Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեն ընդունել է միջանկյալ բանաձև՝ արձագանքելով «Մակուչյանը և Մինասյանը ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի չկատարմանը։ Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը։ Վճիռը վերաբերում է ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանի կանխամտածված և բացառիկ դաժանությամբ սպանությանը՝ զուտ նրա ազգային պատկանելիության հիմքով։
Բանաձևում Նախարարների կոմիտեն հորդորում է անհապաղ հաստատել, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կայքում տեղադրված հանցագործի ներումն ու ազատ արձակումը սատարող հրապարակումները հեռացվել են։ Միևնույն ժամանակ, պահանջվում է ապահովել, որ մարդու իրավունքների լրջագույն խախտումների համար մեղավոր անձը այլևս չզբաղեցնի որևէ պետական պաշտոն։ Կոմիտեն խորին ափսոսանք է հայտնել, որ ատելության հիմքով կատարած հանցագործության հեղինակին շնորհվել են արտոնություններ, որոնք, ըստ գնահատման, չունեն իրավական հիմք Ադրբեջանի ներպետական օրենսդրության համաձայն։ Կոչ է արվել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ կատարել դիմումատուների ներկայացուցիչներին հատկացված ծախսերի և դատական ծախսերի փոխհատուցման իրենց պարտավորությունը։
Ընդհանուր միջոցառումների համատեքստում Նախարարների կոմիտեն արձանագրել է մարդու իրավունքների լրջագույն խախտումների համար անպատժելիության վերացման անհրաժեշտությունը, ինչպես նաև կարևորել է էթնիկ շարժառիթով պայմանավորված ատելության կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ քայլերի ձեռնարկումը։ Վերջապես, կոմիտեն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին վերականգնել կառուցողական և արդյունքահեն երկխոսությունը Եվրոպայի Խորհրդի Քարտուղարության հետ՝ մշակելու անհրաժեշտ միջոցառումների լիարժեք իրականացման ճանապարհային քարտեզ և ներկայացնելու արդիացված գործողությունների ծրագիր՝ վճռի կատարման ուղղությամբ։
Civilnet











