Չի բացառվում, որ Անկարայում Փաշինյան-Էրդողան-Ալիև եռակողմ հանդիպում կլինի։ Այս հայտարարությունն արեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ Իշխանական պատգամավորը միաժամանակ ընդգծեց, որ այս պահին այդպիսի հանդիպում ծրագրված չէ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահի հրավերով վաղը՝ հունիսի 20-ին կմեկնի Անկարա, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ այսօր է մեկնելու Թուրքիա։
«Ծրագրված եռակողմ հանդիպում, իմ տեղեկություններով, նախատեսված չէ, բայց չեմ կարող բացառել»,- նշեց Եղոյանը՝ հավելելով, որ միջազգային հանդիպումների ժամանակ որոշումները հաճախ կայացվում են հենց տեղում։
Եղոյանի խոսքով՝ եթե նման ձևաչափով հանդիպում կայանա, ապա օրակարգում «բնականաբար կլինի խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը»։
Հունիսի 5-ին Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Էրդողանի հետ։ Երկու երկրների ղեկավարները քննարկել էին Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վարաբերող հարցեր և պայմանավորվել շարունակել երկխոսությունը։ Թուրքիայի նախագահն ընդգծել էր տարածաշրջանում համապարփակ կարգավորման, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների կարևորությունը և իր գոհունակությունը հայտնել Թուրքիայի և Հայաստանի միջև շփումների վերաբերյալ։
Մայիսի 16-ին Փաշինյանն ու Էրդողանը հանդիպել էին Տիրանայում:
Վարչապետ Փաշինյանը 2023-ի հունիսին այցելել էր Թուրքիա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022-ի սկզբին։
Civilnet











