Գլխավոր Լրահոս

«Բուլինգ» հասկացությունը կմտնի օրենսդրություն. համայնքները պարտավոր են արձագանքել

«Բուլինգ» հասկացությունը կմտնի օրենսդրություն. համայնքները պարտավոր են արձագանքել

Մայիսի 29-ի կառավարության նիստում հաստատվեց ընտանեկան օրենսգրքում և դրան կից շուրջ երեք տասնյակ օրենսդրական փոփոխությունների փաթեթը։ Նախագիծը զեկուցեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Օրենսդրական փոփոխությունների հիմնական նպատակն է՝ ամրապնդել պետության դերը երեխայի պաշտպանության համակարգում, ստեղծել համայնքային մակարդակում մասնագիտացված սոցիալական աշխատողների մշտական հաստիքներ, բարձրացնել դեպքերի կանխարգելման և արձագանքման արդյունավետությունը։

Նախագծով սահմանվում են համայնքների ու մարզպետարանների հստակ լիազորություններ՝ երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում։ Համայնքներում աշխատող սոցիալական աշխատողները կզբաղվեն ռիսկային խմբերում հայտնված երեխաների բացահայտմամբ, մոնիթորինգով, տնայցերով և ուղղորդմամբ։

Սահմանվում է «բուլինգ» հասկացությունը

Նախարար Նարեկ Մկրտչյանը ասաց, որ փաթեթով սահմանվում է նաև «բուլինգ» հասկացությունը ու ամրագրվում պետական մարմինների պարտականությունն այն բացահայտելու հարցում։

«Ըստ փաթեթի՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպությունները ձեռնարկելու են արձագանքող և կանխարգելիչ միջոցառումներ երեխայի բուլինգի կանխարգելման, բացահայտման, ինչպես նաև բուլինգի վտանգի տակ գտնվող կամ ենթարկված երեխաների պաշտպանության ու վերականգնման համար անհրաժեշտ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ»,- շեշտեց նախարարը։

Առաջին անգամ՝ ամբողջական համակարգային վերանայում 2004-ից հետո

Ինչպես նշել է նախարարը, վերջին անգամ համակարգային փոփոխություններ այս ոլորտում արվել են 2004-ին։ Հիմա առաջարկվող բարեփոխումները առաջինն են այս ծավալով՝ ներառելով նոր օրենքի ընդունում, 40-ից ավելի ենթաօրենսդրական ակտերի մշակում և գործող օրենսդրության լայնածավալ վերանայում։

Նոր փաթեթով սահմանվում են նաև երեխայի կարծիքի հաշվի առման հստակ սկզբունքներ, խնամատարության և որդեգրման ընթացակարգերի փոփոխություններ, բուլինգի և շահագործման դեպքերի արձագանքման ու կանխարգելման մեխանիզմներ։

Շեշտը՝ համայնքահեն մոտեցման և պրոֆեսիոնալացման վրա

Փաթեթի հիմնավորման փաստաթղթում ընդգծվում է, որ գործող համակարգում համայնքները չունեն մասնագիտացված ռեսուրս, ինչի հետևանքով բազմաթիվ երեխաներ հայտնվում են հաստատություններում, առանց ընտանիքի հետ վերամիավորման հնարավորության։

Նախարարությունն արձանագրել է, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հաշվառման համակարգում հաշվառված է շուրջ 10,472 երեխա, որից՝ շուրջ 4,200-ը ծառայություն է ստանում պետական կամ պետության կողմից պատվիրակված ցերեկային խնամքի կենտրոններում, շուրջ 722 անձ (ներառյալ՝ չափահաս անձինք, որոնք չունեն բնակության այլ վայր և շարունակում են խնամք ստանալ մանկատանը) շուրջօրյա խնամք է ստանում պետական հաստատություններում՝ ներառյալ ճգնաժամային հաստատություններում, 170 երեխա խնամք է ստանում խնամատար ընտանիքներում։ 

Ըստ գերատեսչության՝ անգամ հայտնաբերված և հաշվառված երեխաների շուրջ 50 տոկոսը չունի կարիքահեն անհատական ծրագիր, չունի կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու հստակ պլանավորում։

Նախագծով նախատեսվում է նաև նոր տեղեկատվական համակարգի ներդրում՝ դեպքերի կառավարման, տվյալների հավաքագրման և քաղաքականության ձևավորման համար։ Պետությունը պարտավորվում է մինչև 2030-ը աստիճանաբար ներդնել 24-ժամյա արձագանքման համակարգ՝ մասնագիտացված սոցիալական աշխատողների ներգրավմամբ։

Ներդրումները՝ սոցիալական աշխատանքի համակարգման մեջ

Ըստ հաշվարկների՝ պետական բյուջեում տարեկան նախատեսվում են մի քանի հարյուր միլիոն դրամ ծախսեր՝ մարզերում և համայնքներում սոցիալական աշխատողների աշխատանքի, վերապատրաստման, տեխնիկական ապահովման և մոնիթորինգային համակարգի ներդրման համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում