ԱՄՆ զինված ուժերի կողմից կիրակի առավոտյան Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա հարձակվելուց հետո միջազգային արձագանքները տարբեր եղան։ Reuters-ը ի մի է բերել այդ արձագանքները։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նախապես ձայնագրված հայտարարությունը.
«Շնորհավորում եմ նախագահ Թրամփին։ Ձեր խիզախ որոշումը՝ հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի ահռելի և արդար ուժով, կփոխի պատմությունը։ Պատմությունը կարձանագրի, որ նախագահ Թրամփը գործեց՝ զրկելու աշխարհի ամենավտանգավոր ռեժիմին աշխարհի ամենավտանգավոր զենքերից»։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի (X սոցիալական ցանցում).
«ԱՄՆ-ը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամը, խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքն ու Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը՝ հարվածելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտներին։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները ցնցող են և կունենան երկարատև հետևանքներ։ ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ պետք է խորապես մտահոգված լինի այս չափազանց վտանգավոր, ապօրինի և հանցավոր վարքագծի առիթով։ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ Իրանը իրեն վերապահում է ինքնապաշտպանության բոլոր միջոցները՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը, շահերն ու ժողովրդին»։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարությունը.
«Խորապես մտահոգված եմ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուժի կիրառմամբ։ Սա վտանգավոր սրացում է արդեն իսկ լարված տարածաշրջանում՝ ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղությանը։ Կա աճող վտանգ, որ այս հակամարտությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից՝ ողբերգական հետևանքներով։ Կոչ եմ անում ՄԱԿ-ի անդամ պետություններին նվազեցնել լարվածությունը և հավատարիմ մնալ միջազգային իրավունքի ու կանոնադրության դրույթներին։ Այս խիստ վտանգավոր պահին մենք պետք է խուսափենք քաոսի փակ շրջան մտնելուց։ Ռազմական լուծում չկա։ Միակ ելքը դիվանագիտությունն է։ Միակ հույսը՝ խաղաղությունը»։
Նոր Զելանդիայի արտգործնախարար Ուինսթոն Փիթերսի հայտարարությունը.
«Մերձավոր Արևելքում շարունակվող ռազմական գործողությունները խիստ մտահոգիչ են, և կարևոր է բացառել հետագա սրացումը։ Նոր Զելանդիան վճռականորեն աջակցում է դիվանագիտական ջանքերին և կոչ է անում բոլոր կողմերին վերադառնալ բանակցությունների սեղան։ Դիվանագիտությունն ավելի կայուն արդյունք կտա, քան ռազմական նոր քայլերը»։
Ավստրալիայի կառավարության խոսնակի հայտարարությունը.
«Մենք հստակ հայտարարել ենք, որ Իրանի միջուկային և հրթիռային ծրագիրը սպառնալիք է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։ Նշում ենք ԱՄՆ նախագահի խոսքերը, ըստ որոնց՝ այժմ խաղաղության ժամանակն է։ Տարածաշրջանում անվտանգության վիճակը ծայրահեղ անկայուն է։ Կոչ ենք անում նվազեցնել լարվածությունը և սկսել երկխոսություն»։
Մեքսիկայի արտգործնախարարությունը (X-ում).
«Նախարարությունը հրատապորեն կոչ է անում դիվանագիտական երկխոսության՝ Մերձավոր Արևելքի հակամարտության կողմերի միջև։ Համաձայն Մեքսիկայի արտաքին քաղաքականության սահմանադրական սկզբունքների և խաղաղության մեր երկրի հանձնառության՝ վերահաստատում ենք տարածաշրջանում լարվածության նվազեցման կոչը։ Տարածաշրջանի պետությունների միջև խաղաղ համակեցության վերականգնումը առաջնահերթություն է»։
Վենեսուելայի արտգործնախարար Իվան Գիլի հայտարարությունը (Տելեգրամում).
«Վենեսուելան դատապարտում է ԱՄՆ-ի ռազմական ագրեսիան Իրանի դեմ և պահանջում անհապաղ դադարեցնել թշնամական գործողությունները։ Բոլիվարյան Վենեսուելայի Հանրապետությունը վճռականորեն դատապարտում է ԱՄՆ-ի կողմից, Իսրայելի պահանջով, իրականացված ռմբակոծությունը Իրանի միջուկային օբյեկտների՝ Ֆորդոուի, Նաթանզի և Սպահանի վրա»։
Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելի գրառումը (X-ում).
«Խստորեն դատապարտում ենք ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծումը, որը վտանգավոր սրացում է Մերձավոր Արևելքում։ Այս ագրեսիան լուրջ խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքը և մարդկությանը մղում է անդառնալի հետևանքներով ճգնաժամի»։
Տե՛ս նաև՝
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի հիմնական միջուկային օբյեկտները
Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպությունն արձագանքել է ԱՄՆ հարվածներին, մեղադրել նաև Մագատէ-ին
Իրանն իրեն իրավունք է վերապահում «ինքնապաշտպանության բոլոր միջոցների». Արաղչի
Civilnet











