Հոկտեմբերի 1-2-ը Երևանում կանցկացվի Արևելյան գործընկերության փաստեր ստուգողների ամենամյա չորրորդ՝ Unveil the Truth համաժողովը, որը կազմակերպում են Myth Detector-ը և Deutsche Welle ակադեմիան՝ CivilNet-ի գործընկերությամբ։
Համաժողովը կհամախմբի Արևելյան գործընկերության տարածաշրջանից և այլ երկրներից փաստեր ստուգողների, լրագրողների, հետազոտողների, քաղաքականություն մշակողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և տեխնոլոգիական ոլորտի փորձագետների։
Այս տարվա համաժողովը կրում է «Ո՞վ է ձևավորում իրականությունը. ժողովրդավարական դիմակայունությունը ԱԲ-ի և տեղեկատվական ավտոկրատիայի դարաշրջանում» խորագիրը։ Այն կանդրադառնա տեղեկատվության արժանահավատության և ժողովրդավարական դիմակայունության հարաճուն մարտահրավերներին օրեցօր բարդացող տեղեկատվական միջավայրում, որը ձևավորվում է արհեստական բանականության, տեղեկատվական մանիպուլյացիաների և ավտորիտար ազդեցության ներքո։
Պանելային քննարկումներին և գործնական աշխատարաններին կմասնակցի 39 բանախոս՝ 15 երկրից։
Ծրագրում նախատեսված է Ջորջթաունի համալսարանի դոկտոր Վիվիան Ս. Ուոքերի հիմնական ելույթը, ինչպես նաև քննարկումներ և աշխատարաններ տարածաշրջանային ու միջազգային փորձագետների մասնակցությամբ։
Ծրագրի շրջանակում կքննարկվեն այսօրվա տեղեկատվական միջավայրի և ժողովրդավարական հասարակությունների առջև ծառացած ամենահրատապ մարտահրավերներից մի քանիսը, այդ թվում՝ ընտրություններին առնչվող ապատեղեկատվությունն ու արտաքին միջամտությունը, FIMI-ն և Ռուսաստանի ազդեցության մեթոդները, հիբրիդային և ավտոկրատական սպառնալիքները, անկախ լրագրության անվտանգությունն ու կայունությունը, գենդերային հետընթացն ու ինքնության հիմքով ապատեղեկատվությունը, սինթետիկ մեդիան և ԱԲ-ով ստեղծված բովանդակության ստուգումը, փակ հարթակները, թվային ինքնիշխանությունն ու տեղեկատվության վերահսկողությունը, ինչպես նաև հարթակների ալգորիթմների և մոնետիզացիայի դերը տեղեկատվության ձևավորման, բևեռացման և ժողովրդավարական դիմակայունության վրա։
«Առաջին երկու համաժողովները Թբիլիսիում անցկացնելուց հետո անցյալ տարի Unveil the Truth-ը տեղափոխեցինք Մոլդովայի մայրաքաղաք Քիշնև, իսկ այս տարի հանդիպում ենք այստեղ՝ Երևանում։ Մեզ համար կարևոր է համաժողովն անցկացնել Արևելյան գործընկերության տարբեր երկրներում։ Դա հնարավորություն է տալիս աշխատելու տարբեր համայնքների հետ, քննարկումներում ներգրավելու նոր դերակատարների, հասկանալու, թե ընդհանուր մարտահրավերներն ինչպես են դրսևորվում տարբեր ազգային համատեքստերում և գիտելիքի, փորձի ու գործնական լուծումների փոխանակման միջոցով ամրապնդելու ժողովրդավարական դիմակայունությունը»,- ասել է Media Development Foundation-ի գործադիր տնօրեն և Myth Detector-ի գլխավոր խմբագիր Թամար Կինծուրաշվիլին։
Unveil the Truth համաժողովը Myth Detector-ը և DW Akademie-ն կազմակերպում են չորրորդ տարին անընդմեջ։ Այս տարի այն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում։ Նախորդ երեք համաժողովների ընթացքում միջոցառումը համախմբել է ավելի քան 108 բանախոսի՝ 21 պանելային քննարկումների և աշխատարանների շրջանակում, ինչպես նաև ավելի քան 300 մասնակցի։
Վայրը և լեզուն. Համաժողովը տեղի կունենա «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ Համաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է։ Կապահովվի հայերեն թարգմանություն։
Ամբողջական ծրագրին և մանրամասներին կարող եք ծանոթանալ www.unveilthetruth.org կայքում։
CivilNetCheck
Civilnet











