Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի ծագում ունեցող գույքն օրինականացնելու համար

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում քննված քրեական գործով հիմնավորվել է, որ Արմեն Գևորգյանը, զբաղեցնելով տարբեր բարձրաստիճան պաշտոններ 2000-2018-ի ընթացքում, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 5 մլրդ դրամի չափով եկամուտներ։
2000-2018-ին Արմեն Գևորգյանը զբաղեցրել է Հայաստանի նախագահի առաջին օգնականի, նախագահի աշխատակազմի ղեկավարի, ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, տարածքային կառավարման և զարգացման նախարար-փոխվարչապետի ու փոխվարչապետի պաշտոնները։
Նախաքննությամբ պարզվել է, որ նրա և մերձավոր ազգականների անունով 2004-2018-ին գրանցվել է Երևանում և ՀՀ մարզերում գտնվող փաստացի նրան պատկանող 39 անշարժ գույք։ Դրանց պայմանագրային արժեքը կազմել է 751,268,208 դրամ, մինչդեռ շուկայական արժեքը՝ շուրջ 5 մլրդ դրամ։
Պարզվել է նաև, որ փոխկապակցված անձանց անունով Չեխիայում գրանցվել է 10 անշարժ գույք՝ շուրջ 391,920,000 դրամ շուկայական արժեքով։ Նրանք իրականացրել են նաև բանկային գործարքներ, որոնք էականորեն չեն համապատասխանում հայտարարագրված եկամուտներին։
Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ Նախաքննությունն ավարտվել է, գործի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատախազին՝ հաստատման և դատարան ուղարկելու համար։
Civilnet










