600 մլրդ դրամի հայցեր դատարաններում. ապօրինի գույքի վերադարձի գործընթացը շարունակվում է

Պետությունը չի պատրաստվում հրաժարվել ապօրինի գույքի բռնագանձման պրակտիկայից։ Այդ մասին հայտարարվեց հունիսի 6-ին կառավարության նիստին։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշեց, որ Սահմանադրական դատարանի վերջին որոշումից հետո պարզապես վերանայվում է դատական պրակտիկան։
«Ընթացիկ գործերով մենք երբեմն իրականացնում ենք վերահաշվարկներ, կատարում նոր իրավական վերլուծություններ, և անհրաժեշտության դեպքում՝ ներկայացնում նոր հայցեր»,- ասաց Վարդապետյանը։
Նա նաև նշեց, որ ներկայում դատարաններում կա 152 հայցադիմում, իսկ հինգ հայցերով արդեն կան կայացված դատական ակտեր, սակայն դրանք դեռ չեն մտել օրինական ուժի մեջ։ Դատական ակտերի մի մասի հետ դատախազությունը համաձայն չէ ու դրանք բողոքարկել է, մի մասի դեպքում բողոքարկել են պատասխանողները։ Դատախազը շեշտեց, որ գործընթացն ընթանում է բնականոն հունով։ Նրա խոսքով՝ ընդհանուր հայցագրված գումարը կազմում է մոտ 600 մլրդ դրամ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ կարգավորումների համակարգը վերջնականապես կայացել է՝ Սահմանադրական դատարանի որոշման արդյունքում։
Նրա խոսքով՝ նոր կարգավորումները տրամաբանական են և ենթադրում են որոշակի կապ պաշտոնավարման ժամանակահատվածի ու պետական պաշտոնի հետ․ «Եթե խոսում ենք ապօրինի գույքի մասին, պետք է հստակ կապ լինի կոնկրետ պաշտոնավարման ժամկետների և գործառույթների հետ»,- նշեց վարչապետը։
Փաշինյանը հավելեց, որ առաջիկայում որոշ դեպքերում կարող են անհրաժեշտ լինել վերահաշվարկներ կամ հրաժարում որոշ պահանջներից, սակայն դա իրավական գործընթացի մաս է և էական ազդեցություն չի ունենա ընդհանուր պատկերի վրա։
Փաշինյանը նշեց նաև, որ մինչ այս դատարանները որոշակի սպասումների մեջ էին․ «Դատավորները չէին ուզում կայացնել որոշումներ, որոնք հետո կարող էին հակասել ՍԴ որոշմանը։ Հիմա արդեն համոզված եմ՝ Սահմանադրական դատարանի որոշումը կհստակեցնի պրակտիկան և դատախազության ու դատարանների համար կստեղծի կանխատեսելի աշխատանքային միջավայր»,- ասաց նա։
Նրա խոսքը եզրափակվեց վստահությամբ, որ նոր իրողություններում պետական համակարգը կգործի ավելի կանխատեսելի, իրավական և կայուն դաշտում։
Հունիսի 6-ի կառավարության նիստին գործադիրը նաև որոշեց Արագածոտնի մարզի Օրգով գյուղում գտնվող 4 հեկտար հողամասն ամրացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։
Հողամասը, որի կադաստրային արժեքը մոտ 31,7 մլն դրամ է, պետական սեփականություն է։ Կառավարության որոշմամբ այն կտրամադրվի ԿԳՄՍ նախարարությանը՝ գիտակրթական կամ մշակութային նպատակներով օգտագործելու համար։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ասաց, որ վարչական շրջանի նախկին ղեկավարը 2005-ին աճուրդով չորս հեկտար մակերեսով հողամասն վաճառել էր իր որդուն։ Ավելին՝ հողամասը տարիներ շարունակ չի օգտագործվել իր նպատակային նշանակությամբ։
Նրա խոսքով այդ տարածքը հատուկ պահպանվող տարածք է, նպատակային նշանակության հողատարածք, այդ պատճառով էլ այն ամրացվում է նախարարությանը։
Աննա Վարդապետյանը նաև ներկայացրեց այլ աշխատանքներ։ Նա ասաց, որ մինչ այս էլ Շրջակա միջավայրի նախարարությանը, ամրացվել են երկու հողատարածք, որոնք գտնվում են մայրաքաղաքի հեռուստաաշտարակին հարակից տարածքում։ Նրա խոսքով՝ այդ երկու հողատարածքների ընդհանուր արժեքը՝ 1,5 ամերիկյան դոլար է։
Կարդացեք նաև՝ «Նորքի այգիների» գործով դատախազությունը 16 դեպքով 21 հայց է ներկայացրել դատարաններ
«Ինչո՞ւ ենք ամրացրել Շրջակա միջավայրի նախարարությանը, որովհետև դրանք անտառային նշանակության հողատարածքներ են և պետք է ծառայեն բացառապես որպես ռեկրացիոն գոտի։ Նախարարության հետ քննարկումների արդյունքում այս փուլում հանգել ենք եզրակացության, որ որևէ շինարարություն տարածքում չի իրականացվելու, և տարածքը օգտագործվելու է որպես անտառային գոտի»,- ասադ Վարդապետյանը։
Նա նաև խոսեց Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցում գտնվող շուրջ 1 մլն դոլար շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով գույքի վերադարձի մասին։
Ահա Ձեր տեքստը՝ բացառապես ուղղագրական և կետադրական շտկումներով, առանց որևէ իմաստային փոփոխության.
