Հրադադարն ուժի մեջ է, խնդրում եմ՝ չխախտել այն. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր՝ հունիսի 24-ին, հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադար է հաստատվել և կոչ է արել կողմերին չխախտել այն:
«Հրադադարն ուժի մեջ է, խնդրում եմ՝ չխախտել այն»- գրել է Թրամփը Truth Social-ում։
Հունիսի 23-ին Թրամփը հայտարարել էր, այսպես կոչված, ամբողջական հրադադարի՝ 12-օրյա պատերազմի ավարտի մասին, ակնարկելով, որ Իսրայելի և Իրանի զորքերը կունենան ժամանակ իրենց ընթացիկ առաքելություններն ավարտելու համար, և միայն դրանից հետո հրադադարը կսկսի ուժի մեջ մտնել։
Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Թրամփը հրադադարի մասին համաձայնագիր է ձեռք բերել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում։ Ըստ պաշտոնյայի՝ Իսրայելը համաձայնել է դադարեցնել հարվածները, եթե Իրանը այլևս հարձակումներ չիրականացնի։
Իրանի ներկայացուցիչները նույնպես հաստատել են, որ իրենք համաձայն են հրադադարի։ Սակայն Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաքչին ասել է, որ Իրանը կդադարեցնի հարվածները միայն այն դեպքում, եթե Իսրայելը մինչև երեքշաբթի առավոտ դադարեցնի իր հարձակումները։ Նա հավելել է, որ Իրանը վերջնական որոշում կկայացնի՝ կախված Իսրայելի գործողություններից։
Մինչ այդ Իսրայելը, ԱՄՆ-ի աջակցությամբ, հարվածել էր Իրանի միջուկային օբյեկտներին՝ պնդելով, թե Թեհրանը փորձում է ստեղծել միջուկային զենք։ Իրանը հերքում է այդ պնդումները։
Քաթարի վարչապետը նույնպես մասնակցել է հրադադարի բանակցություններին։ ԱՄՆ-ի փոխնախագահ ՋեյԴի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Սթիվ Վիթկոֆը կապի մեջ են եղել Իրանի հետ՝ ուղղակի կամ անուղղակի։
Այս պահին թե՛ Իրանի ՄԱԿ-ի ներկայացուցչությունը, և թե՛ Իսրայելի դեսպանատունը Վաշինգտոնում հրաժարվել են մեկնաբանություններից։
Տեղադրություն
Civilnet










