Իսրայելը հարվածել է Թեհրանում Ղոդս ուժերին պատկանող օբյեկտներին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատարական կենտրոններին, հաղորդում է Իսրայելի Պաշտպանության բանակը (IDF)։
«Այս կենտրոններում «Ղոդս»-ի անդամները Մերձավոր Արևելքում Իրանի ռեժիմի գործակալների միջոցով իրականացրել են ահաբեկչական հարձակումների պլանավորում՝ ուղղված Իսրայելի դեմ»,- հայտարարել է IDF-ի խոսնակը։
Իսրայելի Պաշտպանության բանակի հրապարակած տեսանյութում ներկայացված են 10 թիրախներ, որոնք, ըստ նրանց, պատկանում են «Ղոդս» ստորաբաժանմանն ու Իրանի ռազմական համակարգին և տեղակայված են Թեհրանում։
«Ղոդս» ուժերը ԻՀՊԿ-ի ազդեցիկ ստորաբաժանումներից են, ստեղծվել են 1980-ականներին՝ Իրաքի և Իրանի պատերազմի ժամանակ՝ որպես հատուկ հետախուզական ծառայություն։ Ստորաբաժանումը կենտրոնական դեր ունի Իրանի հարաբերություններում Աֆղանստանի, Իրաքի, Լիբանանի, Սիրիայի և Գազայի հատվածի զինված խմբավորումների հետ, այդ թվում՝ «Հեզբոլլահի» և «Համասի»։
ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին զոհվել է Իսրայելի հարձակումների ժամանակ՝ ուրբաթ օրը։ Նրան փոխարինել է գեներալ Մոհամմադ Փաքփուրը, որը երկար ժամանակ զբաղեցրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հրամանատարի պաշտոնը։
Հունիսի 13-ի գիշերը լույսը չբացված Իսրայելը հարվածել է Իրանին։ Չորրորդ օրն է Իրանի և Իսրայելի միջև ռազմական գործողությունները շարունակվում են։ Իսրայելի հարվածներից զոհվել են Իրանի ռազմական ղեկավարության մի շարք անդամներ։ Իսրայելի թիրախում Իրանի միջուկային օբյեկտներն են։
Civilnet










