Գլխավոր Լրահոս

Բրիտանացի պատգամավորները աջակցել են Արցախի հարցով Շվեյցարիայի նախաձեռնությանը

Բրիտանացի պատգամավորները աջակցել են Արցախի հարցով Շվեյցարիայի նախաձեռնությանը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները աջակցություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ շվեյցարական խաղաղության նախաձեռնությանը։ Այս մասին նշված է Բրիտանիայի խորհրդարանականներ Ջիմ Շեննոնի և Լիվերպուլի Լորդ Ալթոնի՝ հունիսի 20-ին տարածած հայտարարության մեջ։

Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունն այս տարվա մարտի 18-ին պաշտոնապես ընդունվել է Շվեյցարիայի խորհրդարանի կողմից՝ պարտավորեցնելով Շվեյցարիայի Դաշնային խորհրդին մեկ տարվա ընթացքում հրավիրել միջազգային խաղաղության համաժողով։ Համաժողովի նպատակն է՝ միջազգային վերահսկողության ներքո կամ համապատասխան գլոբալ դերակատարների ներկայությամբ կազմակերպել բանակցություններ՝ Լեռնային Ղարաբաղի պատմական բնակչություն կազմող հայերի անվտանգ և համախմբված վերադարձի շուրջ։

Բրիտանացի պատգամավորները հանդես են եկել Միջկրոնական և համոզմունքի ազատության հարցերով Խորհրդարանական միջկուսակցական խմբի անունից։ Ավելի քան 110 բրիտանացի պատգամավորի անունից հնչեցրած հայտարարության մեջ ողջունվում է Շվեյցարիայի նախաձեռնությունը՝ ստեղծելու միջազգային խաղաղության հարթակ, որը Ադրբեջանի և Արցախի բռնի տեղահանված հայ բնակչության միջև կառուցողական երկխոսության հնարավորություն կտա։

Նրանք շեշտել են հայ գաղթականների վերադարձի իրավունքի վերականգնման, մարդու հիմնական իրավունքների, այդ թվում՝ կրոնի ազատության պաշտպանության, հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման կարևորությունը։

«Լեռնային Ղարաբաղում բոլոր համայնքների անվտանգության, արժանապատվության և կայունության վերականգնումը չափազանց կարևոր է՝ ոչ միայն հումանիտար նկատառումներից ելնելով, այլև մի տարածաշրջանում, որը գնալով մեծացող աշխարհաքաղաքական և տնտեսական նշանակություն ունի»,- նշվում է հայտարարության մեջ։

Շվեյցարական նախաձեռնության իրագործումը խթանելու նպատակով 2025թ. մայիսի 26-ին Բեռնում ստեղծվել է միջկուսակցական խորհրդարանական հանձնաժողով՝ բաղկացած 19 շվեյցարացի պատգամավորից։ Այս մարմինը հանձնառու է աջակցել այն միջազգային մեխանիզմներին, որոնք անհրաժեշտ են Շվեյցարիայի խորհրդարանի իրավաբանական ուժ ունեցող որոշման նպատակների իրագործման համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում