Սամվել Կարապետյանի գործով դատավորը հեռացել է որոշում կայացնելու

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտակ Կարապետյանը ավելի քան չորս ժամ տևած դատական նիստից հետո հեռացել է խորհրդակցական սենյակ՝ գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու համար: Այս մասին հունիսի 18-ին դատարանի շենքի դիմաց լրագրողներին հայտնեց Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը:
Ըստ պաշտպանական կողմի՝ Կարապետյանը դատարանում ասել է, որ քաղաքական որևէ գործընթացներին մասնակցելու կոչ չի արել։
Արմեն Ֆերոյանը նաև ասաց, որ մեղադրանքի հիմքում բացառապես դրված է News.am լրատվական կայքում երեկ հրապարակված տեսանյութը: Այդ տեսանյութում Սամվել Կարապետյանն ասել էր. «Մի փոքրիկ խմբակ՝ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայ եկեղեցու ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամենին»։
Պաշտպանական կողմը պնդում է, որ Կարապետյանի այս հայտարարությունը որևէ հանցագործության հատկանիշ չի պարունակում և չի կարող հիմք հանդիսանալ քրեական հետապնդման համար:
Թե երբ դատարանը կհրապարակի իր որոշումը, դեռևս հայտնի չէ: Պաշտպանական կողմը ենթադրում է, որ այն կարող է հրապարակվել առաջիկա երկու ժամվա ընթացքում:
***
Երեկվանից Հայաստանի կառավարության և «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանի հարաբերությունները կտրուկ լարվել են: Հակասությունները սրվեցին այն բանից հետո, երբ Կարապետյանը հունիսի 17-ին քննադատեց Հայաստանի իշխանություններին Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականության դեմ սկսած արշավի համար։
Հայտարարությանը կոշտ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից հետո Կարապետյանի երևանյան առանձնատանը իրավապահներն իրենց ձևակերպմամբ «օպերատիվ գործողություններ» սկսեցին:
Հունիսի 18-ին ժամը 02:40-ի սահմաններում, Սամվել Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ գնացել է ոստիկանություն։ Իր առանձնատնից դուրս գալիս նա վերահաստատել է, որ կանգնած է եկեղեցու կողքին։
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մայիսի 24-ին Ժնևում մասնակցել էր Արցախի ժողովրդի իրավունքների հարցերով համաժողովի, ինչից հետո Փաշինյանը քննադատական հարձակումներ սկսեց նրա նկատմամբ՝ բարձրաձայնելով նրա՝ կուսակրոնության ուխտը խախտելու մասին։ Ավելի ուշ Փաշինյանը սկսեց պահանջել, որ Գարեգին Բ-ն ազատի վեհարանը։
Փաշինյանը հայտարարել է նաև Սամվել Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն ազգայնացնելու մասին։
Civilnet










