Ալեքսանդր Պրախտ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջիկա օրերին կայցելի Թուրքիա այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով. այս մասին երեքշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Վարչապետի այցը Թուրքիա պատմական է, քանի որ առաջին անգամ է, որ Հայաստանի ղեկավարը կատարում է այդպիսի մակարդակի այց»,- ասել է Սիմոնյանը:
Ավելի վաղ՝ երկուշաբթի, Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանն էր այցելել Անկարա, հանդիպել է իր թուրք պաշտոնակից Բերրիս Էկինջիի հետ՝ քննարկելու տարածաշրջանային հարցեր և երկկողմ հարաբերություններ՝ շարունակվող Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացի շրջանակում:
Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ և Թուրքիայի հետ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը այսօր հայտարարել է, որ երկխոսությունը ներառում է ոչ միայն իր սեփական բանակցությունները Թուրքիայի բանագնացի հետ, այլև երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների և այլ պաշտոնյաների միջև հաղորդակցությունը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդումների՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես այս շաբաթ կմեկնի Թուրքիա, սակայն մանրամասներ չկան, թե արդյոք նախատեսվում է հանդիպում նաև Փաշինյանի հետ:
Փաշինյանի վերջին շփումը Էրդողանի հետ տեղի է ունեցել հունիսի 5-ին, երբ նրանք հեռախոսազրույց ունեցան՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները և համաձայնեցին շարունակել երկխոսությունը: Փաշինյանը 2023-ի հունիսին այցելել էր Թուրքիա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը: Սա Հայաստանի առաջնորդի առաջին այցն էր Թուրքիա 2009-ից ի վեր, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և նրա թուրք պաշտոնակից Աբդուլլահ Գյուլը փոխադարձ այցեր էին կատարել՝ միակ դեպքը, երբ Թուրքիայի պետության ղեկավարը ժամանել էր Երևան:
Չնայած Երևանը և Անկարան չունեն պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ, նրանց շփումները ակտիվացել են 2022-ից, երբ երկու երկրների հատուկ բանագնացները համաձայնեցին բացել 1993-ից փակ ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագետների համար: Առանց ճշգրիտ ամսաթվի կամ ճանապարհային քարտեզի, այս նախագիծը գրեթե երեք տարի առաջընթաց չի ունեցել, չնայած Հայաստանը վերանորոգել է իր սահմանային անցակետը Մարգարա գյուղում՝ թուրքական սահմանին:
Չնայած սահմանը պաշտոնապես փակ է մնում, անցակետը օգտագործվել է երկու անգամ. առաջին անգամ 2023-ի փետրվարին, երբ Հայաստանը մարդասիրական օգնության բեռնատարներ ուղարկեց Թուրքիայում ավերիչ երկրաշարժի տուժածներին, և կրկին այս տարվա մարտին՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն առաքելու համար:
Թեև Երևանը շարունակում է զգուշավոր մոտեցում ցուցաբերել Անկարայի հետ երկխոսության հարցում, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այս ամսվա սկզբին ասել էր, որ «յուրաքանչյուր ոք կարող է իրավացիորեն ասել, որ ժամանակն է, որ այդ երկխոսությունը տեսանելի արդյունքներ տա»:
Civilnet











