Հայաստանը պատրաստ է մաքսային վերահսկողություն սահմանել Ադրբեջանի նկատմամբ․ ՊԵԿ նախագահ

Ադրբեջանի հետ սահմանի բացման, ապաշրջափակման դեպքում Հայաստանը պատրաստ է մաքսային վերահսկողություն սահմանել։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Լրագրողի հարցին, թե ապաշրջափակման մասին բանակցություններում Հայաստանն ի՞նչ տարբերակներ է առաջարկում Ադրբեջանին՝ երկաթգծով բեռներն Ադրբեջանի բուն տարածքից Նախիջևան տեղափոխելու համար, ՊԵԿ նախագահը նշել է, որ իր ղեկավարած կառույցի խնդիրը միայն մաքսային վերահսկողություն սահմաննելն է ցանկացած սցենարի դեպքում։
«Եթե խոսում ենք ապաշրջափակման, սահմանների բացման մասին, ուղղակի պետք է այդ սցենարներին պատրաստ լինել: Ես հստակ ասել եմ, որ մենք սցենարներին պատրաստ ենք այն առումով, որ ունենք օրինակ՝ Մարգարայի անցակետը, ունենք համապատասխան սարքավորումներ և գործիքներ, որոնք հնարավորություն կտան ցանկացած սցենարի ադապտացվել և մեր մաքսային վերահսկողությունն իրականացնել»,- ասել է ՊԵԿ նախագահը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ հայկական կողմն Ադրբեջանին առաջարկ է ներկայացրել՝ հաղորդակցության բացումը սկսել երկաթուղային բեռնափոխադրումներից՝ Զանգելան-Մեղրի-Օրդուբադ և հակառակ ուղղությամբ, Երասխ-Օրդուբադ-Մեղրի և հակառակ ուղղությամբ։
Բանակցությունները երկաթգծի, իսկ ավելի լայն՝ ապաշրջափակման ուղղությամբ սկսվեցին 2021-ի հունվարի 11-ից հետո, երբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդես եկան երկրորդ համատեղ հայտարարությամբ։ Ապաշրջափակման մասին խոսվում է նաև 2020-ի նոյեմբերի 9-ի (10-ի) եռակողմ հայտարարության 9-րդ կետում։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի աշխատանքային խումբը ստեղծվեց 2021-ի հունվարի 11-ից հետո։ Հայաստանն այստեղ ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Խորհրդային տարիներին գործել է Իջևան-Աղստաֆա, ինչպես նաև Երևան-Աղստաֆա երկաթգիծը։ ՍիվիլՆեթը կառավարությունից պարզել էր, որ հայկական կողմն առաջ է քաշել Իջևանի երկաթգծի հարցը։ Այն, ի տարբերություն Հայաստանի հարավի՝ Մեղրիի մոտով անցնող երկաթգծի, մեծամասամբ պահպանվել է։ Նախնական գնահատականներով, սակայն, Իջևանի վերանորոգումը կարժենա 450 մլն դոլար։
Տեղադրություն
Civilnet










