Փաշինյան-Էրդողան հանդիպման ժամանակ կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու ուղիղ կապերն ու երկխոսությունը․ այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից։
Հունիսի 20-ին Ստամբուլում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծեցին կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ինչպես նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ։
«Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործընթացին և շեշտել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականության շարունակականության իր հանձնառությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Փաշինյանն ու Էրդողանն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։
Հայաստանի պատվիրակության կազմը բաղկացած էր ընդհանուր 12 հոգուց, որի մեջ են մտնում նաև՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱԳՆ փոխնախարար Վահան Կոստանյանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, պետական պահպանության ծառայության պետ Արթուր Գասպարյանը։
Civilnet











