Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման թեման Ադրբեջանի հետ բանակցությունների ցավոտ մասն է, եզակի հարցերից մեկը, որի շուրջ կառուցողական խոսակցություն չի ստացվում ունենալ։ Այս մասին ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Այս փուլում ուրախ լուրեր հայտնելու տեղ չունենք»,-ասել է Միրզոյանը։
Նախարարը հավելել է, որ եթե հաջողվի ձեռք բերել իսկական և վերջնական խաղաղության պայմանագիր, առաջ շարժվել սահմանների դելիմիտացիայի գործընթացում և հասնել իրական կարգավորման, ապա ստեղծված բարենպաստ միջավայրում հնարավոր կլինի լուծումներ գտնել նաև գերիների վերադարձի համար։
«Կարծում են, որ գոնե այդ պահին ավելի բարենպաստ միջավայր կլինի այդ հարցերը լուծելու», - նշել է Միրզոյանը։
2023-ի սեպտեմբերի 19-20-ին Արցախի դեմ մեկօրյա պատերազմից և երկրամասի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո Ադրբեջանը պատանդ է վերցրել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը, որոնց թվում են երեք նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Բաքուն պաշտոնապես ընդունում է իր մոտ 23 հայ պատանդների առկայությունը, որոնց մեծ մասը գերեվարվել է 2020-ի պատերազմից հետո։
Civilnet











