Վարձատրվող հասարակական աշխատանք՝ Սյունիքի և Կոտայքի անապահով ընտանիքների համար

Հունիսի 20-ին կառավարությունը հաստատեց անապահով ընտանիքներին առնչվող նախագիծը։ Այդ իրավական փաստաթղթով ներդրվում է վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագիր՝ հասցեագրված ամենախոցելի սոցիալական խմբին։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը հայտնեց, որ սա պիլոտային ծրագիր է ու վերաբերելու են նաև Սյունիքի ու Կոտայքի մարզերի ընտանիքներին։
Ծրագրում նախնական փուլում նախատեսվում է ընդգրկել շուրջ 350 շահառու։ Դրա համար պետությունը կտրամադրի ավելի քան 154 մլն դրամ, սակայն, ըստ կառավարական որոշման, սա լրացուցիչ բեռ չի դառնալու 2025-ի բյուջեի համար. անհրաժեշտ միջոցները կուղղվեն արդեն իսկ հատկացված ծրագրային բյուջեից։
Ինչ է նախատեսում ծրագիրը
Ծրագրի տևողությունն առաջարկվում է սահմանել 3-12 ամիս։ Գործատուն ծրագրում ընդգրկված անձանց հետ կնքելու է աշխատանքային պայմանագիր և մեկ մարդ/օր աշխատանքի համար առաջարկվում է գործատուին տրամադրել 3,500 դրամի չափով գումար՝ ներառյալ եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը։ Ըստ նախագծի՝ օրական 3500 դրամի դեպքում, հաշվի առնելով աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարների չափերը, ամսական աշխատավարձը կկազմի շուրջ 73000 դրամ։
Որտեղ և ինչպիսի աշխատանքների մասին է խոսքը
Հասարակական աշխատանքները կիրականացվեն մի շարք ոլորտներում, այդ թվում՝
- համայնքային ենթակառուցվածքների վերանորոգում (դպրոցներ, մանկապարտեզներ, այգիներ, մայթեր),
- տարեցների ու խնամքի կարիք ունեցող անձանց օգնություն,
- գյուղատնտեսական և անտառային աշխատանքներ,
- զբոսաշրջության զարգացում՝ հուշարձանների տարածքների բարեկարգում, քայլարշավային արահետների կառուցում,
- ուսումնական հաստատություններում օգնականական աշխատանքներ։
Ծրագրի հայտերն ու կազմակերպման ողջ գործընթացը կիրականացվի e-work.am հարթակի միջոցով։
Հունիսի 12-ին էլ կառավարությունն ընդունել էր անապահով գնահատված ընտանիքի աշխատունակ անդամի համար աշխատանքին առնչվող նախագիծը, որը ունենալու է մի քանի փուլ՝ ուսուցումից մինչև աշխատանքի տեղավորում։
Թեմա
Civilnet










