Դատարանը մերժել է արցախցու՝ ՀՀ անձնագրով սահմանահատման վերաբերյալ հայցը

Վարչական դատարանը մերժել է արցախցի Մարատ Եգանյանի հայցը Հայաստանի ազգային անվտանգության ծառայության դեմ. տեղեկացնում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգը։
Մարատ Եգանյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ պահանջելով ճանաչել ոչ իրավաչափ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից 2024 թվականի մարտի 27-ին Բագրատաշեն անցակետով ՀՀ սահմանի հատման արգելքը: Հայցվորը նաև պահանջում էր ճանաչել իր՝ որպես ՀՀ քաղաքացու անձնագրի կրողի իրավունքը՝ հատելու Հայաստանի Հանրապետության սահմանը:
Եգանյանը իր հայցը հիմնավորել է՝ հղում կատարելով ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածին (ազատ տեղաշարժվելու իրավունքը) և ընդգծելով, որ չկա որևէ օրենք, որն արգելում է իրեն ՀՀ սահմանները հատել իր վավեր ՀՀ քաղաքացու անձնագրով։ Ավելին, նա նշել է, որ նախկինում մի քանի անգամ նույն անձնագրով արտասահման է մեկնել։ Նա նաև ընդգծել է, որ ունի վավեր անձնագիր, որը համապատասխանում է ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի համապատասխան կանոնադրությանը և անձնագրի նկարագրին։
Ըստ ԱԱԾ-ի՝ հայցվորին արգելվել է սահմանը հատելը, քանի որ «070» ծածկագրով անձնագրի հետ միասին չի ներկայացրել ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական:
Դատարանի համոզմամբ՝ Եգանյանի նկատմամբ սահմանը հատելու արգելքը կիրառվել է այն պայմաններում, երբ նա անձնագրի հետ միասին չի ներկայացրել ժամանակավոր պաշտպանության վկայականը, ինչը պահանջվում է ՀՀ Սահմանադրությամբ և մի շարք ոլորտային օրենքներով։ Դատարանը հիմնավորում է, որ սահմանապահ զորքերը իրավասու են թույլ չտալ անձանց հատել պետական սահմանը, եթե վերջիններս չունեն օրենքով պահանջվող փաստաթղթերը։
***
2023-ի հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, որով արցախցիներին ժամանակավոր պաշտպանության տակ է վերցնում և նրանց օրենքի ուժով ճանաչում փախստական։ Այդ պահից սկսած արցախցիներն ունեին երկու ընտրություն՝ կա՛մ մնալ փախստական, կա՛մ ստանալ Հայաստանի քաղաքացիություն:
Արցախի քաղաքացիները մինչ այդ էլ կրում էին Հայաստանի Հանրապետության անձնագիր։ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքը վկայում է, որ անձնագիրը Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է։
Ըստ պաշտոնական մեկնաբանության՝ անձնագրերը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ժամանակին տրվել են որպես ճամփորդական փաստաթուղթ։
Հայկ Ղազարյան
Տեղադրություն
Civilnet










