Գլխավոր Լրահոս

Մեծ նշանակություն ունեն ուղղակի կապերը․ պատգամավորը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

Մեծ նշանակություն ունեն ուղղակի կապերը․ պատգամավորը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը մինչ այժմ դիտարկել է հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը հայ-ադրբեջանական գործընթացի համատեքստում, ներկայում ավելի նպատակահարմար է երկկողմ օրակարգ ձևավորել նաև Թուրքիայի հետ՝ հաշվի առնելով տարածաշրջանային իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ։

«Հատկապես այս զարգացումների ֆոնին մեծ նշանակություն ունեն ուղղակի կապերը, որոնք և՛ ամրապնդում են վստահությունը, և՛ հնարավորություն են տալիս, ըստ էության, պարզաբանել այն բոլոր հարցերը, որոնք կարող են առաջանալ երկկողմ հարաբերությունների շրջանակներում», - ասել է Վլադիմիր Վարդանյանը։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցին և դրա օրակարգին, Վարդանյանը տեղեկացրել է, որ քննարկվում են փաստաթղթեր, որոնք վերաբերում են երրորդ երկրների քաղաքացիների՝ Հայաստան և Թուրքիա մուտքի հնարավորությունների պարզեցմանը, այդ թվում՝ դիվանագիտական անձնագրեր կրողների համար։ Նա հավելել է, որ Հայաստանը ունի ավելի լայն օրակարգ Թուրքիայի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման ուղղությամբ։

«Մենք մշտապես խոսում ենք և շարունակելու ենք խոսել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալ ծավալման, բնականոն դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին»,- ասել է նա՝ շեշտելով, որ հարաբերությունների հաստատումից հետո անհրաժեշտ է ստեղծել հնարավորություն՝ Հայաստանի քաղաքացիների, տնտեսվարողների և բիզնեսի համար համագործակցելու Թուրքիայի հետ։

Խոսելով Հայաստան–Ադրբեջան խաղաղության պայմանագրի մասին՝ Վարդանյանը նշել է, որ դրա տեքստը ամբողջությամբ համաձայնեցված է։ Նրա գնահատմամբ՝ այժմ կողմերը պետք է որոշեն ստորագրման ժամանակը և վայրը։

«Շատ կարևոր է, որպեսզի կողմերի միջև լինեն այնպիսի կառուցողական հարաբերություններ, այնպիսի փոխադարձ վստահության մթնոլորտ, որը թույլ կտա նախապատրաստել այդ պայմանագրի ստորագրման գործընթացը», - ասել է Վարդանյանը։

Պատգամավորը նաև ընդգծել է տարածաշրջանային կոնսեսուսի և հարևան երկրների՝ խաղաղության գործընթացի նկատմամբ դրական վերաբերմունքի անհրաժեշտությունը՝ որպես կայունության հասնելու կարևոր նախապայման։

«Այժմ, հատկապես այն զարգացումների լույսի ներքո, որոնք առկա են մեր հարավում և հյուսիսում, անհրաժեշտ է ունենալ այնպիսի փոխվստահության միջավայր, որը թույլ կտա երկարատև կայուն խաղաղություն կնքել»,-  նշել է Վարդանյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում