Էլեն Մուրադյան
Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) ընկերության ազգայնացման վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը մտահոգել է տնտեսագետներին: Այդ մտադրությունը նրանք որակում են հարված երկրի ներդրումային գրավչությանը և միջազգային վարկին:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18-ին հայտարարեց ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող և ռազմավարական նշանակություն ունեցող ՀԷՑ-ն ազգայնացնելու իր մտադրության մասին։ Հայտարարությունն արվեց այն բանից հետո, երբ Կարապետյանը հրապարակային աջակցություն հայտնեց Հայ Առաքելական եկեղեցուն՝ քննադատելով իշխանությունների գործողությունները։
Տնտեսագետ, ACSES վերլուծական կենտրոնի նախագահ Հայկազ Ֆանյանի կարծիքով՝ երկրի խոշորագույն ընկերություններից մեկի ստիպողաբար ազգայնացումը բացասաբար է անդրադառնալու երկրի ներդրումային գրավչության վրա։ Հիշեցնելով, որ սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը կապիտալիզմի դոգմաներից է՝ Ֆանյանը խիստ վտանգավոր է որակում ՀԷՑ-ն ազգայնացնելու նախաձեռնությունը:
«Երբ խոսք է գնում ազգայնացման կամ ավելի ճիշտ կլինի ասել վերաազգայնացման մասին, մանավանդ, ստիպողաբար, միգուցե նաև առանց փոխհատուցման, դա անխուսափելիորեն բացասաբար է անդրադառնալու երկրի ներդրումային գրավչության վրա։ Այդպիսի նախադեպերը խիստ վտանգավոր են (օրինակ, Վենեսուելա, Բոլիվիա)»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Ֆանյանը։
Ըստ տնտեսագետի՝ այս նախաձեռնությունը, ի թիվս բացասական այլ հետևանքների, հղի է ևս մեկ ռիսկով Հայաստանի համար, որն ունի միջազգային երանգ:
«ՀԷՑ-ի դեպքում միջանկյալ սեփականատեր ընկերություններից մի քանիսը գրանցված են Կիպրոսում, որի հետ ունենք ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագիր, ինչը թերևս թույլ կտա Կիպրոսի ռեզիդենտ ընկերություններին դիմելու Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով»,- նշում է նա ու հավելում, որ Հայաստանն այս կերպ բախվում է ռիսկերի, որոնք, նրա ձևակերպմամբ, «արդարացված չեն»։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանն անթույլատրելի է համարում, իր ձևակերպմամբ, «քաղաքական և կարճաժամկետ անձնական նպատակներից ելնելով ՀԷՑ-ի ազգայնացմանն ուղղված հայտարարություններ անել»:
«Էլեկտրամատակարարման ոլորտի ամենափոքր ճգնաժամը երկարաժամկետ բացասական ազդեցություն է թողնելու տնտեսության վրա»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Պարսյանը՝ կոչ անելով չքանդել տնտեսությունը, քանի որ դրա փլատակների տակ առաջին հերթին «շարքային քաղաքացիներն են մնալու»:
Կատարվողը նա որակում է «չհիմնավորված գործողություններ», որոնք իշխանությունը փորձում է արդարացնել պոպուլիզմով:
«Եթե էլեկտրաէներգիայի սակագինը կարող էիք իջեցնել, ապա դա անելու համար 7 տարի ունեիք: Ձեր իշխանության օրոք էլեկտրաէներգիայի սակագինը թանկացել է միջինը 4,7 դրամով, և այդ թանկացումը հիմնականում կապված չի եղել ՀԷՑ-ի հետ, այլ կառավարության ստանձնած պարտավորությունները մարելու համար է եղել», - գրել է նա:
ՀԷՑ-ը երկրի ռազմավարական ենթակառուցվածքներից մեկն է, որը 2015-ին ձեռք է բերել ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերությունից:
Երեկվանից Հայաստանի կառավարության և «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանի հարաբերությունները կտրուկ լարվել են: Հակասությունները սրվեցին այն բանից հետո, երբ Կարապետյանը հունիսի 17-ին քննադատեց Հայաստանի իշխանություններին Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականության դեմ սկսած արշավի համար։
Հայտարարությանը կոշտ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից հետո Կարապետյանի երևանյան առանձնատանը իրավապահներն իրենց ձևակերպմամբ «օպերատիվ գործողություններ» սկսեցին:
Այսօր՝ ժամը 02:40-ի սահմաններում, Սամվել Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ գնացել է ոստիկանություն։ Իր առանձնատնից դուրս գալիս նա վերահաստատել է, որ կանգնած է եկեղեցու կողքին։
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մայիսի 24-ին Ժնևում մասնակցել էր Արցախի ժողովրդի իրավունքների հարցերով համաժողովի, ինչից հետո Փաշինյանը քննադատական հարձակումներ սկսեց նրա նկատմամբ՝ բարձրաձայնելով նրա՝ կուսակրոնության ուխտը խախտելու մասին։ Ավելի ուշ Փաշինյանը սկսեց պահանջել, որ Գարեգին Բ-ն ազատի վեհարանը։
Civilnet











