Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Վարչապետը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամ տոնի առիթով։ Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետին շնորհավորել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը 2026-ի գարնանը Հայաստանում անցկացնելու առիթով։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վարեբերող հարցեր և պայմանավորվել շարունակել երկխոսությունը։
Թուրքիայի նախագահի հանրային կապերի վարչությունից էլ հայտնում են, որ նախագահ Էրդողանը վարչապետ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է տարածաշրջանում համապարփակ կարգավորման, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների կարևորությունը և իր գոհունակությունը հայտնել Թուրքիայի և Հայաստանի միջև շփումների վերաբերյալ։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022-ի սկզբին։ Փաշինյան-Էրդողան առաջին հեռախոսազրույցը տեղի էր ունեցել 2022-ի հուլիսին։
Զրույցի ընթացքում ղեկավարներն ընդգծել էին իրենց երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը։
Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսով խոսել են նաև 2022-ի հուլիսին, 2023-ի փետրվարին, 2023-ի հունիսին, 2023-ի հոկտեմբերին, 2024-ի հունիսին։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին այսօր՝ հունիսի 5-ին, խոսել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարն ասել է, որ Հայաստանը, չնայած Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալուն, այսօր ունի շատ ավելի ակտիվ և գործուն երկխոսություն, քան որոշ երկրներ, որոնք պաշտոնապես դիվանագիտական հարաբերություններ ունեն միմյանց հետ։
Civilnet











