Հունիսի 23-ին ձերբակալվել է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, նրա եղբայրը և ևս երկու անձ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման կասկածանքով, հայտնում է Քննչական կոմիտեն։
Քննչական մարմինը հայտնել է, որ գործով կա ևս մեկ ձերբակալման որոշում, սակայն քրեական գործի մանրամասները դեռևս չեն հրապարակվում։
Սամվել Դարբինյանը Վանաձորը ղեկավարել է 1999-2016-ը: Նրա դեմ նախկինում մի շարք քրեական գործեր են հարուցվել, սակայն դրանցից ոչ մեկով նա չի կրել պատիժ։ Որոշ գործեր կարճվել են նախաքննության փուլում, մյուսներն էլ՝ վաղեմության հիմքով դատարանում։
2023-ի հոկտեմբերին դատախազությունը Ապօրինի գույքի բռնագանձման հայց է ներկայացրել Դարբինյանի նկատմամբ։ Գործը դեռ ընթացքի մեջ է, իսկ վերջին դատական նիստը կայացել է երեք օր առաջ։ Դատական տեղեկատվական համակարգում գործի մանրամասներ հասանելի չեն։
Civilnet











