Իսրայելն այսօր հայտարարել է, որ Իրանից արձակված հրթիռների նոր ալիքներ են գրանցվել, ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե Վաշինգտոնը և Թեհրանը պայմանավորվել են հրադադարի շուրջ:
Ըստ Reuters-ի, Իսրայելի բանակը հայտնել է, որ Թեհրանից արձակվել է շուրջ 50 հրթիռ՝ ուղղված դեպի իր տարածքը, որոնք մեծ մասամբ վնասազերծվել են «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից: Վնասների կամ զոհերի մասին տվյալներ չեն հաղորդվել։
Թրամփը, որը երեկ ուշ երեկոյան հայտարարել էր, թե երկու կողմերը պայմանավորվել են դադարեցնել ռազմական գործողությունները, առայժմ չի արձագանքել հրթիռակոծության նոր ալիքներին։
Թեհրանը հերքել է հարձակման նախաձեռնությունը՝ պնդելով, որ կրակի տակ է հայտնվել իր դիվանագիտական ներկայացուցչությունը Դամասկոսում։
Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է․ «Մենք միշտ պահպանել ենք պաշտպանական բնույթի մոտեցում։ Եթե Իսրայելը նորից խախտի մեր սահմանները, պատասխանը կտրուկ կլինի»։
Իրանը, մինչ այս, հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կողմից իր միջուկային օբյեկտների դեմ իրականացված հարձակումը միջազգային իրավունքի խախտում է։ Այնուհանդերձ, Թրամփը պնդել է, որ հարվածները՝ ուղղված Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող օբյեկտներին, եղել են «անհրաժեշտ և զգուշավոր»։ (Շաբաթ օրը ԱՄՆ օդային հարվածներ էր հասցրել այս քաղաքներում գտնվող Իրանի միջուկային օբյեկտներին):
Միացյալ Նահանգները հաստատել է, որ հարվածները չեն շարունակվի, եթե Իրանն իրենց խոստացածի պես դադարեցնի ուրանի հարստացման գործունեությունը և հարձակումը ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցների դեմ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած արտահերթ նիստում մի շարք երկրներ կոչ են արել զսպվածության, սակայն ԱՄՆ-ն ու Իրանը միմյանց մեղադրել են էսկալացիայի համար։
Ռուսաստանն ու Չինաստանը քննադատել են ԱՄՆ-ին՝ նշելով, որ հարվածները կարող են ապակայունացնել Մերձավոր Արևելքը։ Եվրամիությունը և ՄԱԿ-ը կոչ են արել վերսկսել դիվանագիտական գործընթացը։
Իսրայելը հայտարարել է, որ շարունակում է մնալ բարձր պատրաստվածության ռեժիմում՝ հավանական նոր հարձակումների դեպքում։
Civilnet