Դիլիջանի մանկապարտեզի պատմությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի նիստին հայտարարեց, որ իր նախկին ելույթներից մեկում ասել էր, որ մանկապարտեզի մասնավորեցում կա, ու այն կապված է նախկին պաշտոնյաներից մեկի հետ։ Նա նշեց, որ այդ պաշտոնյան ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն է. «Նրա կնոջ հետ էր կապված այդ պատմությունը»,- ասաց Փաշինյանը։
«Զարմանալին այն է, որ մարդիկ, որոնք նման արձագանք են տալիս, մինչև վերջ չեն ասում՝ ի վերջո ինչ կապ ունեն իրենք այս պատմության հետ։ Մեկը կհարցնի՝ ինչո՞ւ Վարդան Օսկանյանն ու նրա կինը Դիլիջանում պետք է մանկապարտեզ վերցրած լինեն»,- ասաց Փաշինյանը։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մանրամասնեց, որ Դիլիջանի մանկապարտեզը 19 տարի շարունակ չի բարեկարգվել։ «Այն եղել է «Առաջինը՝ երեխաներին» հասարակական բարեգործական կազմակերպության տնօրինության տակ, որը պատկանել է արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի կնոջը՝ Նանի Օսկանյանին։ Քրեական վարույթի շրջանակում՝ հաշտության արդյունքում, 19 տարի դատարկ մնացած շենքը վերադարձվել է համայնքին։ Մենք արդեն ճշտել ենք գործընկերների հետ, որ շենքը ներառվել է սուբվենցիոն ծրագրում, և առաջիկայում այն ներկայացվելու է կառավարության հաստատմանը, որպեսզի մանկապարտեզը ենթարկվի հիմնանորոգման»,- նշեց դատախազը։
Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը նաև Ռոբերտ Քոչարյանին մեղադրեց կաշառակեր լինելու համար։
«Պաշտոնապես արձանագրված է՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ ներկայացված կաշառքի գործով նա դիմել է դատարան՝ պահանջելով կիրառել վաղեմության ժամկետը։ Սա տեղի է ունեցել այն պահին, երբ ինքը միանգամայն գիտակցաբար ընդունել է, որ ստացել է կաշառք։ Այսինքն՝ ՀՀ դատական համակարգում փաստացի արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը կաշառակեր է»,- հայտարարեց Փաշինյանը՝ կոչ անելով գնալ ու իրեն դատի տալ, եթե համաձայն չեն իր հետ։
Մեկնանաբություն հեղինակի կողմից: Կառավարության նիստին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, խոսելով 152 հայցադիմների ընդհանուր գումարային պահանջի մասին, նշել էր, որ այն 6 մլրդ դրամ է: Հրապարակումից հետո գլխավոր դատախազությունից հայտնել են, որ եղել է սխալմունք՝ ընդհանուր հայցագինը 600 մլրդ դրամ է: Համապատասխան շտկումները կատարվել են հոդվածի վերնագրում և տեքստում:
Գևորգ Թոսունյան
Civilnet










