադարձ ուժ՝ տարածվելով նաև այն զինծառայողների վրա, որոնք արդեն ստացել են նախկին օրենսդրությամբ նախատեսված արձակուրդ. նրանց կտրամադրվի նորի և հնի տարբերությունը։

Արձակուրդ՝ 12-ամսյա ծառայողների համար

Նախագիծը կարգավորում է նաև այն անձանց արձակուրդի իրավունքը, որոնք զինվորական ծառայության են անցել 27 տարեկանից հետո՝ ՀՀ քաղաքացիություն ստանալով կամ զորակոչից խուսափելով և այժմ իրենց նախաձեռնությամբ ծառայության անցնելով։ Այս խմբի համար ևս առաջարկվում է արձակուրդի տրամադրում։

Բնակարանային ապահովում՝ հիփոթեքի նոր մեխանիզմով

Նախագիծը ներառում է նաև սպայական կազմի բնակարանային ապահովման գործընթացի էական փոփոխություն։

Ներկայում սպային՝ 20 տարի պայմանագրային ծառայության պայմանով, պետությունը հատկացնում է անշարժ գույք՝ բնակարան Երևանում։ Ըստ նախարարության՝ գործնականում այս դրույթը արդյունք չի տվել՝ շուկայական գների, առաջարկի սահմանափակության և բաշխման խնդիրների պատճառով։

Նախագծով առաջարկվում է անցում կատարել ամբողջապես պետական աջակցությամբ հիփոթեքային վարկավորման մոդելին։ Այսինքն՝ սպային հնարավորություն կտրվի իր ընտրած բնակարանը ձեռք բերել հիփոթեքային վարկով, որի կանխավճարը, մայր գումարը և տոկոսները կփոխհատուցվեն պետության կողմից։

Եթե սպան պայմանագրային ժամկետից շուտ դադարեցնի ծառայությունը, ապա նա պարտավոր կլինի վերադարձնել պետության փոխհատուցած ամբողջ գումարը։ Բացի այդ, հիփոթեքային պայմանագրում նախատեսվելու է սահմանափակում՝ բնակարանի վաճառքի կամ օտարման իրավունքների մասով՝ մինչև պայմանագրի ավարտը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում