Իրական պատերազմ, կեղծ «ապացույցներ». Ֆեյք տեսանյութեր Իրան-Իսրայել հակամարտությունից

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Lրատվամիջոցներում և սոցցանցերում հունիսի 23-ից տարածվում են տեսանյութեր, որոնք իբր պատկերում են ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, ինչպես նաև Իրանի կողմից հրթիռակոծության հետևանքները։
#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը բացահայտել է, որ այդ տեսանյութերից շատերը կեղծ են և որևէ առնչություն չունեն վերջին իրադարձությունների հետ։
Մարոկկոյից անձավը՝ Իրանի միջուկային օբյեկտի փոխարեն
Սոցցանցերում այս օրերին ակտիվորեն շրջանառվում է մի տեսանյութ, որը ներկայացվում է որպես Իրանի Ֆորդոյի միջուկային օբյեկտի դեմ ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանք։ Տեսանյութում մի քանի մարդ քարքարոտ լանջով իջնում են իբր ավիահարվածից առաջացած խոռոչ։
Մի շարք հայկական ֆեյսբուքյան էջեր տարածում ենտեսանյութը՝ պնդելով, թե այն ցույց է տալիս Իրանի Ֆորդոյի միջուկային օբյեկտը, որը ԱՄՆ հարվածից իբր «էական վնաս չի կրել»։

Իրականում տեսանյութը որևէ կապ չունի Իրանի միջուկային օբյեկտների հետ և առաջին անգամ հրապարակվել է TikTok հարթակում դեռ 2025-ի հունիսի 16-ին, այսինքն՝ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելուց օրեր առաջ։ Տեսանյութում հստակ լսվում է արաբերեն, ոչ թե պարսկերեն խոսակցություն։
Տեսանյութը հրապարակած օգտահաշվում առկա այլ տեսանյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նկարահանումներն արվել են Մարոկկոյում, որտեղ պաշտոնական լեզուն արաբերենն է։
Իրանի կողմից իսրայելական F-35 կործանիչի խոցման տեսանյութը կեղծ է
Lայնորեն տարածված մեկ այլ տեսանյութում, ըստ պնդումների, պատկերված է, թե ինչպես է Իրանի հակաօդային պաշտպանության համակարգը խոցում իսրայելական F-35 կործանիչը։ Տեսանյութը տարածվում է «Իրանի ՀՕՊ-ը խոցել է իսրայելական F-35 կործանիչ» վերնագրով։

Տասնյակ հազարավոր դիտումներ հավաքած այս տեսանյութում իրականում «Arma 3» համակարգչային խաղի կադրեր են, որոնք հրապարակվել են YouTube-ում մայիսի 18-ին։ Ավելին, խաղի տեսանյութում մոդելավորված է ոչ թե F-35, այլ ռուսական Սու-57 կործանիչ, որը խոցվում է վիրտուալ հակաօդային համակարգի կողմից։
«Arma 3»-ից վերցված նմանատիպ սիմուլյացիաները պարբերաբար օգտագործվում են ապատեղեկատվության տարածման համար։ Օրինակ՝ շաբաթներ առաջ նմանատիպ տեսանյութեր տարածվել էին՝ ցույց տալով, իբր թե ուկրաինական անօդաչուների հարվածները ռուսական ստրատեգիական ավիացիային։
Գազայի ավերակները՝ ներկայացված որպես «Իսրայելում ռմբակոծություններ»
Սոցցանցերի հայկական հատվածում լայնորեն տարածվող մեկ այլ տեսանյութում երևում է ավերված բնակելի թաղամաս, որը ներկայացվում է որպես Իրանի կողմից Իսրայելի տարածքին հասցված հարվածների հետևանք։
Ֆեյսբուքում այս տեսանյութերից մեկը հավաքել է ավելի քան 16 հազար հավանում, շուրջ երկու հազար մեկնաբանություն և 1,5 հազար տարածում։

Տեսանյութի հակադարձ որոնումը բացահայտել է, որ այն ամիսներ առաջ՝ 2025-ի մարտի 5-ին հրապարակվել է TikTok-ի օգտահաշիվներից մեկում՝ «Գազա» վերնագրով։ Նույն տեսանյութը հետագայում տարածվել է նաև Instagram-ում և այլ սոցցանցերում՝ հստակ նշումներով, որ այն ներկայացնում է Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածների հետևանքները։
@medoo0_o غزة?
♬ سكت - ريحان
Այսպիսով, տեսանյութը ցույց է տալիս ոչ թե Իրանի կողմից Իսրայելին, այլ Իսրայելի կողմից Գազային հարվածների հետևանքները։ Ավելի վաղ #CivilnetCheck-ը ստուգել էր համացանցում այլ տեսանյութեր, որոնք ներկայացվում էին որպես ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցված հարվածի իրական կադրեր։
Տես՝ ԱՄՆ-Իրան. տարածված տեսանյութերը չեն պատկերում իրական հարվածները
Այսպիսով, հունիսի 23-ին Իրանի միջուկային օբյեկտների դեմ ամերիկյան և իսրայելական հարվածների մասին լուրերին ուղեկցող տեսանյութերի մի մասն իրականում այլ վայրերում և այլ ժամանակներում նկարահանված կադրեր են կամ վերցված են համակարգչային խաղերից։
CivilNetCheck
Civilnet










