Իրանը, ԱՄՆ-ի կողմից իր միջուկային օբյեկտների վրա հարձակումից հետո, իրեն իրավունք է վերապահում «ինքնապաշտպանության բոլոր միջոցների», հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
X-ում արած գրառմամբ Իրանի արտգործնախարարը նշել է, որ ԱՄՆ-ն, լինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպիտ կերպով խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքն ու Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։
«Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ։ ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ պետք է լրջորեն մտահոգված լինի այս չափազանց վտանգավոր, ապօրինի և հանցավոր վարքագծով»,– գրել է Արաղչին։
«ՄԱԿ-ի կանոնադրության և դրա ինքնապաշտպանության իրավացի արձագանք թույլատրող դրույթների համաձայն՝ Իրանն իրեն իրավունք է վերապահում դիմելու իր ինքնիշխանությունը, շահերն ու ժողովրդին պաշտպանելու բոլոր միջոցներին»,- ընդգծել է նախարարը։
Տե՛ս նաև՝
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի հիմնական միջուկային օբյեկտները
Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպությունն արձագանքել է ԱՄՆ հարվածներին, մեղադրել նաև Մագատէ-ին
Civilnet











